Երաժշտական եռանկյունի

«Սիներջի կիթառ» հայ-վրացական մրցանակաբաշխություն․ «Երաժշտական եռանկյունի»

2021 թ. Երևանի պետական տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում մեկնարկեց մի մրցանակաբաշխություն, որի անհրաժեշտությունը հասունացել էր շատ վաղուց:

Հայաստանի լավագույն էլեկտրոկիթառահարներն ազատ մրցույթի պայմաններում ներկայացնում էին իրենց մեկնաբանությունները, հայտնի ստեղծագործությունների, իմպրովիզացիայի արվեստը և անհատական ստեղծագործությունները:

Ընդհանրապես նման չափանիշներով կազմակերպված մրցույթները ի հայտ են բերում լավագույններին, որովհետև ոչ բոլոր կատարողներն են ունակ իմպրովիզացիա կատարելու և ոչ բոլորն են, որ ստեղծագործում, հորինում են սեփական ստեղծագործությունները:

Մեկ տարի անց՝ 2022-ին, «Սիներջի կիթառ» մրցանակաբաշխությունը տեղափոխվելով Թբիլիսի՝ արդեն միջազգային մակարդակով միավորեց երկու երկրների կիթառահարներին:

«Ինձ համար շատ կարևոր է գաղափարի զարգացումը, և քանի որ լսումների առաջին փուլը համացանցային է՝ այլ կերպ ասած միջազգային, մեզ հաջողվեց գտնել համախոհներ Վրաստանում և անցկացնել երկրորդ մրցանակաբաշխությունը այդ երկրի մայրաքաղաքում»,- ասում է մրցանակաբաշխության հիմնադիր, կիթառահար Խորեն Միքայելյանը:

Ինքը՝ Խորեն Միքայելյանը, ժամանակին մասնակցելով մի քանի միջազգային մրցույթների և ճանաչվելով որպես լավագույնը, ունի անհրաժեշտ փորձառություն որպես մասնակից և հաղթող և կիրառելով սեփական փորձն ու գիտելիքը՝ հղկեց իր սեփական մրցանակաբաշխության հայեցակարգը՝ ներգրավելով գործող կիթառահարներին:

Եթե 2021-ի հաղթող ճանաչվեց Սևան քաղաքի բնակիչ Էմին Սանեյանը, ապա 2023-ի մրցանակաբաշխությանը մասնակցած մեծ քանակի կիթառահարներից լավագույնը ճանաչվեց մեր հայրենակից, երևանցի Միքայել Բեկթաշյանը:

«Ես նվագում եմ բազմաթիվ ժանրերում, շատ հաճախ հրավիրվում եմ ոչ միայն ռոք խմբերի կողմից, այլև էստրադային և պոպ մենակատարների կողմից: Ինձ համար ոճային տարբերությունները երբեք չեն հանդիսացել խոչընդոտ, հավասար ազատ եմ զգում ինձ ցանկացած ժանրում, բայց ռոք երաժշտությունն ինձ առավել հոգեհարազատ տիրույթ է և շատ գոհ եմ այս մրցույթում հաղթանակով»,- ասում է Միքայելը:

Ժամանակակից երաժշտության մեջ էլեկտրոկիթառը գլխավոր նվագարաններից է, որը գերիշխում է ռոք երաժշտության ժանրում, ինչպես նաև պոպ և ջազային երաժշտության մեջ:

Հայաստանը հարուստ է բարձր կատարողական մակարդակ ունեցող երաժիշտներով, որոնք աշխատելով բազմաթիվ անկախ, պետական և կոմերցիոն նվագախմբերում, զարգացնում և բազմազանում են էլեկտրոկիթառի մշակույթը, իսկ այն հանգամանքը, որ մրցանակաբաշխության նախաձեռնությունը տարածաշրջանում պատկանում է Հայաստանին՝ հաղորդում է համապատասխան կշիռ և նշանակություն հայկական էլեկտրոկիթառային մշակույթին:

Հաղորդման ընթացքում հնչում են Թբիլիսիում կայացած երկրորդ էլեկտրոկիթառային մրցանակաբաշխության մասնակիցների կատարումները:

Back to top button