ԿարևորՔաղաքական

Անվտանգություն ընդդեմ ժողովրդավարությա՞ն, թե՞ ժողովրդավարության միջոցով․ քննարկում Քիշնևից առաջ

Որքանով են համատեղելի կամ արդյո՞ք անհամատեղելի են ժողովրդավարությունը ու անվտանգությունը․ թեման  տարբեր դիտանկյուններից քննարկվել է Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվող Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում։ Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող ներքին վտանգներ չկան,  հնարավոր բոլոր սպառնալիքներն արտաքին են, հայտնի ու տեսանելի բոլորին՝  իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նա մինչև Քիշնև մեկնելը  մասնակցել է ֆորումի աշխատանքներին։

Արդյո՞ք կա կապ ժողովրդավարության և պատերազմների միջև։ Վերջին շրջանում տարբեր հասարակություններ փորձում են հասկանալ այս հարցի պատասխանը։ Այդ տիրույթում վարկածներից մեկը առաջարկում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը։ Համոզված է, պատերազմները, պայմանական ասած, ավտորիտարների գործիքն են ժողովրդավարների դեմ։

«Անվտանգային մարտահրավերները, որոնք մենք ունենք Հայաստանում, աշխարհում ևս կան, իհարկե։ Մենք տեսնում ենք, որ ժողովրդավարությունների դեմ ավտորիտար պետությունների ոտնձգությունները, ըստ էության հետ նպատակ ունեն ցույց տալու կամ կասկած ստեղծելու, որ ժողովրդավարություններն ավելի խոցելի են, որ ավելի թույլ են»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում այսպիսի պնդումները։

«2020 թվականի պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն է։ Այլ բան, եթե ասեք՝ ժողովրդավարությունը չկարողացավ այնպես անել, որ այդ պատերազմը տեղի չունենա։ Ի վերջո չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը որպես վարչապետի թեկնածու պատերազմի անոնս արել էր։ Այն ժամանակ Հայաստանում հեղափոխություն դեռ տեղի չէր ունեցել»։

Փաշինյանը, ամեն դեպքում, փորձում է բացատրել թե ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի իշխանությունը ինչո՞ւ չկարողացավ կանխել պատերազմը։ Ըստ նրա՝ իշխանությունը Լեռնային Ղարաբաղի հարցում առերեսվեց ճշմարտության մի ծավալի, որն առաջին հերթին անմարսելի էր հրապարակից եկած իշխանության և էլ ավելի անրամսելի՝ հանրության համար։

«Ըստ էության՝ ժողովրդավարության բացակայությունը ՀՀ–ում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին։ Սա շատ կարևոր նրբություն է։ Այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա ամենավատ ապացույցն է։ Ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է։ Սա է պատճառը, որ հիմա մենք Ղարաբաղի հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ են իմանում՝ հայտնի բառերի նոր իմաստներ և ենթատեքստեր ենք վերհանում և սա շատ կարևոր նրբություն է»։   

Այս հարցով արդեն հեռակա բանավեճ է սկսել գործող և նախկին իշխանության միջև։

«Հանրապետական»  խմբակցությունից նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը համոզված է, որ 44-օրյա պատերազմը 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ուղիղ հետևանքն էր։ Իշխանության նախկին ներկայացուցչի կարծիքով՝ եթե չլինեին 2018-ի ապրիլյան դեպքերը, չէր լինի նաև 44-օրյա պատերազմը, իսկ վարչապետի թեկնածուի կարգավիճակում Սարգսյանի ձևակերպումներից մեկը «պատերազմի անոնս» որակելը անհիմն հայտարարություն է համարում, քանի որ, ըստ Զաքարյանի, Սերժ Սարգսյանը խոսել էր բանակցային գործընթացի մասին, որտեղ Ադրբեջանն ինքն իրեն դրել էր փակուղու մեջ, որովհետև այլևս հակադրելու որևէ ռեսուրս չուներ:

Ժողովրդավարությո՞ւն, թե անվտանգություն․ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի համոզմամբ՝ տարիներ շարունակ ընտրությունն այսպիսին էր Հայաստանում։

