ԿարևորՏնտեսական

Արցախի պետնախարարը քննարկել է անասնապահության ոլորտում առկա խնդիրները

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում առկա խնդիրներին: Պետական նախարարը նշել է, որ կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ և անհրաժեշտ են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել:

«Անասնակերի պակասը շարունակվում է լրացվել պահուստային պաշարների հաշվին, բայց քանի որ պաշարներն անսպառ չեն՝ շրջափակման երկարաձգման պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Հետևաբար անհրաժեշտ է ճշգրիտ հաշվարկել առկա հնարավորություններն ու կարճ ժամանակամիջոցում ձեռնարկել խնդրի մեղմմանն ուղղված հետևողական աշխատանքներ»,- իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետական նախարարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում ներկայացնել այս փուլում անհրաժեշտ անասնակերի ծավալը:

Անդրադարձ է կատարվել նաև մսի շուկայում տիրող իրավիճակին, ինչն, ըստ ոլորտի պատասխանատուների, կարող է կարգավորվել կենդանիների հասունացումից հետո:

Խորհրդակցությանը մասնակցել են Գյուղատնտեսության, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներն ու փոխնախարարները, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը:

Back to top button