2018-ն Արցախում անելիքներով առատ է լինելու. Ռադիոլուրի հարցազրույցը՝ Արցախի ԱԺ նախագահի հետ
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
2017-ը կայունության եւ աշխատանքի տարի էր Արցախի համար՝ կարծում է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Ռադիոլուրի» հետ զրույցում քաղաքական գործիչն անկեղծացել է՝ նոր տարվա սպասելիքները որդիների հետ են կապված, բայց ինչպես արցախցի յուրաքանչյուր հոր, իր մտածածն էլ Արցախում եւ նրա շուրջ տիրող իրավիճակի համատեքստում է դիտարկում:
2018-ը անելիքներով առատ է լինելու: 2017-ին Արցախում Սահմանադրական բարեփոխումների մեկնարկը տրվեց: Համաժողովրդական հանրաքվեն տարեսկզբին էր՝ փետրվարի 20-ին: Դրան հետեւած ժամանակամիջոցը հետսահմանդրական բարեփոխումների շրջան էր:
Աշոտ Ղուլյանի ղեկավարած կառույցը սահմանադրությամբ ստանձնեց անցումային ժամանակաշրջանում երկրի ղեկավար ընտրելու պատասխանատվությունը: Արցախի քաղաքական դաշտի երեք խոշոր խաղացողները խորհրդարանում ներկայացրին եւ պաշտպանեցին գործող նախագահի՝ Բակո Սահակյանի թեկնածությունը: Այդուհետ, եւ 2020 թվականից հետո առավելապես, Արցախը նախագահական կառավարմամբ երկիր է: Նոր կառավարման համակարգը խորհրդարանի նախագահը դիտարկում է անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում մարտահրավերներին անմիջապես եւ ավելի ճկուն պատասխանելու տեսանկյունից:
Սկսվող տարին Սահմանադրությունն այլ ասպարեզներում կյանքի կոչելու տարի է լինելու: Սպասվող բարեփոխումներից առավել շատ Աշոտ Ղուլյանը տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումն է կարեւորում:
Այդ բարեփոխումները հնարավորություն կտան վերջապես կյանքի կոչել տարածքների համաչափ զարգացման քաղաքականությունը, որը որդեգրել են Արցախի իշխանությունները: Անցած տարվա ընթացքում այդ ուղղությամբ պետությունը, նաեւ համայն հայության եւ Մայր Հայաստանի աջակցությամբ քայլեր կատարել է . դպրոցներ, համայնքային կենտրոններ, առողջապահական հիմնարկներ են բացվել շրջաններում, գյուղերում, ճանապարհներ ու բնակարաններ են վերակառուցվել:
Սակայն այդ ամենը բավարար չէ, ինչպես նաեւ Արցախի Ազգային ժողովի նախագահի խոսքով բավարար չէ այն, որ 2017-ի տնտեսական հաջողություններն առայժմ չեն անդրադառնում մարդկանց գրպանի վրա: Այդ առումով, ըստ Աշոտ Ղուլյանի, որակական առաջընթացն ակնկալելի է հաջորդ տարի:
Անցած տարին կայունության, անվտանգության եւ աշխատանքի տարի էր՝ կարծում է Աշոտ Ղուլյանը: Եթե աշխատանքի արդյունքը ներքին կյանքի բոլոր ոլորտներում ակնհայտ է, ապա արտաքին դաշտում տեղաշարժերն այնքան էլ չեն երեւում՝ առավել շատ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Ինչպիսին կլինի այդ առումով նոր տարին. եթե մեր հարեւանը դիրքորոշումը չփոխեց՝ դարձյալ մշուշոտ:
Արցախում կայունության եւ անվտանգ աշխատանքի երաշխավորը եղել ու մնալու է պաշտպանության բանակը, որ պետական ու հանրային ուշադրության ու հոգածության կենտրոնում էր անցած տարի եւ մնալու է 2018-ին՝ ապահովելով երկրի առաջընթացը այլ բնագավառներում՝ անձնականից մինչեւ համապետական: Նոր տարուց ակնկալիքների մասին Աշոտ Ղուլյանն ասում է՝ կրտսեր որդին զինծառայությունը պիտի ավարտի, ավագը՝ կրթության հերթական փուլը: