ԿարևորՏնտեսական

Սփյուռքի տնտեսագետներն ակնկալում են տեղացիների ակտիվությունը՝ համատեղ ուսումնասիրությունների համար

Օտար համալսարաններում դասավանդող հայ տնտեսագետներին հայրենիքում միավորում է «Հայկական տնտեսագիտական միությունը»։ Ամեն տարի հունիսին նրանք Երևան են գալիս իրենց նոր ուսումնասիրություններով։ Որպեսզի ակադեմիական վերլուծությունները պրակտիկ կիրառություն գտնեն, հայաստանցի գործընկերներին հրավիրում են միանալ իրենց։

Մոսկվայի Լոմոնոսովից մինչև Նյու Յորքի Սեինթ Ջոնս, գերմանական Պոտսդամից մինչև իսպանական Պոմպեու Ֆաբրա․ աշխարհահռչակ համալսարաններից Հայաստան է ժամանել մոտ 80 տնտեսագետ։ Նրանցից շատերը հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ են։

«Հայաստանի տնտեսագիտական միության տարեկան համաժողովն է։ Սա միջազգային հայկական տնտեսագիտական ֆորում է, որի ակտիվ անդամներն են այն պրոֆեսորները, որոնք դասավանդում են հիմնականում դրսում և ունեն արտասահմանյան կրթություն։ Ամեն տարի նրանք գալիս և հավաքվում են տեղացիների հետ»։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ընդգծում է՝ Երևանում և Գյումրիում անցկացվող եռօրյա համաժողովի զեկույցներն ակադեմիական են և ուղիղ կիրառության ենթակա չեն։ Նա, սակայն,  հույս ունի, որ Հայաստանի համար արդիական թեմաներն ուշադրության կարժանանան տնտեսական քաղաքականություն իրականացնողների կողմից։

«Մենք ունենք սերտ համագործակցություն Կենտրոնական բանկի հետ, շատ աշխատակիցներ լինում են զեկուցումը քննարկողների մեջ։ Մնացած կառույցների հետ այդ աստիճանի սերտ համագործակցություն չկա, բայց հուսով ենք, որ կամաց–կամաց կձևավորվի»։

Հայկական տնտեսագիտական միության 13–րդ տարեկան համաժողովի զեկուցողներից է Նյու Յորքի Սեինթ Ջոնս համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Գևորգյանը։ Նա ուսումնասիրել է Սփյուռքի տնտեսական ներուժն օգտագործելու մոդելներ։

«Սփյուռքի ներուժն ուսումնասիրելիս պարզեցի, որ դրսում ապրող հայերը մեծապես հետաքրքրված են Հայաստանի հետ շփմամբ, բայց խնդիրն այդ շփման ենթակառուցվածքների բացակայությունն է։ Տնտեսական շփումն իրական դարձնելու մոդելներից մեկը կարող է լինել «Սփյուռքի պարտատոմսերի» թողարկումը։ Դա, իհարկե, մեծ աշխատանք է պահանջում երկու կողմից էլ՝ թե թողարկողի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության, և թե՛ պարտատուի, այսինքն՝ Սփյուռքի»։

Նյու Յորքում դասավանդող հայազգի պրոֆեսորը մանրամասնում է՝ «Սփյուռքի պարտատոմսերի» թողարկման փորձ ունեն Իսրայելն ու Հնդկաստանը։ Դրանց եկամտաբերությունը գնողների՝ Սփյուռքի ներկայացուցիչների համար համեմատաբար ցածր է։ Բայց «հայրենասիրական» անվանումով զեղչի չափն օգնում է, որ երկիրը հնարավորություն ունենա կոնկրետ նախագծեր իրականացնելու համար մատչելի փոխառու միջոցներ ներգրավել։ Սփյուռքն էլ, իր հերթին, սեփական միջոցները հայրենիք ուղղելիս երաշխիք է ստանում, որ դրանք կծառայեն նախընտրելի նախագծի իրագործմանը։