«Մեր երկրի արտաքին մարտահրավերների, ղարաբաղյան հիմնախնդրի առկայության պայմաններում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգության խնդիրներին։ Ամենաբարձր մակարդակով անտեսվել է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որը փորձ է արվել ներկայացնել որպես սպառնալիք»։  

Հանրային քննարկումներում, մի կողմից, ներկայացվում է թեզը, թե ժողովրդավարությունը թուլացնում է անվտանգությունը, մյուս կողմից պնդում է արվում, որ անվտանգությունը հնարավոր է միայն ժողովրդավարության պայմաններում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը երկու դիրքորոշումն էլ կեղծ նարատիվ է համարում։ Բայց վտանգներ է տեսնում նաև  «սխալ» ժողովրդավարության մեջ։ 

«Առանց իրական ժողովրդավարության էլ անվտանգությունը կվերաճի ներքին սպառնալիքների ու ճնշման գործիքների առանձին խմբերի նկատմամբ կամ առանձին խմբերի կողմից։ Այսինքն՝ մենք որպես մարդ, որպես քաղաքացի կարիք ունենք և՛ ժողովրդավարության, և՛ անվտանգության, որպեսզի կարողանանք ապահովել մեր կենսունակությունը։ Միմյանց ստորադասումը ոչ մի կերպ չի կարող մեզ օգնել»։

Այս պահի դրությամբ, Փաշինյանի գնահատմամբ,  Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ներքին վտանգներ չկան։ Ասում է՝ հնարավոր բոլոր վտանգներն արտաքին են,  հայտնի ու տեսանելի բոլորին։ Որպես օրինակ ընտրում է 2021 թվականի մայիսի դեպքերը։ Հիշում է՝ մայիսի 10-ին ուժի մեջ է մտնում իր հրաժարականը,  խորհրդարանը լուծարվում է։  այսինքն՝ երկրում փաստացի չկան ո՛չ կառավարություն, ո՛չ խորհրդարան, և մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում։ Զրո արձագանք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից:

«Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ: Որովհետև պարզվում է, որ նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար: Ու նրանք չունեն բացատրություն։ Եկեք պատկերացնենք․ 2021 թվականի մայիսին, եթե լինեինք մեր ռեակցիաները «գծային», մենք և՛ ժողովրդավարությունը կկորցնեինք, և՛ պետությունը կկորցնեինք, և ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա»։

Ներկա ժողովրդավարության և անվտանգության պայմաններում ստեղծված իրավիճակից առանձնապես գոհ չէ ընդդիմադիր պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Իրավիճակը դիտարկում է սահմանամերձ բնակավայրի բնակչի տեսանկյունից։ Համոզված է՝ անվտանգությունն ու ժողովրդավարությունը լրջագույն բախումներ են ունենում հայաստանյան պայմաններում։

«Երևի այս դահլիճում քչերը կհասկանան, թե ինչ է նշանակում իսկապես ապրել սահմանամերձ շրջանում, ձգտել ժողովրդավարության և որպեսզի պատկերացնեք՝ Վարդենիսում մեր տանը մենք, օրինակ, հերթով ենք քնում, որովհետև մենք չգիտենք՝ գիշերը ինչ կլինի։ Որպեսզի հասցնենք երեխաներին օգնել և կարողանանք իսկապես իրավիճակը վերահսկել։ Սա որպեսզի հասկանաք, թե ժողովրդավարական Հայաստանում, սահմանամերձ շրջանում մարդիկ ինչ կենսակերպով են ապրում»։  

Արդեն երկրորդ անգամ անցկացվող ժողովրդավարության հայկական ֆորումի քննարկումներին մասնակցելուց հետո վարչապետ Փաշինյանը մեկնեց Մոլդովայի մայրաքաղաք, որտեղ հունիսի 1–ին ծրագրված  հնգակողմ հանդիպմանը քննարկվելու են նաև հենց վերոնշյալ հարցերը։

Back to top button