Թանգարանների ու պատկերասրահների հարստությունը միայն ցուցադրվող նմուշների մեջ չէ, ավելին՝ շատ բացառիկ արվեստի գործեր միշտ չէ, որ ցուցադրվում են։ Բայց դրանցով թանգարանները հպարտանում են։
Թանգարանների դերը գնահատվում է իր ֆոնդերում պահպանվող նմուշներով, դրանց խնամքն ու վերականգնումը կազմակերպելու կարողությամբ։ Եվ այստեղ կարևոր է թանգարանային գործի այն կազմակերպիչը, որը միշտ գտնվում է արվեստի այս հաստատությունների կուլիսներում։
Յուրաքանչյուր թանգարանի և պատկերասրահի նմուշների պահպանման կազմակերպման և անվտանգության ապահովման երաշխավորը ֆոնդապահն է: Չափազանց հետաքրքիր, յուրահատուկ, պատասխանատու, մեծ ուշադրություն պահանջող և սրտացավ աշխատանք, որը հնարավորություն է տալիս ամեն օր շփվելու արվեստի գործերի հետ:
Յուրաքանչյուր թանգարանի և պատկերասրահի կարևոր ու ակտիվ իրականացվող գործառույթներից են հավաքածուի հաճախակի համալրումները: Նախքան ֆոնդում իր տեղը գտնելը` յուրաքանչյուր նոր ցուցանմուշ ցուցակագրվում, մանրամասն ուսումնասիրվում, հաշվառվում, դասակարգվում, խնամքով պահպանվում և հետո միայն ցուցադրվում է։
Բանիմաց, կիրթ, հետաքրքրասեր, գրագետ, բազմակողմանի զարգացած ֆոնդապահները, մուտք գործելով արվեստի աշխարհ, ուսումնասիրում, պահպանում, դասակարգում և ղեկավարում են ֆոնդապահոցները՝ իրենց ողջ բազմազանությամբ և հսկայական քանակությամբ: Զրույց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանի հետ: