ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս «պատժել» խորհրդարան չեկող պաշտոնյաներին

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում  է խորհրդարանի քննիչ   հանձնաժողովի հետ ոչ պատշաճ համագործակցող պաշտոնյաների նկատմամբ ավելի խիստ դիրքորոշում որդեգրել՝ խորհրդարան հրավիրված, բայց չներկայացած Կառավարության անդամին անվստահության  հայտնելու ու նրա պաշտոնավարման հարցը բարձրացնելու հնարավորություն տալ հանձնաժողովին։ Առաջարկն այսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում։

«Քանի որ քննիչ հանձնաժողովը հիմնականում գործիք է ընդդիմության համար, և դրա աշխատանքին կարող են խոչընդոտել պետական առանձին մարմիններ՝ չցանկանալով ներկայանալ և լիարժեք աշխատանքի հնարավորություն տալ ընդդիմությանը, այս նախագիծն առաջարկել ենք, որ ուժեղացնենք քննիչ հանձնաժողովների լիազորությունները»—քննարկմանը նշեց Սերգեյ Բագրատյանը։

Քննիչ հանձնաժողովները ստեղծվում են պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով հանրային հետաքրքրության հարցերի ուսումնասիրության համար, կարող են պետական մարմիններից պահանջել և ստանալ  ուսումնասիրվող ոլորտին  վերաբերող տեղեկություններ,  հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց:

Բագրատյանն օրինակ է բերում․ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցումներին պետական մարմինները պատշաճ չեն պատասխանել, հանձնաժողովի նիստերին մասնակցելու հրավերին   պաշտոնյաներից շատերը չեն արձագանքել, ինչի հետևանքով հանձնաժողովի աշխատանքը  ձախողվել է։  Այս հանձնաժողովը նախագահում էր Բագրատյանը, այն ստեղծվել էր ԲՀԿ-ի նախաձեռնությամբ, եզրափակիչ զեկույցի քննարկմանը խորհրդարանական մեծամասնությունը դժգոհ էր արդյունքներից։

«Քննիչ հանձնաժողովների նիստերին բազմիցս հրավիրել ենք նախարարների, որոնք  տարբեր պատճառաբանություններով չեն եկել։ Վերջին անգամ ստիպված եմ եղել տարբեր ձևերով ապացուցել՝ էլ գրավոր, էլ բանավոր դիմումներ, էլ զանգեր։ Էս պահին ում էլ հրավիրեք, չի գալու։ Էս գլխից ասում եմ։ Թող Քովիդի հանձնաժողովը սկսի աշխատել, կտեսնեք։ Ինչպես ասում են՝ տառապանքս փորձ ունի»-բացատրում է պատգամավորը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝  առաջարկը կիսամիջոց է, ամբողջությամբ չի լուծում քննիչ հանձնաժողովների դերը բարձրացնելու խնդիրը։

«Կանոնակարգումը վերաբերում է միայն քննիչ հանձնաժողովին, բայց նախարարը կարող է չներկայանալ նաև այլ հանձնաժողովների նիստերին։ Եթե նման ինստիտուտ ենք նախատեսում, ապա պետք է նախատեսենք բոլոր մարմինների  համար»- նկատել է Վարդանյանը։

Հանձնաժողովի նախագահն այլ վերապահում էլ ունի․ Կառավարության անդամին անվստահություն հայտնելու իրավունք ունեն խմբակցությունները, որոնք իրենք  կարող են նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Նույն առարկություններով նախագծին դեմ է նաև կառավարությունը։ Սերգեյ Բագրատյանի առաջարկը  հանձնաժողովում դրական եզրակացություն չի ստացել․ օրակարգում ընդգրկվել-չընդգրկվելու հարցը կլուծվի լիագումար նիստերի ժամանակ։

Հրապարակե՞լ դատավորների թեկնածուների բարեվարքության եզրակացությունները

Հանձնաժողովի եզրակացությունը բացասական էր նաև ԼՀԿ-ի հեղինակած նախագծի վերաբերյալ։  Խմբակցությունն առաջարկում է հրապարակային դարձնել դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  եզրակացությունները։  Գործող օրենքով դրանք թեև տրամադրվում են պատգամավորներին, բայց  ենթակա չեն հրապարկման։

 «Վերջերս ԱԺ-ի քվեարկությամբ  հանրային պաշտոնյա դարձավ մի մարդ, որի մասին ԿԿՀ եզրակացությունը շատ բացասական էր։ Սա ոչ միայն անվստահություն է ստեղծում այդ պաշտոնյայի նկատմամբ, այլ նաև այն խորհրդարանի, որն ընտրել է այդ պաշտոնյային», — քննարկմանը նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Կառավարությունը վերլուծել է միջազգային փորձը, դատական պրակտիկան և եզրակացրել՝ դատավորների բարեվարքության ստուգման արդյունքները  չհրապարակելը բխում է վերջինների  անկախությանը և հեղինակությանը չվնասելու անհրաժեշտությունից։ Կա  նաև թեկնածուների մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունները պաշտպանելու անհրաժեշտություն՝ քննարկմանը նշեց արդարադատության փոխնախարարը։ 

ԼՀԿ-ի նախագիծը ևս դրական եզրակացություն չստացավ։

Վիրավորանքի համար 3, զրպարտության համար 6 միլիոն փոխհատուցում

Կառավարությունն առարկություն ուներ, բայց հանձնաժողովն այն հաշվի չառավ մեկ այլ նախագծի քննարկման ժամանակ։ Քաղաքացիական օրենսգրքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկած փոփոխություններով  նախատեսվում է մի քանի անգամ ավելացնել զրպարտության և վիրավորանքի համար սահմանված փոխհատուցումները։

Առաջինից երկրորդ ընթերցում ԱԺ փոխնախագահը մեղմացրել է դիրքորոշումը․առաջարկում է վիրավորանքի համար սահմանել մինչև 3, իսկ զրպարտության համար` մինչև 6 միլիոն դրամի փոխհատուցում: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 5 և 10 մլն վերին շեմերով։

Կառավարությունը շարունակում է կարծել, որ առաջարկվող շեմերը բարձր են։ Ինչպես նախագծի առաջին ընթերցմամբ քննարկմանը, այնպես էլ հիմա արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն առաջարկում է սահմանափակվել մինչև 2 և 3 միլիոն դրամ տուգանքով: Ալեն Սիմոնյանը համաձայն չէ․«Հիմնական դրդապատճառը ոչ թե տնտեսականն է, այլ այն մթնոլորտը, որն այսօր ունենք  վիրավորանքի և զրպարտության մասով։ Ավելի խիստ էի տրամադրված, բայց գնացի զիջման»։

Ալեն Սիմոնյանն այսօր տեղեկացրել է նաև, որ  ֆեյքերի մասին նախագիծ է մշակում,  ԲՀԿ –ի ու ԼՀԿ-ի իր  գործընկերներին  առաջարկում է միանալ նախաձեռնությանը։

Back to top button