Հայաստանում գործող 80 քոլեջներից հավատարմագրված է 22-ը
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը։ Հիմնադրամների ու քոլեջների ներկայացուցիչները քննարկել են հավատարմագրման գործընթացի խնդիրներն ու ազդեցությունը։
Հայաստանում գործող 80 քոլեջներից 22-ն է հավատարմագրվել ու համապատասխանում կրթության որակի ապահովման չափանիշներին։ Մինչև 2025 թ-ը ԿԳՄՍ նախարությունը նախատեսում է ավարտին հասցնել հավատարմագրման գործընթացը։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը միջին մասնագիտական հաստատությունների տնօրենների,գործարարների և կրթության որակի փորձագետների հետ քննարկում է գործընթացի խնդիրները։ Նպատակը՝ խթանել այս կառույցների երկխոսությունը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյան․ «Հավատարմագրումը բավականին փոփոխություն է առաջացնում քոլեջների ուսումնական պրոցեսում։ Նախ՝ նրանք որոշակի անկախություն և ինքնավարություն են ձեռք բերում։ Ասենք գործատուների հետ կարող են որոշել, թե որ մասնագիտություններ շուկայում պահանջարկ ունեն»։
Հավատարմագրման գործընթացը թույլ է տալիս ախտորոշել իրավիճակը ու ավելի լավ պատկերացում կազմել, թե տվյալ քոլեջն ինչ խնդիրներն ունի, որ մասնագիտություններն են առավել ակտուալ, ինչ նոր մասնագիտություններ պետք է ներառել և այլն։
«Օրինակ՝ վերլուծել, թե որքանով են միջին մասնագիտական կրթության ծրագրերը համադրվում բուհական ծրագրերի հետ։ Մենք օրինակ հավատարմագրման ընթացքում ի հայտ ենք բերում,որ որոշ մասնագիտությունների գծով խառնված է միջին մասնագիտական կրթական մակարդակը բարձրագույն կրթությանը։ Եվ ունենք նույնիսկ դեպքեր, երբ քոլեջներում կրթական ծրագրերը ավելի խորացված են, քան բուհական մակարդակում»,- ասում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Անդրեասյանը հավաստիացնում է, որ նախարարությունն իր հետագա աշխատանքներում հաշվի կառնի համաժողովի ընթացքում հնչած բոլոր կարևոր առաջարկները, շեշտում է՝ գործընթացը լինելու է ավելի թիրախային։
Որակի ապահովման ազգային կենտրոնի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը զբաղվում է ՄԿՈՒ հաստատությունների հավատարմագրման գործընթացի համակարգմամբ։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ներկայացրել է է գործընթացի կազմակերպման մանրամասները:
Արարատի պետական քոլեջն առաջիններից էր, որն ապահովեց որակի չափորոշիչներն ու հավատարմագրվեց 4 տարով։ Տնօրեն Էլլա Գասպարյան ասում է, որ հավատարմագրման գործընթացը միայն դրական ազդեցություն է ունեցել ուսումնական պրոցեսի վրա։
«Ուշադրություն է դարձվում մասնագիտական կրթական ծրագրերին,մարդկային ռեսուրսներին,տեխնիկական հագեցվածությանը և այլն։ Ու այդ ամեն ինչը մղեց նրան,որ մենք տարեցտարի կատարելագործվեցինք ու բարեհաջող անցանք հավատարմագրան փուլը»։
Քննարկման փուլում է մինչև 2030 թ Կրթության զարգացման պետական ծրագիրը, որտեղ առանձնահատուկ շեշտադրում կա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին և դրա կարևորությանը: Փաստաթղթում սահմանվել է հստակ թիրախ՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի հաստատությունների շրջանավարտների առնազն 90%-ը պետք է աշխատանք գտնի իր մասնագիտությամբ։