

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Որքան Հայաստանի տնտեսական ցուցանիշերը հանքարդյունաբերության ոլորտի հաշվին աճում են, այաքան ավելի են լրջանում բնապահպանների մտահոգությունները մարդկանց առողջությանը եւ բնությանը հասցվող անդառնալի վնասների համար: Նրանք ընդգծում են այս դաշտը կարգավորող օրենքների թերի կողմերը` նաեւ դրանց վերագրելով առկա խնդիրները:
«Էկոլուր» կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն ընդգծում է` բնապահպանության նախարարությունը փորձում է հնարավորինս բացառել հանքերի շահագործման հետեւանքով շրջակա միջավայրին հասցվելիք վնասը: Նախարար Արամ Հարությունյանն առաջարկում է առաջնորդվել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով: Սակայն, ըստ նույն այդ օրենքի, այն տարածքում, որտեղի բույսերն ու կենդանական աշխարհի ներկայացուցիչները գրանցված են Կարմիր գրքում, ընդհանրապես չի թույլատրվում հանք շահագործել: Դուրս է գալիս, որ բնապահպանության նախարարությունն առաջնորդվում է օրենքի մի մասով` խախտելով նույն օրենքի մյուս կետը:
Օրենքների բացերի մասին սեփական դիտարկումներն ու համոզմունքն ունի նաեւ «Կանաչների» միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Նա պնդում է, որ հանքարդյունաբերողները պարտավոր են հարկեր եւ տուրքեր վճարել իրենց գործունեության հետեւանքով առաջացած թափոնների համար, որոնք լցվում են պոչամբարներ եւ ստեղծում մահաբեր լճեր: Հազարավոր տարիներ առաջ կուտակված պոչամբարն անգամ լուրջ սպառնալիք է մարդության համար, դրա համար հանքարդյունաբերության ծրագրի հետ մեկտեղ պետք է ներկայացնել նաև պոչամբարների ծրագիր:
«Պետք է հատուկ ծառայություն լինի, որը պարտավորվի մշտապես հետևել այդ պոչամբարներին անբարենպաստ կլիմայական պայմաններում և տեխնիկական միջադեպերի ժամանակ»,- ասաց Հակոբ Սանասարյանը:
Նա հիշեցնում է տարբեր ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց` հանքարդյունաբերական թափոնները 70-90%-ով նվազեցնում են հողի բերրիությունը, առաջացնում ամենատարբեր հիվանդություններ` անպտղությունից մինչեւ քաղցկեղ: Բաց վիճակում գտնվող պոչամբարներից առաջանում է ծծմբական թթու, որը հայտնվում է ջրում, տարածվում օդում եւ վնասում բնությանը: