Մասնագիտություն

Նրանք կազմակերպում ու կառավարում են տրանսպորտային համակարգերը․ «Մասնագիտություն»

Եթե պտտենք պատմության անիվը, ապա մեկ կետից մյուսը ուղևորա-բեռնափոխադրումներ կատարելու համար մարդիկ միշտ գտել են միջոցներ, ուղղություններ և հնարավորություններ։ Եթե անցյալում քայլում, վազում կամ լողում էին, ապա կենդանիների ընտելացումը հնարավորություն տվեց մարդկանց ազատվելու բեռնափոխադրման դժվարություններից, իսկ տեխնոլոգիական առաջընթացի և մի շարք հայտնագործությունների արդյունքում շրջադարձային փոփոխվեց տրանսպորտը. հեծանիվներ, ավտոմեքենաներ, նավեր, ավտոբուսներ, բեռնատարներ, գնացքներ, տիեզերանավեր։

Մեկ բան ակնհայտ է. օդում, ջրում և ցամաքում մարդկանց, փոխադրամիջոցների ու բեռների տեղափոխման համար անհրաժեշտ են ճանապարհներ՝ որպես հաղորդակցության ուղիներ։ Յուրաքանչյուր երկրի տնտեսության արյունատար անոթներն են տրանսպորտային ուղիները՝ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները, որոնք մեծապես որոշում են տնտեսության տարբեր ոլորտների արդյունավետ համագործակցության աստիճանը, իսկ ոլորտի մասնագետների խնդիրն է ճիշտ նախագծել, պլանավորել, կառավարել, արդյունավետ իրականացնել և վերահսկել այս կարևորագույն գործընթացը՝ ապահովելով առավել արդյունավետ ուղևորա — բեռնափոխադրումներ։

Ամբողջ աշխարհում տարեցտարի ավելացող տրանսպորտային միջոցների հետևանքով առաջանում են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք կապված են երթևեկության կազմակերպման, աշխատանքի արդյունավետության բարձրացման և փոխադրումներում բնակչության կարիքների առավելագույն բավարարման հետ։ Այս ողջ գործընթացի նախագծումն ու տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կառավարումը ճարտարագետների ձեռքերում է, որոնք նպաստում են բեռնա — ուղևորափոխադրումների ժամկետների կրճատմանը, երթևեկության անվտանգության բարձրացմանը, շրջակա միջավայրի վրա տրանսպորտային միջոցների բացասական գործոնների ազդեցության կրճատմանը, տրանսպորտային հիմնախնդիրների լուծման համար կիրառում են ժամանակակից մեթոդներ, երթևեկության կառավարման ավտոմատ համակարգեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ճանապարհափողոցային ցանցի թողունակությունը, նվազեցնել տրանսպորտային խցանումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, բարձրացնել երթևեկության արագությունը և հարմարավետությունը։

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերիկ Հարությունյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող Խաչատուր Խաչատրյանի հետ:

Back to top button