Սփյուռքի ձայնը

Հայրենսաիրություն չեն «պատվաստում», այլ՝ դաստիարակում են․ «Սփյուռքի ձայնը»

Շարունակում ենք անդրադառնալ հայրենադարձությանը։ Սփյուռքահայեր Նինա Մեհրաբյանը՝ Բելառուսից ու Հրաչյա Զատիկյանը Ուկրաինայից են տեղափոխվել Հայաստան։ Նրանք արդեն անցել են բազմաթիվ դժվարությունների միջով և այսօր Հաստատուն քայլերով փորձում են գնալ առաջ։ Որո՞նք են եղել խանգարող երևույթները տեղափոխության ճանապարհին, ի՞նչ դժվարություններ են ունեցել նրանք և արդյոք հաղթահարե՞լ են ամբողջությամբ։

Նինա Մեհրաբյանը, որը մոտ 8 տարի առաջ է եկել Հայաստան նշում է, որ յուրաքանչյուր դեկտեմբերի 1 իր համար տոն է։ Օրը, երբ տեղափոխվել է Հայաստան՝ իր համար նշելու առիթ է դառնում։ «Ընկերներս, հարազատներս գիտեն, որ այդ օրը իմ կյանքի կարևոր որոշում ընդունելու օրերից մեկն է եղել։ Միանում են ինձ և սիրով հիշում և նշում ենք այդ իրադարձությունը»,- ասում է Նինան։

Հրաչյա Զատիկյանը Ուկրաինայից է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ։ Նա այսօր ղեկավարում է «Թումանյան օնլայն» հայոց լեզվի առցանց դպրոցը։ Հրաչյան մոտ 3 տարի առաջ է եկել Հայաստան։ «Դեռ փոքրուց, կարծես թե, սպասում էի այն ժամանակաշրջանին, երբ ինքնուրույն որոշում կկայացնեի և կգայի Հայաստան»։ Հրաչյա Զատիկյանը դեռ Ուկրաինայում ապրելու տարիներին է համայնքային կյանքով ապրել, մասնակցել միջոցառումներին, անգամ աշխատանք ունեցել համայնքում։ «Տանը ունեինք մեծ գրադարան և ամեն անգամ բացելով հայ հեղինակների գրքերը՝ մտածում էի, որ իմ անելիքները Հայաստանում ավելի շատ են»,-ասում է ։

Նինան, որը ևս նշում է, որ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ սերն ու վերաբերմունքը փոխանցվել է ընտանիքից, վերհիշում է՝ հատկապես հոր վերաբերմունքը լեզվի նկատմամբ։ «Հայրս, երբ տուն էր գալիս և որևէ ժամանակ լսում էր օտար լեզվով զրույցներ, ասում էր․ «թուրքերեն մի խոսեք»։ Նրա համար, բացի հայերենից, ցանկացած այլ լեզու՝ «թուրքերեն էր»,- ասում է Նինան։

Նինա Մեհրաբյանը, որը, ի տարբերություն Հրաչյայի, ծնվել է Բելառուսում նշում է, որ Հայաստանում հաստատվելու ժամանակ բազմաթիվ խնդիրներ է ունեցել։ «Չունեի ոչ բնակարան, ոչ աշխատանք, լավ չեի տիրապետում լեզվին։ Բելառուսում էլ հայ ընկերներս ասում էին, որ ի՞նչ ես անելու այնտեղ, քեզ կսպանեն և այլն։ Գալով Հայաստան՝ նախ փորձեցի աշխատանք գտնել (իհարկե ցածր աշխատավարձով), ապա ծանոթություն և ամեն ինչ հունի մեջ ընկավ։ Կառավարման և մարկետինգի մասնագետ եմ։ Այսօր ունեմ աշխատանք, նաև դասավանդում եմ։ Նաև կարողանում եմ աշխատել դրսի համար։ Վարձատրությունս նաև դրսից է լինում»,- ասում է Նինան։

Երիտասարդ հայրենադարձները այսօր աշխատանք ունեն այստեղ, կարողացել են հարաբերություններ ստեղծել տարբեր ոլորտների այլ մասնագետների հետ։ Նշում են, որ մշակութային և այլ տարբերություններով հանդերձ, երջանիկ են և երբևէ չեն երկմտում իրենց կայացրած որոշման համար։

Back to top button