Կայուն, հավասարակշռված և չափավոր ռիսկային փաստաթուղթ. «Ռադիոլուրի հյուրասրահում» ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն այսպես է բնորոշել 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Հայրապետյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչ հաշվարկներ են դրված 4.9 տոկոս տնտեսական աճի հիմքում: Նշել է, որ ներքին ու արտաքին մի շարք գործոններով է պայմանավորված տնտեսական աճի կանխատեսումը:
Աճի ցուցանիշում հաշվի չեն առվել անորոշություն արտացոլող գործոնները: Դրանք հանքարդյունաբերության հետ են կապված:
4.9 տոկոս տնտեսական աճի մեջ չեն ներառել, օրինակ, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում, եւ Թեղուտի հանքավայրի շահագործումից սպասվող եկամուտները:
Տնտեսական աճին ինչպես նախկինում, այնպես էլ այժմ նպաստելու է ծառայությունների ոլորտը, երկրորդ տեղում արդյունաբերությունն է լինելու: Կանխատեսվում է, որ շինարարության կշիռը 2020 թվականին կմնա 2019-ի մակարդակին՝ 6.4 տոկոս:
Գյուղատնտեսության մասնաբաժինը 0.6 տոկոսային կետով կնվազի: Այս ոլորտն ավելի դանդաղ կաճի, քան` արդյունաբերությունն ու ծառայություններն են:
2020 թվականին, ֆինանսների փոխնախարարի փոխանցմամբ, կապիտալ ծախսերն ագրեսիվ են լինելու, հարկային բարեփոխումների փաթեթն էլ ուղղվելու է ավելի շատ հնարավորությունների՝ աշխատանքի ու արտահանման ստեղծմանը: