ԿարևորՀասարակություն

«Գազարի հերթում 425-րդն էի»․ արցախցի կինն ասում է՝ ամենաբարդը հոգեբանական ճնշումը հաղթահարելն է

Արցախի շրջափակման 57-րդ օրը Ադրբեջանը դարձյալ փակել է Հայաստանից Արցախ գնացող գազատարը։ Այդ մասին կեսօրից հետո հայտնեց «Արցախգազը»։ Ստեփանակերտի բնակիչ Անուշ Առուստամյանը «Ռադիոլուրին» պատմում է, թե ինչպես են շաբաթներ շարունակ տունը փայտի վառարանով ջեռուցում։ Անուշը 5 անչափահաս երեխայի մայր է։

«Երբ գազն ամբողջությամբ բացակայում էր, փորձեցինք էլեկտրական սարքերի միջոցով տան ջեռուցումը ապահովել։ Բայց, քանի որ էլեկտրականության հետ էլ խնդիրներ ունենք՝ 6 ժամը մեկ 2 ժամով անջատվում է, եղանակն էլ ցրտեց, տների մեծ մասում արդեն փայտի վառարաններ են տեղադրել։ Հիմա արդեն այդ սարքերը հերթափոխով միացնում ենք»,– ասում է Անուշը։

Վառելափայտ գտնել միշտ չէ, որ հաջողվում է, բացի այդ ամենապահանջված այդ վառելիքն էլ հիմա ավելի թանկ է։ Սակայն փայտը տեղափոխելն էլ է դժվարացել․ տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան։ Անուշն ասում է՝ այնուամենայնիվ, փորձում են հարմարվել․ ամենադժվարը հոգեբանական ճնշումները հաղթահարելն է․

«Երբ մտնում ես խանութ ու այդ դատարկ պահարաններն ես տեսնում, ներսդ ամեն ինչ կաթվածահար է լինում։ Ամեն ինչ սահմանափակ է, երեխաների համար սնունդ պատրաստելու բազմազանություն չկա։ Իհարկե, ինչ–որ մի կերպ բնազդաբար պաշպանվում ենք, դեռ դիմանում ենք»։ 

Վերջին օրերին Արցախի խանութների դատարկ վաճառասեղաններին միրգ, բանջարեղեն, երշիկ ու նրբերշիկ էր հայտնվել, սակայն ոչ բոլորն են կարողանում իրենց նման «ճոխություն» թույլ տալ՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։ Նախ՝ սարսափելի հերթեր են, հետո նաև ֆինանսական խնդիրներ կան։

«Սննդի խիստ սահմանափակումներ ունենք․ դժվար է երեխաների համար եղած սննդով ճիշտ ռացիոն ապահովել։ Այն ապրանքները, որոնք կտրոնով չեն վաճառվում, շատ դժվար է ձեռք բերել, ես մի անգամ գազարի համար հերթ էի կանգնել ու այդ հերթում 425-րդն էի․ պատկերացնում եք քանի ժամ պիտի կանգնեի, բայց դե ինչ անենք, կանգնում ենք։ Օրինակ՝ վերջին հայնված մթերքներից՝ նարինջից, մանդարինից, խնձորից սահմանափակ էին տալիս։ Կարող է հերթում կանգնես ու քեզ չհասնի»,– պատմում է Անուշ Առուստամյանը։

Արդեն 20 օր է՝ Արցախում ձեթը, շաքարը, բրինձը, հնդկաձավարը կտրոններով են վաճառում։ Արցախի բնակչուհին սա ճիշտ մոտեցում է համարում․ գոնե վստահ են, որ իրենց համար նախատեսված չափաբաժինը հաստատ կգնեն։

Անուշ Առուստամյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներից է։ Նա ասում է՝ շրջափակումը նաև բժշկական օրակարգն է փոփոխել․

«Ունենք սահմանափակումներ և՛ օգտագոծվող նյութերի, և՛ դեղորայքի, և՛ լաբորատոր հետազոտությունների, թեստերի։ Արդյունքում՝ հետազոտությունների ցուցումները բավականին խստացրել ենք, այսինք, եթե հիվանդը շտապ ցուցում չունի, փորձում ենք հետաձգել հետազոտումը։ Եթե նախկինում կարող էին գալ, օրինակ՝ Երևանում հետազոտվել, հիմա չեն կարող, փորձում ենք նաև դա հաշվի առնել ու մարդկանց ավելորդ «զրկանքների» չենթարկել»։

Առօրյան օրեցօր ավելի է բարդանում՝ անկեղծանում է 4 դպրոցահասակ երեխաների մայրը։ Ստիպված են դասի չգնացող երեխաներին զբաղեցնել, աշխատանքի գնալ, մթերքի համար հերթ կանգնել ու, ամենակարևորը, հոգեբանական հավասարակշռությունը պահպանել։ Բայց Անուշն ասում է նաև, որ եթե հայրենիքի՝ Արցախի վաղվա օրն ավելի լավն է լինելու, այսօր պատրաստ  են ավելի ուժեղ լինել, դիմանալ։

«Անընդհատ փորձում ենք ինչ–որ դրական նոտա գտնել, մեկս մյուսին դրական էներգիա փոխանցել, կատակներ անել, որ գոնե չգժվենք»,– ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։

Արցախում շրջափակման պատճառով 5000-ից ավելի մարդ կորցրել է աշխատանքը, եկամտի աղբյուրը։ Արցախի կառավարությունն այս վիճակը մեղմելու համար սոցիալական օգնության ծրագիր է շրջանառում։

Արցախի սոցիալական զարգացման նախարարությունն առաջարկում է աշխատանքը կորցրած քաղաքացիներին առավելագույնը նվազագույն աշխատավարձի՝ 68 հազար դրամի չափով գումար հատկացնել։ Աջակցության մեխանիզմ է մշակվում նաև աշխատանք չունեցող այն ծնողների համար, որոնք անչափահաս երեխաներ։  Յուրաքանչյուր երեխայի համար նրանք 40 հազարական դրամ կստանան։  

Back to top button