ՀարցուԳԻՏԱփորձ

Երազը կկատարվի՞, թե՞ արդեն կատարվել է․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Ո՞ւմ հանդեպ պետք է հոգատար կլինենք, ո՞ւմ հանդեպ ենք գերխնամք տանում և ինչո՞ւ ենք մենք անհանգիստ ու լարված»։

Ճշմարտությունն իմանալու ժամանակն է․ ձին մուրազ չէ, եթե Ձեր բոլոր ատամներն էլ թափվեն՝ շատ գանձ չեք գտնի, դանակն էլ պարտադիր բաժանում, վեճ կամ կորուստ չի բերելու։

«Լավ ծածկվեք քնելուց և երազում չեք ընկնի։ Դու երազում ընկնում ես, որովհետև տեղդ հարմար չէ, կամ լավ ծածկված չես»։

Բարև, «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է այսօր պարզելու է՝ ինչո՞ւ ենք տեսնում երազներ։

***

Որոշ պատկերների վրա աչք փակել հնարավոր չէ։ Աչք փակելը հենց դրանք տեսնելու գլխավոր պայմանն է։ Զիգմունդ Ֆրոյդի տեսությանը վստահելու դեպքում դրանց համար պետք է շնորհակալ լինենք կամ մեղադրենք մեր թաքնված ցանկություններին, վախերին, ճնշված էմոցիաներին։ Այլ տեսաբաններ կարծում են՝ սրանք խնդիրների լուծման ճանապարհն են, պետք է ուշադիր լինել։ Ինչ էլ որ լինեն՝ կախարդական, հուզիչ, դրամատիկ, թե խաղաղ, ահասարսուռ, թե երջանկաբեր՝ դրանք հետապնդում են մարդուն անդադար։ Նույնիսկ, եթե երազում ենք երազն էլ չտեսնելու մասին։

Երազում մեր տեսածը անցյալ ապրումների պատկե՞րն է, թե՞ գալիքի մարգարեությունը, այն մեր խնդիրների արտացոլո՞ւմն է, թե՞ նոր խնդիրներ ունենալու հուշումը։ Ո՞ւր ենք ընկնում քնած ժամանակ, ինչո՞ւ է պատկերը հետապնդում մեզ։ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հացրերի մասին է։

«Մարդը եկավ ու ասաց, որ ինքը սարսափում է իր երազներից։ Ասում է՝ հաստատ իմ երազները կատարվում են, ես տեսել եմ այսինչ գույնը, այնինչ սուրը և ուրեմն մահ է լինելու։ Բնականաբար դա այդպես չէ։ Բայց մարդիկ ինչո՞ւ են վախենում։ Պատահականության սկզբունքով շատ համընկնումներ են լինում, բայց դրանց անունը, միևնույն է, շարունակում է «պատահականություն» մնալ։

Հոգեբան, հոգեթերապևտ, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անդամ Մարիամ Մեհրաբյանի աշխատասենյակում բազմաթիվ մարդիկ պատմում են՝ երազն իրենց վախեցնում, անհանգստացնում, մտահոգում է։ Հենց այստեղ գաղտնագրված հույզը՝ սիմվոլը, գաղտանզերծվում է ու օգնում հոգեբանին հասկանալ՝ ինչ է կատարվում մարդու կյանքում։

«Երազները մեր սիմվոլների աշխարհն են, որոնց միջոցով հոգեթերապիայի ընթացքում հնարավոր է լինում դուրս բերել շատ չհասկացվող երևույթների պատճառահետևանքային կապեր, օգնել մարդուն, որ հասկանա, բերել գիտակցման և ընդունման դաշտ, բացառապես իր ներսում կատարվողի, իր մտքերի ու սիմվոլների մեկնաբանմամբ լուծել այն խնդիրը, ինչը երկար ժամանակ նրան կարող էր հուզել»։

Երազին գերբնական ուժով օժտել պետք չէ՝ ասում է հոգեբանը։ Այն ոչ անցյալն է կրկնում, ոչ ապագան կանխատեսում։ Երազը մարդու մտքերի արտացոլումն է, ուղեղին անհանգստացնող հարցի գիշերային քննարկումը, արթուն կյանքում կաշկանդածը, չասածը, չարածը։

