ԿարևորՀասարակություն

«Մալաթիա» տոնավաճառը նորից աշխատում է

«Մալաթիա» տոնավաճառին թույլատրվել է վերսկսել աշխատանքը։ Հրդեհային անվտանգության տեսանկյունից հանրությանը սպառնացող խախտումները վերացվել են։ Տոնավաճառի սեփականատերերն այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել և գործունեությունը վերսկսելու հայտ են  ներկայացրել: Հայտը բավարարվել է պայմանով․ տնօրինությանը հստակ ժամկետներ են տրվել մյուս՝ պակաս վտանգավոր խախտումները վերացնելու համար։

«Մալաթիա» տոնավաճառում իրականացված վերջին ուսումնասիրություններով պարզվել է, որ խախտումները, որոնց պատճառով որոշվել էր փակել տոնավաճառը, վերացվել են։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պետ Գարեգին Խաչատրյանի փոխանցմամբ՝ կատարված աշխատանքների արդյունքում վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը։

«Տոնավաճառի սեփականատերերի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, և այս պահին կատարված աշխատանքները ամփոփելու և արդյունքում տոնավաճառի գործունեությունը վերսկսելու որոշում կայացնելու հայտ է ներկայացվել տեսչական մարմին։ Հարցն այս պահին քննարկվում է, կարծում եմ այսօր նաև այդ մասով համապատասխան որոշում կունենանք։ Այժմ մաքրման աշխատանքներ են իրականացվում և ամենայն հավանականությամբ տոնավաճառը կվերսկսի գործունեությունը, սակայն պայմանով․ հստակ ժամկետներ են տրվելու տոնավաճառի տնօրինությանը մնացած խախտումները նույնպես  վերացնելու համար»։

Դրական եզրակացության որոշումը դեռ չկա, բայց  տոնավաճառն արդեն գործում է, աշխատակիցները տաղավարները բացել են, հաճախորդներն էլ գնումներ են կատարում։ Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ տեսչականի հետ բանավոր պայմանավորվածություն ունեն և  կարող են աշխատել։ Ընդամենը հինգ օրում կարողացել են վերացնել արձանագրած խախտումներից ամենաառաջնայինները՝ ասաց զրուցակիցս։

«Առաստաղները փոխվեցին, ջրի խողովակները իջեցվեցին ներքև՝ համապատասխանեցվելով նորմաներին, ամբողջ էլեկտրականությունը փոխվեց, դռների վրա և մեջտեղում փակցվեցին ելքի լուսավորությունները, որ եթե հանկարծ լույսերը հանգեն, երևա, թե ելքը  որտեղ է։ Այն, ինչ հանձնարարել են, ամբողջն արել ենք, մնացած տարածքներում, որտեղ շատ  հրդեհավտանգ չէ, թույլ են տվել աշխատելուց հետո մնացած թերությունները շտկել»։

Թերությունները վերացնելը հեշտ գործ չէ, հատկապես երբ ժամանակը սուղ է, անելիքները՝ շատ։ Աշխատանքներին նաև տոնավաճառի աշխատակիցներն են միացել, որ օր առաջ բացվի շուրջ 600 ընտանիքի եկամուտն ապահովող տոնավաճառը։

«Այդ ամբողջ աշխատանքը 100 հոգով ենք կատարել հինգ օրում։ 2200 քմ առաստաղ ենք փոխել  իր էլեկտրականությամբ և ամեն ինչով»։

Փետրվարի 1-ից «Մալաթիա» տոնավաճառը դադարեցրել էր գործունեությունը, քանի որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տոնավաճառում հակահրդեհային կանոնների խախտումներ էր հայտնաբերել։ Չհամաձայնելով տեսչական մարմնի որոշման հետ՝ տոնավաճառի տնօրինությունը տեսչական մարմնի որոշումը բողոքարկելու համար հունվարի 27-ին դիմել էր վարչական դատարան։

Դատարանը հայցը վարույթ է ընդունել. առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին։ Բայց քանի որ տոնավաճառի փակման օրը շուկայի աշխատակիցներն ու տնօրենը հանդիպել էին տեսչական մարմնի ղեկավարի հետ և ընդհանուր հայտարարի եկել, իսկ այսօր արդեն փաստացի կասեցման որոշումը չեղարկվում է, որոշել են հետ վերցնել նաև բողոքարկման հայցադիմումը։

Back to top button