ԿարևորՔաղաքական

ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսում է Հայաստանում երեք նոր կետ բացել

Հայաստանում ԵՄ առաքելությունը նախատեսում է առաջիկա ամիսներին բացել երեք լրացուցիչ կետ Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում՝ աստիճանաբար գործառնական կարողությունները հասցնելով մաքսիմումի։

Հունիսի 1-ին ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Մարտունիում ընդունել են Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի (COEST) անդամներին: Մարկուս  Ռիտերը նրանց ներկայացրել է առաքելության մանդատը և գործունեությունը: Նա նաև մասնակիցներին տեղեկացրել է տեղում անվտանգության զարգացումների մասին՝ հիմնվելով առաքելության պարեկներից հավաքված դիտարկումների վրա:

ԵՄ քաղաքացիական առաքելությունն առաջին երեք ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր կենտրոններից: Ամեն շաբաթ պարեկները անցնում են ավելի քան 3800 կմ տարածություն։ «Առաքելությունը մեկնարկել է աննախադեպ արագությամբ՝ սկսելով իր գործողությունը 2023թ-ի փետրվարին», — ասել է Ռիտերը:

«Մեր նպատակն է, ի թիվս այլ հարցերի, նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, ԵՄ քաղաքացիական առաքելության նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն», — հավելել է Ռիտերը:

Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն է, որի առաջնային խնդիրն է տեղում դիտարկել և զեկուցել իրավիճակը հայ-ադրբեջանական միջազգային սահմանի մերձակա տարածքում, նպաստել մարդկանց անվտանգության ապահովմանը հակամարտության ազդակիր տարածքներում և՝ հիմնվելով վերը նշվածի վրա՝ նպաստել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բնակչությունների և, հնարավորության դեպքում, նրանց իշխանությունների միջև վստահության ձևավորմանը:

Back to top button