«Երազների մեջ արթմնի կյանքը շատ ավելի ուժեղ է, քան հենց արթուն ժամանակ։ Արթուն ժամանակ գիտակցությունը միացված է և շատ ռացիոնալ պրոցեսներով մենք շատ երևույթներ անտեսում ենք. տեսանք՝ չնկատելու ենք տալիս, դաստիարակությունը թույլ չի տալիս, որ արտահայտվենք, նկատենք, վիճենք, կռվենք, հայհոյենք և այդ ամենը ո՞ւր պիտի տեղափոխվի՝ երազի դաշտ»։

1899 թվականին Ֆրոյդը գրեց «Երազների մեկնաբանություն» աշխատությունը։ Դրանում նա զարգացրեց երազներ մեկանաբանելու հոգեբանական տեխնիկան և մշակեց դրանցում հանդիպող սիմվոլները հասկանալու ուղեցույցներ։ Սակայն այսօր էլ մասնագետները շարունակում են նոր մեթոդներ ուսումնասիրել՝ մարդու սիմվոլավորված կյանքն ավելի միանշանակ ճանաչելու համար․

«Երազի գիտական հիմնավորման մեկնաբանման հեղինակները, սկսած Յունգից, մեկնաբանելու համար շատ հաճախ են ստիպված եղել նոր մշակույթներ ուսումանասիրել։ Երազների գիտական մեկնաբանություններն արված են շատ խորը։ Իհարկե, միշտ զարգացման տեսլականը կա։ Մարդիկ ինչ են արել՝ գիտության մասայականություն տանելու փոխարեն կենցաղային երազահաններ են ստեղծել։ Բայց երազահանները և նույն սիմվոլները երազի մեկնաբանման տեխնիկայի մեջ շատ հաճախ տարբեր են և ուղղակի սիմվոլը ուղիղ մեկնաբանություն չունի։ Մարդը գա ասի՝ գիտեք, այսինչ բանը տեսել եմ, մահ է նշանակում, եթե նույնիսկ մարդ է տեսել։ Գիտական մեկնաբանման մեջ սկսում է այսպես՝ ո՞վ էր այդ մարդը, ի՞նչ նշանակություն ուներ նա քեզ համար, ձեր անցած ճանապարհը, ձեր հարաբերությունները, ձեր՝ իրար փոխանցած տեղեկույթը։ Երազահանը ասում է՝ մարդ=մահ, գիտական աշխատանքը ասում է՝ նշանակություն և բովանդակություն, տարբերությունը սա է»։

***

«Նա, ով հավատ չունի Աստծո վրա, նա նշան է փնտրում։ 18-րդ դարից հատկապես, երբ գործում էին նոր լուսավորիչները՝ իլյումինատորները, որոնք ամբողջ աշխարհայացքը դարձրին ռացիոյի վրա, այսինքն՝ միտքը, գիտակցականը դարձրին գերխնդիր և հոգևորը դրեցին մի կողմ, այդ ժամանակ էլ երևի սկսեցին առաջ գալ հոգեբանները, ժխտել հոգևոր տեսությունը։ Եվ, ինչ ասեմ, գույներով, երազի չգիտեմինչերով փորձում են բռնել մարդու հոգեբանական այդ պահը ու բժշկություն անել»։

Եկեղեցին բոլորի հետ պայքարելու խնդիր չունի, թող գործեն՝ ասում է Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը։ Բայց ասում է՝ հոգին խաղաղեցնելու, փրկելու համար երազների օգնությանն ապավինելը լավագույն ընտրությունը չէ։ Երազը հին կտակարանում էր հաճախ հիշատակվում․

«Օրինակ՝ Հովսեփը պետք է երազներ գուշակի, որ իրեն հաջողվի դառնալ Եգիպտոսի փարավոնի տեղակալը և հացով բավարարի հրեա ժողովրդին, որ պետք է փակվեին Եգիպտոսում։ Կամ կարող ենք խոսել Դանիել Մարգարեի մասին, որը նույնպես գուշակում է, թե ինչ է գրված երկնքում, Բաղդասար արքայի ժամանակ և թե ինչ պետք է լինի դրանից հետո։ Քրիստոսից մոտ 200 տարի առաջ Սիրակ Իմաստունը հանկարծ տալիս է մի լրիվ ուրիշ աշխարհայացք երազի վերաբերյալ և ասում է՝ երազ տեսնելը նույն է, թե հայելու մեջ դու ինքդ քեզ նայես, հետո հեռանում ու մոռանում ես և ասում է լավ չէ, որ մեր հույսը դնենք երազների վրա»։

Սակայն դրանից հետո էլ Նոր Կտակարանում դեռ հիշատակվում է երազը, իհարկե միայն Մաթեոսի Ավետարանի առաջին երկու գլուխներում․

