Երաժշտական եռանկյունի

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիայի ստեղծման և գործունեության պատմությունը․ «Երաժշտական եռանկյունի»

ՀՀ վաստակավոր արտիստ, «Սայաթ-Նովա» դպրոցի տնօրեն, դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ նախորդ զրույցները Հանրային ռադիոյի եթերում ստեղծեցին անհրաժեշտություն՝ երկու թողարկումներով անդրադառնալ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի ստեղծմանը և գործունեության պատմությանը, ինչպես նաև՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» աշխարհահռչակ երգչախմբի ֆենոմենին:

«Անկախության առաջին տարիներն էին, և երկրի համար ամենադժվարին պատմական շրջանում ես նախաձեռնեցի ասոցիացիայի հիմնադրումը:

Ասոցիացիան նպատակ ուներ զարգացնել մանկական խմբերգային արվեստը Հայաստանում, հայ մշակույթն աշխարհին հայտնի դարձնել, օժանդակել հայ խմբերգային արվեստի ներկայացուցիչների մերձեցմանը խմբերգային արվեստի միջազգային կառույցներին»,- ասում է Տիգրան Հեքեքյանը:

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան ստեղծվել է 1992 թ.-ին, Երևանում։ Ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։ Ասոցիացիայի կողմից հիմնադրվել և ակտիվ ստեղծագործական կյանք են վարում մի շարք երգչախմբեր Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ միջազգային մրցույթների դափնեկիր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (1992), «Հայաստանի ամենափոքրիկ երգիչներ» երգչախումբը (1994), Լոս-Անջելեսում «ՀՓԵ»-ի մասնաճյուղի մանկական երգչախումբը (1995), 50-ից ավել երգչախմբեր Երևանի հանրակրթական դպրոցներում (2000-2001 թթ.)։  

«ՀՓԵ» ասոցիացիան հիմնել, իրականացրել և պարբերաբար անցկացնում է մի շարք փառատոներ, մրցույթներ և մեծամասշտաբ միջոցառումներ Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ «ԱՇՏԱՐԱԿ-93» առաջին միջազգային երգչախմբային փառատոնը, «Երգող Հայաստան» մանկական երգչախմբերի հանրապետական մրցույթը (2001), «Երգ միասնության» փառատոնը (2004), «Միանանք Երգով» հայրենասիրական ակցիան և այլն։

Ասոցիացիան ապահովում է Հայաստանի մասնակցությունը միջազգային այնպիսի նախաձեռնություններին, ինչպես Աշխարհի հավաքական երգչախմբի աշխատանքները Փարիզում (1992), Հոնգ-Կոնգում, Գուանջոույում և Պեկինում (1999), Սևծովյան Տնտեսական Համագործակցության Երկրների Միջպառլամենտական Վեհաժողովի կազմակերպած «Ոսկե մակույկ» մանկապատանեկան միջազգային փառատոնը (2001 թ.), երգչախմբային արվեստի համաշխարհային տարբեր գիտաժողովներ, եվրոպական խոշոր փառատոներ (Շվեդիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ավստրալիա, Ֆրանսիա, Ավստրիա, ԱՄՆ)։

Նպաստում է ոչ միայն իր կազմում, այլև կազմից դուրս գործող երաժշտական համույթների արտասահմանյան համերգային ուղևորությունների իրականացմանը։ Ասոցիացիայի կազմում գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ երկու տասնամյակից ավել բուռն համերգային գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում, խոշոր միջազգային մրցույթներում նվաճել է 2 ոսկե, 4 արծաթե մեդալներ, մասնակցել հեղինակավոր փառատոների, 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին՝ Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել աշխարհի լավագույն մանկական երգչախումբ։

Հաղորդման ընթացքում հնչում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի տարբեր տարիների ձայնագրությունները:

Back to top button