Գերմանական Մանհայմի տնտեսական հետազոտությունների եվրոպական կենտրոնից Զարեհ Ասատրյանն էլ հարկերի ոլորտի մասնագետ է։ Շեշտում է՝ հարկահավաքման  քաղաքականություն մշակելիս պետք է հենվել խորը վերլուծության վրա։ Դրա բացակայության պարագայում սխալ հարկահավաքումը կարող է հանգեցնել նույնիսկ տնտեսական հետընթացի։

Հարցին՝ արդյո՞ք եվրոպական երկրներին օգնեց «ունևորների հարկի» սահմանումը, պատասխանում է․

«Եթե թրենդը նայեք, շատ եվրոպական երկրներ ունեցել են հարստության հարկ ու որոշել են հանել դա։ Որովհետև հարստության հարկը բերում է տնտեսապես ոչ ցանկալի էֆեկտների։ Մարդիկ փորձում են խուսափել այդ հարկը վճարելուց, խուսափելու ձևերից մեկը երկիրը լքելն է։ Բայց եվրոպական երկրներում եկամտի պրոգրեսիվ հարկում կա՝ ի տարբերություն Հայաստանի, երբ բարձր եկամուտ ստացողներն ավելի բարձր հարկեր են վճարում, քան ցածր եկամուտ ստացողները։

-Տեղյակ եք, որ Հայաստանում քննարկվում է ՏՏ ոլորտին արտոնություններ տալու հարցը, այդ մասով օպտիմալ տարբերակը ո՞րն է։

-Կախված է, թե ինչ հարց են ուզում դրանով լուծել։ Մեկը, ուզում են ֆինանսական աջակցություն տալ այս ֆիրմաներին, որովհետև արտարժույթի տատանումների պատճառով  ոնց որ բավականին վատ վիճակում են հայտնվել, գոնե էդպես ասում են։ Եթե ուզում են ֆինանսական աջակցություն տալ, դա մի բան է, եթե ուզում են ՏՏ ոլորտը զարգացնել, էդտեղ հարց է առաջանում, թե էդ հարկային արտոնությունները նոր մարդկանց է բերե՞լու Հայաստան, թե՞ չէ։ Եթե չի բերելու, դուրս է գալիս, որ ուղղակի բավականին բարձր եկամուտ ունեցող մարդկանց արտոնություն է տալիս պետությունը։

Բարսելոնի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Վլադիմիր Ասրյանը  հայաստանյան համաժողովին զեկույց է ներկայացրել ընկերությունների՝ ապագայի կանխատեսումների մասին։ Նա համամիտ չէ միջազգային մամուլում շրջանառվող այն պնդմանը, թե ՏՏ ոլորտի արագ աճով պայմանավորված՝ ստարտափների շրջանում ֆինանսական փուչիկ է գոյանում։

«Ոլորտում Քովիդի  ժամանակ մարդկանց շատ աշխատանքի վերցրեցին ու պարզվեց, որ պետք չէ։ Շատ արագ աճեցին և սխալվեցին։ Հիմա այդ ոլորտը մի քիչ իջնում է։ Ամեն 10-20 տարին մեկ ոլորտները աճում են ու իջնում են։ Ոլորտը ձևափոխվում է, որ նոր ձևով աճի։ 15 տարի առաջ աշխարհով մեկ անշարժ գույքի ոլորտը շատ աճեց, հետո իջավ, միշտ էլ դա լինում է։

-Հայաստանյան անշարժ գույքի ոլորտի մասին ի՞նչ կասեք։

-Լսել եմ շատ մարդիկ այս դեպքում էլ փուչիկ բառն են օգտագործում։ Գների արագ աճի համար օբյեկտիվ պատճառներ կային։ 60 հազար մարդ՝ ռուսները կամ Ռուսաստանի հայերը, եկան։ Երբ շուկայում գները կիջնեն, բայց դա փուչիկ չի լինի։ Պարզապես այդպես է շուկան աշխատում»։

Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովին ժամանած սփյուռքահայ մասնագետները հայաստանցի գործընկերներին կոչ են անում անդամակցել կառույցին։ Հույս ունեն, որ մեծ համայնք ձևավորելով՝ հնարավոր կլինի առավել խորը ուսումնասիրություններ իրականացնել։

Back to top button