ԿարևորՔաղաքական

Պետական պահպանության ծառայությունը՝ ԱԱԾ-ից դուրս, երաշխիքները՝ ժամանակավոր

Կառավարությունն առաջարկում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության մարմինների համակարգից,  դրան տալ առանձին կառույցի կարգավիճակ և ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում: Օրենսդրական փաթեթն այսօր քննարկվել է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի ընթացքում։

Գործող կարգավորումներով  ցմահ պետական պահպանություն  է տրամադրվում հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին: Կառավարությունն առաջարկում է նաև սահմանափակել այդ ժամկետները։

Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանում թարմացրել է  սուպերվարչապետության մասին քննարկումները։ Ընդդիմությունն այդ համակարգն ամրապնդելու վտանգ է տեսնում, իշխանությունը խոսում է «սուպերընդդիմության» անհրաժեշտության մասին։

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը խորհրդարանը քննարկեց հրատապ կարգով։ Հիմնական զեկուցող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ անվտանգության մարմինների բարեփոխումների հանձնառությունը կառավարությունը ստանձնել է 2021-26 թթ.-ի գործունեության միջոցառումների ծրագրերով, իսկ այդ բարեփոխումների անհրաժեշտությունը, նրա ձևակերպմամբ, սրվել է հատկապես 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո։     

«Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը, որովհետև կան բազմաթիվ խնդիրներ, որոնք գործող համակարգով հնարավոր չէ լուծել»։   

Օրենքում առաջարկվող առանցքային փոփոխություններից մեկով պետական պահպանության ծառայությունն առանձնացվում է ազգային անվտանգության մարմինների համակարգից, դրան տրվում է առանձին կառույցի կարգավիճակ և ներառվում վարչապետին ենթակա մարմինների շարքում: «Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանը հիմնական զեկուցողից, մասնավորապես, հետաքրքրվեց.

 «ԱԱԾ-ն ինչո՞վ էր կաշկանդված, երբ որ այդ կառույցը ԱԱԾ-ում էր գտնվում։

«Ես կարող եմ ասել, որ ԱԱԾ-ն կաշկանդված չի եղել, պարզապես ֆունկցիաներն են շատ եղել։ Դա ոչ թե կաշկանդել է, այլ հնարավորություն չի տվել կառույցին կամ ինստիտուտին՝ արդյունավետ աշխատելու։ Հնեց սա է պատճառը, որ փորձում ենք բարեփոխումների շրջանակում դուրս բերել որոշ կառույցներ և հնարավորություն տալ ավելի մեծ ջանքեր ու եռանդ ներդնել հիմնական լիազորությունների և պարտավորությունների շրջանակում»։  

Առաջարկվում  է նաև սահմանափակել պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետները՝ սահմանափակելով համապատասխանաբար 7 և 10 տարիներով: Գործող կարգավորմամբ՝  ցմահ պետական պահպանություն  է տրամադրվում Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին:  

Ընդդիմությանը մտահոգում է, որ  նորաստեղծ կառույցը պետք է գործի վարչապետի ենթակայությամբ։

Ժամանակին սուպերվարչապետություն քննադատած ուժն այսօր բարեփոխումներ է առաջարկում, որով, ընդդիմադիր պատգամավորների համոզմամբ, վարչապետի լիազորություններն ընդլայնվում են։ «Հայաստան» դաշինքի  անդամ Ագնեսա Խամոյան։

«Ակնհայտորեն սուպերվարչապետական համակարգն է սրանով ուժեղացվում, որը քննադատում էր ձեր կուսակցության ղեկավարը։

Արմեն Գրիգորյան․ «Ես դեմ եմ եղել սուպերվարչապետության համակարգին մի կոմպոնենտի բացակայության պայմաններում՝ ազատ, արդար ընտրությունների ։ Երբ կան ազատ, արդար ընտրություններ, և համակարգը ժողովրդավարական է, ես այդպիսի խնդիրներ չեմ տեսնում, որովհետև կառավարությունը, կարծում եմ, պատասխանատու է հանրության առջև, կա ընդդիմություն, որը հնարավորություն ունի հարցեր բարձրացնելու , այս առումով, կարծում եմ, որ ինձ համար տարբերություն չկա՝ սուպերվարչապետություն է, թե վարչապետություն։ Կարևորը, որ լինեն ազատ, արդար ընտրություններ»։

Խորհրդարանական մեծամասնությունը տարակուսում է՝ ընդդիմությունը հանձնաժողովների քննարկումներին չի մասնակցում, բայց դատողությունների  ու քննադատության պակաս չկա։ ՔՊ-ից հակադարձում են՝  նախագիծը չպետք է առանձին դիտարկել համակարգային փոփոխություններից։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ պետք է հրաժարվել «սուպերվարչապետ» ձևակերպումից։ 

« «Սուպերվարչապետ» բառը չի բնորոշում մեր պետական կառավարման համակարգը, վարչապետի կառավարման մեջ պետք է լինի նման կառույցների օպերատիվ կառավարման լայն հնարավորություն, բոլոր երկրներում այդպես է և մեզ մոտ էլ այդպես պետք է լինի»։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կարծիքով՝ ընդդիմությունը փորձում է ստվերել, նսեմացնել ցանկացած ռեֆորմ։  Երբ  ընդդիմությանը բովանդակային քննարկումների մեջ մտնի, այդ ժամանակ Հայաստանը կունենա «սուպեր ընդդիմություն»՝ ասում է Կոնջորյանը:

Back to top button