ԿարևորՄշակույթ

Դալին ու Պիկասոն «կհանդիպեն» Երևանում

«Դալի և Պիկասո»․ երկու «խելագար» արվեստագետների 260 ստեղծագործություն՝ քանդակ, գրաֆիկա, խեցեղեն,  մարտի 7-ից  ապրիլի 26-ը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում։ Բոլոր աշխատանքները «Ազգերի արվեստ»  հիմնադրամի նախագահ, մեկենաս ու հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից են։

Սպասված ցուցահանդեսի շուրջ ոգևորությունը մեծ է, հասցրել են անգամ բամբասանքներ տարածել, իբր Հայաստան են բերվել ոչ բնօրինակ աշխատանքներ։ Կազմակերպիչներն ու հավաքածուի հեղինակը հերքում են այդ լուրերը։

Արվեստը կհաղթահարի բոլոր վախերը. ինչ կորոնավիրուս, երբ Երևանում են Դալիի ու Պիկասոյի ստեղծագործությունները։ «Դալի և Պիկասո» երևանյան ցուցահանդեսում «հանդիպելու» են համաշխարհային արվեստի երկու խենթերը, որոնք կենդանության օրոք երբևէ համատեղ ցուցահանդես չեն ունեցել։ 

Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություններից կազմված հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է  15 տարիների ընթացքում։ Ասում է՝ մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ, ընդ որում,  Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի  խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է ամբողջ աշխարհում։

«Բոլոր քանդակները ժամանակին գնվել են Դալիի բարեկամ Բենիամին Լևինից, որը նկարչից ստացել էր այդ աշխատանքները վաճառելու հեղինակային իրավունքը։ 2006 թվականին Լևինի ստեղծած «Դալիի աշխարհ» հիմնադրամից ես ձեռք բերեցի արվեստագետի բրոնզե քանդակները, ինչպես նաև գրաֆիկայի մի մասը։ Վիմագրանկարները  գնել եմ հայտնի հավաքորդ և Դալիի ընկեր Պիեռ Արժիլեի  որդուց  2011 թվականին։ Հեղինակավոր «Քրիսթի» աճուրդային տնից ձեռք են բերվել  Պիկասոյի խեցեգործական  լավագույն աշխատանքները, որոնք վաճառքի էր ներկայացրել  Ռամյե ընտանիքը։ Եթե ես չեմ գնում   նկարչի հեղինակային իրավունքը տնօրինողից, ապա  գնում եմ նրա ժառանգներից։ Դա իմ կարևորագույն սկզբունքներից մեկն է»։

«Դալի և Պիկասո» ցուցահանդես-նախագիծը ներկայացվել է բազմաթիվ երկրներում։ Ցուցահանդեսին ոգևորությամբ սպասում են նաև Հայաստանում, բայց ոգևորության կողքին madia.am կայքում այս օրերին հայտնվեց  նաև «Դալի և Պիկասո»․  Դալիի համարյա բնօրինակներ» վերնագրով հոդվածը։ «Արդյո՞ք աշխատանքները օրիգինալ են» ենթավերնագրի ներքո հեղինակը գրում է․

«Խառնաշփոթի սկիզբը հենց ինքը Դալին է դրել՝ իր ստեղծագործությունները կրկնօրինակելու բազմաթիվ իրավունքների վաճառքով։ Ժամանակի ընթացքում այս պրակտիկան վերածվել է միջազգային բիզնեսի։ Այս բիզնեսի խոշորագույն խաղացողներից է իտալացի գործարար Բենիամինո Լեվին՝ Dali Universe-ի ղեկավարը։ Ինչպես և Ալեքսանդր Շադրինին, Լեվիին մամուլը մեկենաս է անվանում։ Սալվասոր Դալիի կենդանության օրոք նա գնել է որոշ ստեղծագործությունների իրավունքները և այժմ արտադրում և վաճառում է սերտիֆիկացված կրկնօրինակներ»։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն և նախագծի ղեկավար Արման Ծատուրյանին հոդվածը, մեղմ ասած, զայրացրել է։ Նախ այն պատճառով, որ ոչ մասնագիտական վերլուծությամբ փորձ է արվում հեղինակազրկել  ցուցահանդեսը։

«Պետք հավատալ կառույցի հեղինակությանը, պետք է հասկանալ, որ ՀԱՊ-ը ինչ-որ մասնավոր պատկերասրահ չէ, որ կեղծ բաներ բերի, մարդկանց խաբի»,– ասաց Ծատուրյանը։

Ցուցահանդեսի համակարգող Մարիամ Դավթյանի բնորոշմամբ՝ հոդվածով պարզապես ապատեղեկատվություն է տարածվել, ինչը նեղ մասնագիտական նրբություններին չտիրապետելու հետևանք է։

«Դա է խնդիրը, որ ոչ միայն քանդակներին է վերաբերում խոսքը, այլ ընդհանուր, ինչը շատ վնասակար է։ Մենք ներկայացնում ենք 260 աշխատանք, որից 170-ը Դալիի գրաֆիկական օրիգինալ աշխատանքներն են, 30-ը Պիկասոյի գրաֆիկական աշխատանքներն են, օրիգինալ, էլի շեշտում եմ, 30-ը Պիկասոյի խեցեգործական աշխատանքներն են, որոնք հրաշալի գործեր են, որտեղ գեղանկարիչ Պիկասոն դրսևորվել է նաև  այս ասպարեզում։ Եվ դրանով ստվեր է գցվում այս հրաշալի ցուցահանդեսի վրա»։

Մարիամ Դավթյանի խոսքով՝ թյուրիմացությունն առնչվում է միայն Դալիի բրոնզե քանդակներին, ինչն էլ նեղ մասնագիտական խնդիր է։

«25 քանդակը, որը մենք ներկայացնում ենք, բրոնզաձույլ քանդակ են։ Ցանկացած բրոնզաձույլ աշխատանքում քանդակագործը երբեք մասնակցություն չի ունենում։ Քանդակագործը պարզապես տալիս է գիպսից կամ մեղրամոմից ստեղծված կաղապարները և բրոնզաձուլարանում վարպետները ձուլում են։ Դալիի քանդակների դեպքում՝ նկարիչը իր ընկեր Բենյամին Լևիին, որը նաև նրա իրավաբանն էր, տվել  է իր կաղապարները և այդ կաղապարներով քանդակներ ձուլելու իրավունքը»։

«Ասում են կրկնօրինակ, որովհետև մեկ օրինակով չեն ձուլվել  այդ քանդակները, բայց դրանք, այդուամենայնիվ, համարվում են բնօրինակ, քանի որ ձուլվել են բնօրինակ, այսինքն  անձամբ Դալիի ձեռքերով ստեղծված կաղապարներով»,-մասնագիտական նրբությունները այսպես է ներկայացնում ցուցահանդեսի համակարգողը։

Back to top button