Դեռևս հնագույն ժամանակներից մարդկանց անհանգստացնում էր կարևորագույն մի հարց. ինչպե՞ս դասակարգել և կառավարել աշխարհում օրեցօր ավելացող գրքերն ու գրությունները: Ահա այսպես ստեղծվում է մատենագիտությունը, վերջինս գրքերի, պարբերականների, հոդվածների, տպագիր կամ ձեռագիր նյութերի համահավաք ցուցակն է:
Գիտության մի յուրահատուկ բնագավառ, որը համակարգում և սերունդներին է փոխանցում գիտության մյուս բոլոր բնագավառների գրավոր, այսպես ասենք, փաստաթղթերը։ Ունենալով դարերի պատմություն և հանդիսանալով յուրաքանչյուր ժողովրդի գրավոր մշակույթի կարևոր ճյուղ՝ մատենագիտությունը զարգացել է գրի ու գրականության հետ զուգընթաց և նրա զարգացման գործում մեծ է եղել գրադարանների դերը:
Թեև այժմ մարդիկ գրքեր կարդալու համար ավելի ու ավելի շատ օգտվում են էլեկտրոնային հարթակներից, բայց յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր քաղաքն ու գյուղն ունի իր սեփական գրադարանը, և մատենագիտությունը համարվում է գրադարանային աշխատանքի անկյունաքարը՝ հնարավորություն տալով հետևելու լույս տեսնող գրականությանը, կողմնորոշվելու նախկինում հրատարակվածների մեջ, նպաստելու գրավոր խոսքի տարածման և օգտագործման հարցում:
Գրքերի` բազմակողմանի զարգացած գիտակները՝ մատենագետները, մուտք գործելով գրքերի տիեզերական աշխարհ՝ հայտնաբերում, ուսումնասիրում, պահպանում, դասակարգում և ղեկավարում են գրքերի հսկայական պահեստարանները՝ օգնելով արագ գտնել և ընտրել գրադարանի ֆոնդերում առկա ցանկացած թեմայով գրքերը, թերթերը, ամսագրերը, առանձին հոդվածները: Իհարկե, մատենագետի հիմնական պահանջը գրականության գերազանց իմացությունն է՝ իր ողջ բազմազանությամբ և հսկայական քանակությամբ:
Հմուտ մատենագետը պետք է շատ սիրի գիրքը, ունենա գիտելիքների մեծ պաշար ու գերազանց հիշողություն, կարողանա լավ խորհուրդներ տալ ընթերցողին, փայլուն տիրապետի տեղեկատվական տեխնոլոգիաներին, լինի գրագետ ու նրբանկատ, ճշգրիտ ու ուշադիր: Եթե տիրապետում եք վերոնշյալին, ապա մատենագետի մասնագիտությունը հենց ձերն է:
Զրույց մատենագետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս Ներսես Հայրապետյանի հետ։