Որքանով է կարեւոր Արցախի միջազգային ճանաչումը
Եվրոպական խորհրդարանն այսօր իր լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում նշել է, որ ապրիլյան այս գործողությունները հիշեցնում են, թե որքան վտանգավոր կարող են լինել ձգձգված հակամարտությունները: Անդրադառնալով ԼՂ շփման գոտում վերջին թեժացմանը՝ նա հայտարարել է, թե «այդ աննախադեպ էսկալացիայից» առաջ իրենք զգուշացրել էին, որ ստատուս քվոն հնարավոր չէ պահպանել: Արցախի միջազգային ճանաչման մասին են խոսել ԵԽ շատ պատգամավորներ:
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի.« Լուրջ վտանգներ կան, եթե կրակը չդադարեցվի: Կոչ եմ արել զերծ մնալ իրավիճակը սրելու հայտարարություններից»:
Ապրիլյան ռազմական գործողությունները սահմանին հիմք են տվել արդարամիտ պատգամավորներին հարց բարձրացնել Արցախի ճանաչման մասին։ Սա այն է, ինչի կարևորության մասին մի քանի տարի առաջ սկսեցին խոսել հայ փորձագետները: Որքանո՞վ է իրականում անհրաժեշտ ԼՂՀ միջազգային ճանաչումը: Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ավելի շատ շեշտադրեց քաղաքական հարցերում անգործությունից ձերբազատվելու մոտեցումը: Որքան արագ շարժվեն, այնքան ավելի լավ,- ասաց.
«Ճանաչումը լրացուցիչ բարդություններ կառաջացնի»:
ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, մինչդեռ, ամենևին համամիտ չէ այս մոտեցմանը: Նա կարծում է, որ Արցախի միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ, այլ շատ կարևոր գործընթաց. «Դա զսպող միջոց կարող է լինել, ես համամիտ չեմ այդ կարծիքի հետ»:
Հայկական ԶՈւ-ի կողքին լուրջ քաղաքական գործոն է պետք՝ ասաց Մասիս Մայիլյանը: Վերջին օրերի ռազմական գործողությունները խորացել են անվստահությունը և Բաքվին զսպել է հարկավոր: Ինչ վերաբերում է շրջանառության մեջ դրված Մադրիդյան սկզբունքների կենսունակության մասին հիշատակումներին, ապա Արցախի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը ճիշտ է համարում նախ մտածել պատերազմի սպառնալիքը վերացնելու մասին, ինչից հետո նոր մտածել բանակցությունները շարունակելու և Մադրիդյան սկզբունքների հարցը շրջանառության մեջ դնելու մասին: