Սփյուռքի ձայնը

Արա Գյուլերի գործերը տեղ գտան երևանյան գողտրիկ անկյուններից մեկում բացված «ՃաշԱԿ» ռեստորանում․ «Սփյուռքի ձայնը»

Պոլսահայ գործարար Դայք Միրիջանյանը, որ Արա Գյուլերի կյանքի վերջին տարիներին նրա հետ մտերմություն, բարեկամություն և բազմաթիվ ճանապարհորդություններ է ունեցել, նշում է, որ մինչև վերջ Արա Գյուլերը սպասում և հավատում էր, որ հայրենիքում իր գործերը ներկայացնող մի անկյուն կունենա, ինչը, սակայն, չիրականացավ որևէ կառավարության ժամանակ:

Դայք Միրիջանյանն այդ բացը լրացրեց՝ Երևանում ռեստորան բացելով, որտեղ ներկայացնում է նաև իր ընկերոջը՝ աշխարհահռչակ ֆոտոլրագրող Արա Գյուլերին: «Ճաշ-ը Ստամբուլում հայտնի է բոլորին, պոլսեցիները ևս գիտեն հայկական մշակույթն ու ճաշացանկը, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մի հայ ծանոթ ունի»,- ասում է Դայք Միրիջանյանը:

Չորրորդ մշակութային ու ռեստորանային համալիրը պետք է հիմնեինք Հայաստանում. հայրենիքն է, այստեղ յուրաքանչյուր սփյուռքահայ պետք է իր գործը սկսի՝ համոզված ասում է պոլսահայ գործարարը: «Սիրիահայերի, լիբանանահայերի խոհանոցին ու մշակույթին ծանոթ են Հայաստանում, պոլսահայ մշակույթն ու խոհանոցը՝ քիչ անծանոթ էր, անհրաժեշտ է մեր ծանոթությունը զարգացնել ու ընդլայնել»,- ավելացնում է:

2020 թվականին բացված «ՃաշԱԿը» մշակութային երեկոներ անցկացնելու նպատակներ ունի: Դրանք, ըստ Դայք Միրիջանյանի, բացահայտելու են պոլսահայ գործիչներին: Դայք Միրիջանյանը նշում է, որ սփյուռքահայերին հաճախ է խորհուրդ տալիս հայրենիքում աշխատանքներ սկսել:

«Ներդրողները Հայաստանի կառավարությունից փոքրիկ, շատ փոքրիկ աջակցություն ու ներկայություն են ակնկալում: Օրինակ, երբ Հայաստան էինք տեղափոխում ռեստորանային սպասքը և այլն, մաքսատուրքերի հետ կապված շատ հարցեր ծագեցին: Նման դեպքեր գրանցելուց հետո՝ մի քիչ սրտնեղվում էինք, սակայն, ի վերջո գիտակցում, որ յուրաքանչյուր երկրում ներդրում անելիս կարող են նման խնդիրներ առաջանալ: Այնպես որ, պետք է գալ ու աշխատել այստեղ»,- վստահ ասում է գործարարը:

Դայք Միրիջանյանը, որ մինչ ռեստորանային ոլորտում հմտանալը կաշվեգործությամբ է զբաղվել, նշում է, որ Հայաստանում կան հնարավորություններ այս դաշտում հաջողություններ ունենալու համար: Պետք է պարզապես պայմաններ և միջոցներ ստեղծել: Պոլսահայ գործարարի գլխավոր նպատակն ու երազանքը՝ հայկական (պոլսահայ, լիբանանահայ, սիրիահայ և այլն) խոհանոցի մասին գիրք կազմելն է: Ասում է, որ ագրոոլորտում ևս մենք ունենք շատ հարուստ ասելիք, որին ևս պետք է անդրադառնալ, հակառակ դեպքում, տարիների ընթացքում այն մեզանից կվերցնեն:

Մենք մեզ հետ խոսելու փոխարեն, պետք է խոսենք աշխարհի հետ ու աշխարհի լեզվով: Ստեղծենք նման գրականություն, թարգմանենք ու ներկայացնենք աշխարհին, ասում է աշխարհի հետ իր ֆոտոխցիկով աշխարհի լեզվով խոսող Գյուլերի ընկերը: Հետաքրքիր այլ մասնրամասներ հաղորդման ընթացքում:

Back to top button