Խաղաղության Նոբելյան մրցանակն այսօր կշնորհվի Եվրամիությանը
2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակն այսօր կշնորհվի Եվրոպական մայրցամաքում շուրջ 6 տասնամյակ ժողովրդավարություն եւ խաղաղություն երաշխավորող կառույցին` Եվրոպական Միությանը:
Խաղաղության Նոբելյան մրցանակի պատմության մեջ առաջին անգամ այն ստանում է ոչ թե կոնկրետ մարդ, այլ հաստատություն: «70 տարվա ընթացքում Գերմանիան եւ Ֆրանսիան 3 անգամ պատերազմել են: Այսօր այս երկրների միջեւ պատերազմն աներեւակայելի է: Սա վառ ապացույցն է այն բանի, թե մեծ ջանքերի եւ համագործակցության միջոցով պատմական թշնամիներն ինչպես են դառնում մտերիմ գործընկերներ», — ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում: Խաղաղության մրցանակ շնորհող հանձնաժողովը մրցանակակրին ընտրելիս կարեւորել է նաեւ ԵՄ ջանքերը Հունաստանում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում ժողովրդավարության կայացման, Բալկաններում խաղաղության հաստատմանը նպաստելու եւ էթնիկ հակամարտությունների լուծման հարցում: 2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձման հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն Եվրամիության երկրների 20 առաջնորդներ, այդ թվում եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։