Մկրտիչ Մինասյան.«Նոյլենդ»-ը դեռեւս հում վիճակում է
Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
«Երևանի Դալմայի այգիներին հարակից տարածքում «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոն ստեղծելու ծրագիրը դեռևս հում վիճակում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա ծրագրի մասին տեղեկացել է քաղաքապետարանի կայքից, գաղափարի հեղինակների և ֆինանասավորողների մասին ոչինիչ չգիտի:
«Քաղաքապետարանին կից քաղշինական խորհրդում նախագծին նվիրված քննարկում չի եղել»,-ասել է Մկրտիչ Մինասյանը: Նա Նոյլենդը ավելի շատ գաղափար է համարել`ենթադրելով, որ այն իրականություն դրաձնելու համար էլ անհրաժեշտ գումարն էլ դեռ չկա:
«Առանց քննարկման չի կառուցվի: Այդպես է գրված օրենքում, այդպես ենք մենք մինչև հիմա շարժվել: Իհարկե, մենք նեղսրտում ենք հաճախ, որ շատ բաներ նախապես չեն դրվում քննարկման, հետո հանձնվում հանրությանը, կամ նախագծային աշխատանքների: Բայց քանի դեռ չի քննարկվել քաղաքաշինական խորհրդում, մտահոգվելու կարիք էլ չկա»:
Հիշեցնենք` ըստ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ ծրագրով նախատեսվում է կառուցել թեմատիկ այգի, որտեղ վերարտադրվելու է «Նոյան տապան» լեգենդը: Կառուցվելու են նաև համաշխարհային 4 խոշոր կրոնները խորհրդանշող կառույցներ՝ քրիստոնեական եկեղեցի, մուսուլմանակա մզկիթ, բուդդայական տաճար և հրեական սինագոգ: Նշվում է, որ աշխատանքները պետք է սկսվեն 2012 թ-ին և ընթանան 3 տարի, իսկ իրականություն դառնալուց հետո ծրագիրը նպաստելու է Երևանում զբոսաշրջության և մշակույթի զարգազմանը: