Սփյուռքի ձայնը

Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո հայկական Սփյուռքն ավելի ամուր պետք է դառնա․ «Սփյուռքի ձայնը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո ի՞նչ սպասել և ո՞ր ուղղությամբ շարունակել աշխատանքը:

ԱՄՆ –ի «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը նշում է, որ մի քանի գործոն խթան դարձան՝ Ջո Բայդենի հայանպաստ ելույթի համար: «Վերջին տարիներին սրվել են Թուրքիա –Ամերիկա հարաբերությունները: Երկրորդ. Թուրքիան Ս-400 հրթիռներ գնեց Ռուսաստանից՝ խախտելով ՆԱՏՕ-ի սկզբունքները, երրորդ. փոխնախագահ և սենատոր եղած ժամանակներից Բայդենը համակրանք չուներ Էրդողանի նկատմամբ՝ համարելով նրան դիկտատոր, չորրորդ. Բայդենը մարդու իրավունքների աջակից իրեն համարելով՝ Հայոց ցեղասպոնությունն այդ սկզբունքներից մեկը համարեց: Հաջորդ կարևոր հանգամանքը. նախորդ տարվա ընտրարշավի ժամանակ Բայդենը հայ համայնքին խոստացել էր ճանաչել հայերի ցեղասպանությունը: Եվ վերջապես, հայկական լոբբիստական աշխատանքների արդյունքն էր Բայդենի ճանաչումը»,- նշում է Հարութ Սասունյանը:

Խոսելով ցեղասպանությունը օրենքով ընդունելու մասին, Հարութ Սասունյանը նշում է, որ արդեն 1951 թվականին ԱՄՆ նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց քանի որ հայկական լոբբինգ չկար, ապա այդ մասին տեղեկություններ ևս չկային: 1975 թվականին Կոնգրոսի ներկայացուցիցչների տունը ընդունել է բանաձև՝ ճանաչելով ցեղասպանությունը, ավելացնում է նա:Նույն պալատը 1984 թվականին նորից ճանաչեց հայոց ցեղասպանությունը , իսկ 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանը նախագահական հռչակագիր ստորագրեց՝ նշելով Հայոց ցեղասպանություն եզրաբառը: Եվ 2019-թվականին Ներկայացուցիչների տունը և Սենատը ևս ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը:

Հարութ Սասունյանը համոզված է, որ այսօր պետք չէ սպասել ԱՄՆ-ում օրենքի ուժով ցեղասպանությունը ճանաչելուն: Պահանջատիրության համար յուրաքանչյուր հայ Հայաստանում և որևէ երկրում կարող է հայց ներկայացնել տեղական դատարան և պահանջել պապերի կալվածքները: «Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ պահանջատիրության իրագործում չէ: Մեր կալվածքների, սեփականությունների և ունեցվածքի պահանջով պետք է դիմել տեղական դատարաններ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ ՀՀ-ը՝ միջազգային դատարան, ինչը սակայն չի արվում»,- ցավով նշում է նա:

Ի դեպ, Հարութ Սասունյանը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին ուղղված հայակական շրջանակների շնորհավորանքների մասին հետևյալը նշեց. «Սա այն հարցն էր, որի շուրջ համախմբվել էր հայությունը, և որը տարաձայնություններ չառաջացրեց: Շնորհակալական նամակներ են ուղարկվել Սպիտակ տուն, հայության երախտագիտության խոսքերն են տպագրվել ամերիկյան մամուլում»,- ավելացնում է Հարութ Սասունյանը:

Ի՞նչ ազդեցություն կունենա Հայոց ցեղասպանության ճանաչումը հայության վրա, ամերիկաբնակ երիտասարդ իրավաբան Մովսես Ալաջաջյանը նշում է. «Գուցե ցեղասպանության ճանաչումը լավ անդրադարձ ունենա հատկապես Թուրքիայի վրա, քանի որ այդ երկիրը կմաքրագործվի ՝ ընդունելով իր մեղքերը՝ դառնալով առաջադեմ երկիր»։

Հարցին, թե համաշխարհային ճանաչումից հետո ինչպիսին կլինի հայկական Սփյուռքը, Մովսես Ալաջաջյանն ասում է. «Հատկապես այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումը կմիավորի ու կամրապնդի սփյուռքը»։

Back to top button