«Այն էլ ինչի համար, որովհետև երբ Հովսեփը՝ նշանված Մարիամի հետ, տեսնում է, որ Մարիամը հղիացել է, բայց իրենք նշանված էին ընդամենը և քանի որ արդար մարդ էր, չուզեց խայտառակ անի իր կնոջը, ուղղակի լռելյայն մտածեց բաժանվել։ Այդ ժամանակ երազում եկավ հրեշտակն ու ասեց՝ Հովսեփ, այն երեխան, որ պիտի ծնվի, սուրբ հոգուց է, նրա անունը Հիսուս պետք է դրվի։ Դրանից հետո չկա էլ երազի մասին, նույնիսկ առաքելական թղթերում չկան, ընդհանրական, հայտնության գրքում»։

7-րդ դարում Անանյա Շիրակացին փորձեց երազին մեծ ուշադրություն դարձնողներին Աստվածաշնչին մոտեցնել։ Տեր Շահե քահանա Հայրապետյանը պատմում է՝ գրեց մի տեսություն, ասաց՝ երազ տեսնելուց հետո վերցրու այդ օրվա թիվը, քո անվան թիվը, առաջարկեց դրանց հետ մի քանի մաթեմատիկական գործողություն կատարել և ստացված թվի տակ թաքնված սաղմոսը կարդալ։

Այսօր եկեղեցու առաջարկն ավելի պարզ է՝ հոգու ու մտքի խաղաղության փնտրտուքները եկեղեցում՝ հաղորդությամբ արեք։

***

«Անձը միայնակ գլուխ կհանի երազից այն ժամանակ, եթե ունենա խորքային հոգեբանական գիտելիքներ, իսկ իմ դեպքում դա նշանակում է 800-ից ավելի ժամ սեփական անձի հետ աշխատանք՝ տարբեր թերապևտների հետ աշխատանք, տարբեր ուղղութունների հետ աշխատանք, գիտելիքներ։ Երազն ինքնին գիտական մեկնաբանության է արժանի, ոչ թե կենցաղային»։

Հոգին խիստ սուբյեկտիվ մի բան է։ Հոգեկան աշխարհն ուսումնասիրող գիտությունը ճշգրիտ համարելը փոքր ինչ բարդ է։ Բայց Մարիամ Մեհրաբյանն ասում է՝ դրա ճշգրտության ապացույցներից մեկն այն է, որ տարբեր հոգեբաններ միևնույն երազի սիմվոլներին հազվադեպ են տարբեր մեկնաբանություն տալիս։ Կրկնելիությունը գիտության կարևոր բնորոշիչներից է․

«Հոգեբանությունն այնքան է հենված մաթեմատիկական ճշգրտության վրա, այնքան քանակական վերլուծություններ կան արված, որից ծնվում են որակական վերլուծությունները։ Այս ինֆորմացիան այնքանով է ճշգրիտ, որքանով անկեղծ է մարդը։ Մեր ճշգրտությունը այցելուի անկեղծությունն է, կարող է ճանապարհից փոքր ինչ շեղում տա այն փաստը, որ անձը դեռ չի գիտակցում իր հետ կատարվողը։ Բոլոր ինֆորմացիաները պետք է մասնագետի կողմից բառացի ուշադրության արժանանան, ինքը չասի դանակ, դու գրանցես թուր, ինքը չասի ատամ, դու գրանցես ատամիկ, անգամ եթե ատամիկ է, պետք է մնա ատամիկ»։

Չլուծված խնդիրները, չպարզաբանված հարցերը, կիսատ, անավարտ մտքերը կրկնվող երազների պատճառ են դառնում։ Կրկնվող երազները՝ անհանգստության կամ ավելի հաճախ քնելու ցանկության, տագնապի կամ խաղաղության։ Բոլոր դեպքերում մարդը փորձում է պատասխան գտնել՝ փնտրելու վայրն ընտրելով ըստ ճաշակի, գիտելիքի, կրոնական համոզմունքների։

Երազահանները շրջանցեք՝ ասում են զրուցակիցներս։ Հոգու խաղաղության ճանապարհը Աստվածաշունչը վաղուց է տվել՝ ասում են հոգևորականները։ Զգույշ եղեք հոգեբան ընտրելիս, նրանք երազ տեսած հույզը ճշգրիտ տեսնելու ունակություն ունեն․ ինքնակոչներն այս դեպքում վտանգավոր են՝ ասում են հոգեբանները։

Back to top button