ԿարևորԿյանքին ասել այո՛

Ընկե՛ր Հասմիկ, տրաքել եմ, բայց ալարել եմ զոհվել․ Հայկ Անդիկյան․ «Կյանքին ասել այո՛»

Հայկը խոսել չի սիրում, մեր զրույցի ընթացքում ամեն երկրորդ բառից հետո Շիրակի մարզի իր հարազատ բարբառով պարտադիր հարցնում էր՝  է, հերիք չէ՞։ Նրա  մարզիչը՝ Հասմիկ Նալբանդյանը պատմում է, որ մարզումների ժամանակ էլ  Հայկը չափազանց հանգիստ ու լուռ է։ Ասում է՝ դինջ-դինջ հաղթում է։

«Մինչև զորակոչվելը կատակում էի՝ Հա՛յկ, դու ալարելու ես անգամ զոհվել, մինչև նայես աջ ու ձախ, գնդակը կողքովդ կանցնի։ Վիրավորվելուց հետո զանգել էր․ «Ընկե՛ր Հասմիկ, տրաքել եմ, բայց ալարել եմ զոհվել»,-պատմում է մարզիչը։

Հայկին որոշեցինք տեսագրել  «Դինամո» մարզադահլիճում ընթացող  Քիքբոքսինգի Հայաստանի առաջնության  «աղմուկ-աղաղակի» մեջ, որովհետև սովորաբար  այսպիսի «աղմուկ-աղաղակների» մեջ են ծնվում մեր հերոսի լուռ հաղթանակները։ Դրանցից մեկն էլ  Հայկը  կերտեց նշված առաջնությանը։ Քիքբոքսինգով նա զբաղվում է յոթ տարեկանից։ Ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 21-ին  Շիրակի մարզի  Անուշավան գյուղում։ Զորակոչվել է 2020-ի հունվարի 10-ին, ծառայել է Մատաղիսում, կռվել  Թալիշ-Մատաղիս հատվածում։  Մարտի դաշտում իր հերոսությունների մասին Հայկն իրեն հատուկ համեստությամբ դարձյալ  լռեց, փոխարենը դրանց մասին պատմեց մարզիչը՝ Հասմիկ Նալբանդյանը․

«Բեկորային վիրավորում ստանալուց  հետո Հայկը  մի ամբողջ գիշեր մնում է դիրքում։ Հետո ընկերներն են վիրավորվում, ինքը վիրավոր ոտքով՝ արյունաքամ լինելով, ընկերներին քարշ տալով մի կերպ տեղ է հասցնում՝ փրկելով նրանց կյանքը։ Մեկ այլ դրվագ․ դիրքում սննդի լուրջ խնդիր են ունենում։ Հայկը որևէ մեկին թույլ չի տալիս մոտենալ վտանգավոր հատվածում գտնվող թշնամու խոցված տանկին, որտեղից էր միայն հնարավոր սնունդ հայթհայթել։ Գնում է մենակ ու սնունդը հասցնում  զինակից ընկերներին»։

Վիրավորման արդյունքում Հայկի ոտքի ջիլն էր կտրվել։ Բուժման համար ինը հիվանդանոց է փոխել, արդյունքը վատ չէ, համենայն դեպս՝ սպորտին չի խանգարում։ Վիրավոր ոտքով  ծառայությունը հասցրել է ավարտին ու զորացրվել  2022-ի հունվարի տասին։

Back to top button