Երաժշտական եռանկյունի

Դավիթ Մելքոնյանի ժազային նախագծերը․ «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանյան ջազային գունապնակը հարուստ է փայլուն կատարողներով, բայց ոչ բոլոր կոլեկտիվները կարող են հպարտանալ սեփական ստեղծագործություններով կամ օրիգինալ երաժշտությամբ հագեցած համերգային ծրագրերով:

Այդ առումով ջազային երաժշտությունը Հայաստանում ներկայացված է երկու թևով: Առաջինում ջազային ստանդարտներ կատարող երաժիշտներն են, որոնց նվագացանկում լայն տարածոմ ու ճանաչում ստացած ջազային ստանդարտներն են, այլ կերպ ասած՝ պիեսները, իսկ երկրորդ թևը ներկայացված է կատարողներով, որոնք նաև ստեղծագործում են, ստեղծում օրիգինալ երաժշտություն:

Սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե ջազային երաժիշտն ունակ է իմպրովիզացիայի, ինչը պարտադիր պայման է ժազային երաժշտության մեջ, ապա նա նաև պետք է գոնե փորձի ստեղծել օրիգինալ երաժշտություն:

«Նույնիսկ այն դեպքերում, երբ ես մշակում եմ, օրինակ, իմ պապիկի՝ կոմպոզիտոր Յուրի Հարությունյանի ստեղծագործությունը, ես այն ձևափոխում եմ ըստ իմ սեփական ստեղծագործական տեսլականի՝ առաջին հերթին համապատասխանեցնելով իմ նվագախմբի տեմբրային առանձնահատկությունների և փորձում եմ հաղորդել նոր որակ և հնչողություն»,- ասում է Դավիթ Մելքոնանը:

Նրա հետ համամիտ է երգչուհի Աննա Կոստանյանը, որը նույնպես նախագծի մասնակից է և բոլոր երգերի կատարողը: Իմ երրորդ զրուցակիցը՝ թմբկահար Արման Մնացականյանը, Հայաստանի ամենապահանջված երաժիշտներից է և բացի Դավիթ Մելքոնյանի ջազային նախագծից, իր խոստովանությամբ, նվագում է գրեթե բոլոր պետական կոմերցիոն և էքսպերիմենտալ կոլեկտիվներում:
«Տարբեր նախագծերում նվագելը, ձեռք բերած փորձառությունը թույլ է տալիս տիրապետել ոչ միայն բազմաթիվ ժանրային տեխնիկաների, այլ նաև ընտրություն կատարել, և հատկապես վերջին շրջանում ես ինձ թույլ եմ տալիս նվագել միայն այն խմբերում, որոնք առավել հետաքրքիր են ինձ՝ առաջին հերթին սեփական, օրիգինալ երաժշտության առումով»,- ասում է Արմանը:

Դավիթն ու Արմանը հաճախ նվագում են իրար հետ՝ հրավիրվելով մասնակցելու բազմաթիվ նախագծերում, որոնցից առանձնանում է «Ապակենտրոնացում» միջազգային ջազային նախագիծը, որը միավորել է տարբեր երկրներում բնակվող հայ երաժիշտներին:

Այդ նախագծի ամենամեծ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր երաժիշտ-կատարող նաև ստեղծագործող է և նվագացանկը բաղկացած է բացառապես սեփական ստեղծագործություններից:

Վերադառնալով Դավիթ Մելքոնյանի ջազային նախագծին՝ նշենք, որ Բոստոնի հայկական թանգարանի նախաձեռնությամբ կայացած համացանցային համերգային պրեմիերաներից մեկը Երևանի կոմպոզիտորների միության ստուդիայում եղած համերգ-ձայնագրության համացանցային շնորհանդեսն էր, որից հատվածները հնչում են հաղորդման մեջ, ինչպես նաև՝ Ճարտարապետների միության համերգային դահլիճում տեղի ունեցած «Ապակենտրոնացում» նախագծի կատարումների ձայնագրությունները:

Back to top button