ԿարևորՀասարակություն

«Հոլոքոստի հիշողության շաբաթ» Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Սկսած 2020 թվականից արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հունվար ամսվա վերջին, Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա (հունվարի 27) կապակցությամբ կազմակերպում է «Հոլոքոստի հիշողության շաբաթ» միջոցառումների շարքը:

Այս տարի միջոցառումների շարքը մեկնարկել է հունվարի 27-ին՝ Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմամբ: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի գլխավորությամբ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը և այլք:

Հուշարձանի մոտ ունեցած իր ելույթում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը նշել է. «78 տարի առաջ այս օրը՝ հունվարի 27-ին, ազատագրվեց Աուշվից-Բիրկենաուն և հենց այս օրը ՄԱԿ-ի 2005 թ. որոշմամբ հռչակվեց որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: 78 տարի հետո Հոլոքոստի շատ վերապրողներ արդեն չկան, և հրեաները այս հարցում հայերից կարող են սովորել, թե ինչպես պահել և հետագա սերունդներին փոխանցել ցեղասպանության հիշողությունը: Այսօր այստեղ Հոլոքոստի զոհերին հիշում են ոչ միայն Հայաստանի հրեական համայնքը, այլ նաև Հայաստանի Հանրապետությունը:

Այս պարագայում կարևոր է Հոլոքոստի հիշատակումը չխառնել Իսրայել պետության քաղաքականության հետ: Այս պահին Արցախում մեր 120.000 հազար հայրենակիցներ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում շրջափակման մեջ են, և տեղին է նշել, որ 2 տասնյակ հրեա գիտնականներ, լրագրողներ և ակտիվիստներ նամակ հղեցին Իսրայելի արտաքին գործերի նախարարին՝ խնդրելով օգնել՝ կանխելու հումանիտար աղետն Արցախում»:

Նույն օրը ՀՑԹԻ գիտաժողովների սրահում առցանց դասախոսությամբ հանդես է եկել Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհամի դասախոսությունը՝ «Երրորդ Ռայխը, պատերազմը և Հոլոքոստը» վերնագրով: Պրոֆեսոր Բլոքսհամն անդրադարձել է Գերմանիայում նացիստական իշխանության տարիներին՝ 1933-1945 թթ. իշխող գաղափարախոսությանը, հակահրեական, ռասիստական քաղաքականությանը և դրանց արդյունքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած հրեաների ցեղասպանությանը: Դասախոսությանը հետևել է հարցուպատասխան, և հետաքրքիր քննարկում ծավալվեց:

«Հոլոքոստի հիշողության շաբաթ» միջոցառումների շարքն ավարտվել է փետրվարի 1-ին: ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը ներկայացրել է «Հրեական գեթթոն որպես Հոլոքոստի իրականացման գործիք» վերնագրով դասախոսություն: Բանախոսը ներկայացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների կողմից վերահսկողության տակ գտնվող տարածքներում հրեաների բռնի մեկուսացման վայրերի՝ գեթթոների ստեղծման մասին, շեշտելով, որ դրանք, ըստ էության, հրեաներին բնաջնջելու միջոցներից էին, քանի որ հրեաներին մեկուսացնելով և առանձնացնելով, հեշտանալու էր նրանց ոչնչացնելու գործընթացը:

Բանախոսն անդրադարձել է գեթթոների տեսակներին, դրանց ինքնակառավարման մարմինների՝ յուդենրատների ձևավորմանն ու գործունեությանը, գեթթոներում առկա անմարդկային պայմաններին, հատկապես՝ սովին, հիվանդություններին: Դասախոսությունն ավարտվել է քննարկումով:

Back to top button