Որտե՞ղ է սկսվում և ավարտվում Սահմանադրությամբ երկրի ղեկավարներին տրված անձեռնմխելիությունը, որքանո՞վ են հստակ սահմանումները, կան արդյո՞ք տարընթերցումների տեղիք տվող ձևակերպումներ:
Իրավական շրջանակներում այս հարցերն արդեն քննարկումների առիթ են դարձել, կարծիքները միանշանակ չեն:
Նախագահի իմունիտետի գործոնը շեշտում են նաև Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները:
Հանրապետության նախագահն անձեռնմխելի է՝ սահմանում է 2015-ին փոփոխված Սահմանադրության 140-րդ հոդվածը: Հոդվածի հաջորդ երկու կետերը մանրամասնում են այն դեպքերը, թե երբ կարող է երկրի ղեկավարը պատասխանատվության ենթարկվել:
Հոդվածի երկրորդ մասում ասվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Իսկ երրորդ մասը սահմանում է, որ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար պաշտոնավարման ավարտից հետո հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ասում են, որ գործի մանրամասներին ամբողջությամբ ծանոթանալ դեռ չեն հասցրել, գնահատականներ առայժմ չեն տալիս, բայց մեկ վերապահում արդեն ունեն ու այն վերաբերում է նախագահի անձեռնմխելիությանը:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ նախագահի անձեռնխելությունը սահմանող դրույթներում իրավական անորոշություն կա: Խնդիր տեսնում է հատկապես «կարգավիճակ» եզրույթի ընտրության մեջ:
«Որպես կանոն՝ լիազորությունների ժամկետում նախագահներն ունեն անձեռնմխելիություն, ավարտից հետո դեպքեր կան: Անհասկանալի է, թե մեր դեպքում ինչու է ընտրվել կարգավիճակ բառը: Արդյո՞ք դա նույնացվում է լիազորություններ, գործառույթներ հասկացության հետ: Ինձ թվում է, որ ՍԴ-ն այստեղ անելիք ունի. պետք է բացահայտել այդ արտահայտության սահմանադրաիրավական բովանդակությունը»:
Այլ երկրների Սահմանադրությունները նույնպես, որպես կանոն, առաջին կետով ամրագրում են անձեռնմխելիությունը, հաջորդ կետերով շարադրում բացառությունները: Արա Ղազարյանն ասում է, որ հիմնական դեպքերում սակայն, ոչ թե գործառույթներ կամ կարգավիճակ տերմիններն են օգտագործվում, այլ ավելի պարզ ձևակերպում է տրվում՝ իմունիտետը դադարում է գործել հանցագործություն կատարելու դեպքում:
Բոլոր դեպքերում նախագահի իմունիտետը մեկ հիմնական նպատակ ունի. երկրի ղեկավարի գործառույթների իրականացումը հնարավորինս ապահովագրել քաղաքական իրավիճակի փոփոխություններից, շահարկումներից և հետապնդումներից: Բայց ելակետ է նաև այն, որ նախագահն իր լիազրությունները չպետք է սահմանազանցի՝ ասում է սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը:
Մեղադրանքի մեխն, ըստ նրա, ենթադաբարար բանակի ներգարվումն է: Նման լիազորություն նախագահն ուներ՝ ասում է սահմանադրագետը, բայց նաև հիշեցնում, թե որ դեպքերում երկրի ղեկավարը կարող էր դա անել:
«Նախագահը կարող էր բանակի ներգրավման մասին որոշում կայացնել, բայց դրա համար անհրաժեշտ էր ռազմական դրություն հայտարարել: Իսկ ռազմական դրության հայտարարման համար հարկավոր էր, որ Հայաստանը պատերազմ սկսեր կամ լիներ հարձակման անմիջական հնարավորություն»:
Հենց այս տրամաբանությամբ սահամանդրագետը ՍԴ լրացուցիչ մեկնաբանության կարիք չի տեսնում:
«Չի կարող կարգավիճակի չարաշահումը որկավել որպես կարգավիճակից բխող գործողություն: Չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը, բայց կարծում եմ, որ անձեռնմխելությունն այս դեպքում երկրի ղեկավարի վրա չի տարածվում»:
Ի դեպ, երբ 2015-ին քննարկվում էր սահմանադրական փոփխությունների նախագիծը, վիճահարույց կետերից մեկը հենց նախագահի անձեռնմխելիության հարցն էր: Ընդդիմախոսները կարծում էին, որ հոդվածի ձևակերպումներն անորոշ են, կարգավորման շրջանակները՝ հնարավորինս լայն: