Հասարակություն

Սմբատ Դաղբաշյան.Արյան դոնորության մակարդակով մեր երկիրը զիջում է միջազգային չափանիշներին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մեր երկիրը արյան դոնորության մակարդակով զգալի զիջում է միջազգային ընդունված չափանիշներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը: Ըստ նրա Հայաստանում զգացվում է արյան դոնորների պակաս: Մեր երկրում այդ մարդկանց թիվը կազմում է շուրջ 10 հազար, որոնց օգնությամբ տարեկան իրականացվում է մոտ 14 հազար արյունատվություն։ Արյան դոնորների թվում է և գլխավոր արյունաբանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ազգաբնակչության 2-4 տոկսը պետք է ներգրավված լինի արյան դոնորության շրջանակներում, որպեսզի երկիրը համարվի արյան բաղադրամասերով ապահովված, սակայն Հայաստանում արյունատվության այս ցուցանիշը կազմում է ընդամենը 0,3 տոկոս: Այսպիսին է իրողությունը` ըստ է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանի: Վիճակը ավելի բարենպաստ է ոլորտին վերաբերվող օրենսդրական դաշտում` շնորհիվ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքի:

«Արյան ծառայությունը և դոնորությունը համարվում են շատ կարևոր խնդիր: Պետք է ասեմ, որ մենք վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ ենք կատարել այս ոլորտում: Մասնավորապես`մարդու արյան դոնորության օրենքը, որը կանոնակարգում է արյան դոնորության շրջանակները, արյան ներարկման, տեղափոխման հարցերը, ինչպես նաև այս ոլորտի իրավական հարցերը, դոնորների և ռեցիպիենտների հսկման խնդիրը»:

Բացի դրանից, կառավարության կողմից ընդունվել է ոլորտի զարգացմասն ռազմավարական ծրագիրը:
Խորհրդային տարիներին կար այսպես կոչված «կամավոր, բայց պարտադիր» դոնորության գաղափարը` որով բոլորը պարտավոր էին արյուն հանձնեին: Այսօր վիճակը այլ է, ինչի արդյունքում և գրանցվում է կամավոր արյունատվության ցածր ցուցանիշներ: Վիճակը շտկելու համար անհրաժեշտ է անցկացնել լայնածավալ քարոզարշավ, նշեց պրոֆեսոր Դաղբաշյանը, որը սեփական օրինակով աջակցում է դոնորական շարժմանը:«Կան բազմաթիվ բժիշկներ, ովքեր շուրջ 60 անգամ եղել են դոնորներ, տեսնում են, որ հարազատները չեն կարողանում դոնոր լինել` արյան խումբը չի համապատասխանում, հետևաբար իրենք են արյուն հանձնում, որպեսզի փրկեն մարդու կյանքը»:

Ոսումնասիրությունունները ցույց են տվել, որ մեր երկրի քաղաքացիների մեծ մասի` 50,2 մոտ հոսում է 2-րդ խմբի արյունը, 28,2 տոկոսի մոտ` առաջին խմբի, 13 տոկոսը` 3-րդ խմբի և միայն 8 տոկոսն է պատկանում 4-րդ խմբին: Հայաստանցիների 88 տոկոսսը ռեզուս դրական արյուն ունեն, մնացած 12 տոկոսը` բացասական: Ի դեպ, արյան դոնորը պետք է լինի 18 տարեկանից բարձր և պատրաստ ամեն մի արյունատվության ընթացքում հանձնել 450 միլիլիտր արյուն: Սովորաբար տարեկան ամեն մի տղամարդ դոնոր մինչև 5 անգամ արյուն է հանձնում, կանայք` 4: Իսկ պարոն Դաղբաշյանը ավելի հաճախ է արյուն տալիս:

Մինչ փոխներարկումը արյունը ստուգվում է հնարավոր հիվանդությունների և վարակների առկայությունը բացառելու նպատակով:
Ամեն դեպքում երկրում առկա է փոխներարկման համար պիտանի արյան բավական պաշարներ, հավաստիացրեց գլխավոր արյունաբանը:
Ըստ Սմբատ Դաղբաշյանի, այսօր մեր երկրին անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստման բժշկական բաժանմունք ունենալ: Իր գլխավորած Արյունաբանական կենտրոն դիմող 14 հազար այցելուների մոտ 20 տոկոսը ունեն նման խնդիրներ, որոնց լուծման համար ստիպված դիմում են արտերկրի կլինիկաներ:

Կարդացեք նաև

Թողնել պատասխան

Back to top button