Մեկնարկեց ամառային զորակոչը
Ամառային զորակոչի մեկնարկն Արմավիրում այս անգամ տրվել է ոչ թե Սարդարապատից, այլ Արմավիր քաղաքի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից:
Բացի հարազատներից նորակոչիներին բանակ ճանապարհելու էին եկել նաև քառօրյա պատերազմի հերոսների մայրերը, որոնք կոչ են արել ծառայել այն հայրենիքին, որի համար արյամբ են վճարել իրենց որդիները:
Արմավիրի թեմի առաջնորդը նորակոչիկներին բաժանել է օրհնված խաչեր և աղոթագրքեր:
Կիրակնօրյա պատարագին հավաքված հավատացյալներն անակնկալի եկան փողային նվագախմբի հնչյուններից: Բակը սովորականից մարդաշատ էր և հավաքվածները բանակ էին ճանապարհում նորակոչիկներին:
Մտնելով աստծո տաճար ծնողներն ու որդիները մեկական մոմ վառեցին երկրի խաղաղության, ևս մեկը անփորձանք ծառայության ու վերադարձի համար: Նրանք լուռ աղոթում էին:
Վերջին տարիներին Արավիրի մարզում ամառային և ձմեռային զորակոչերի մեկնարկը տրվում էր Սարդարապատից, այս անգամ եկեղեցուց: Խորհուրդն իր բացատրությունն ունի՝ աշխարհում առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը: Այս միտքն արտահայտեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրրիջանյանը, ով մեկական մոմ էլ վառեց իր դստրիկի հետ: Մարզպետն ասաց, որ իրենք թիկունքում ամեն ինչ անելու են զինվորի լավ ծառայության համար:
Երկրի խաղաղության և զինվորի խաղաղ ծառայության արժեքն ավելի լավ լավ գիտեն որդեկորույս մայրերը, որոնց հոգում կսկիծ է ու ցավ, ովքեր որդի են կորցրել հայրենիքի պաշտպանության ժամանակ:
Զորակոչից խուսափողներ գրեթե չկան, նրանք ովքեր գտնվել են արտերկրում կամովին վերադառնում են և մեկնում բանակ: Դավիթը Մեծամորի բնակիչ է, սակայն 3 տարեկանից ապրում է Ուկրաինայում, եկել է հայրենիքին ծառայելու. ,, Ես եկել եմ ծառայելոի իմ հայրենիքին, չեմ ուզել ծառայել օտար երկրում,,: Դավթի մայրն ասաց, որ 15 տարի ապրելով Ուկրաինայում նա միշտ հոգով-սրտով կապված է եղել Հայաստանի հետ:
Արմավիրի զինկոմիսար, գնդապետ Արսեն Համբարձումյանը նշեց, որ կցագրման ժամանակ հայտնաբերվում են առողջական տարբեր խմնդիրներ ունեցող տղաներ, որոնք կբուժվեն զինվորական հոսպիտալում և ապաքինվելուց հետո կզորակոչվեն: Նոր ձևաչափի ներդրմամբ, ելնելով առողջական խնդիրներից, տղաները մարտական հերթապահություն չեն կատարի:
Եկեղեցում նորակոչիկներին բաժանեցին աղոթագրքեր և օրհնված խաչեր: Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը օրհնության խոսք ու աղոթք բարձրացրեց մեր հայրենիքի, բանակի ու նորակոչիկների համար:
Զորակոչի ավտոբուսները սպասում էին, եկել էր հրաժեշտի պահը: Նորակոչիկներին խորհուրդներ էին տալիս ավագ եղբայրներն ու ընկերները:
Ավտոբուսները մեկնեցին զինվորական հավաքակայան, հավաքվածները տեսնելով ամենաբարձրահասակ տղային, ձայնեցին՝ բոյով ջան, դիրքերում գլուխդ ցածր կպահես: