ԿարևորՔաղաքական

Ի՞նչ են Stratfor-ին հուշել Բրյուսելի հանդիպման չեղարկումն ու սահմանային լարվածությունը

Թեև միջազգային տարբեր հարթակներում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը, բայց որոշ զարգացումներ, այդ թվում՝ դեկտեմբերի 7–ին նշանակված հանդիպման տապալումն այլ վերլուծությունների առիթ են տալիս, որոնք բացառում են մինչև տարեվերջ «խաղաղության պայմանագրի» կնքումը։

Շփման գծում աճող լարվածությունն էլ վերլուծաբաններին հուշում է,  որ Ադրբեջանը նախապատրաստում է նոր էսկալացիա։ Դրա մասին խոսել են նաև Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը։

Այս պայմաններում է տարածաշրջանային այց կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։ Մեկշաբաթյա այցը տարածաշրջան նա սկսել է Բաքվից, հետո մեկնել է Թբիլիսի, որտեղից կժամանի Հայաստան։

Ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին վերջին 24 ժամվա ընթացքում միջնորդ երկրներից ամենաշատը խոսել են ԱՄՆ ներկայացուցիչները։

Նախ՝ տարածաշրջանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։ Բաքու–Թբիլիսի–Երևան․ այս հաջորդականությամբ է ամերիկացի պաշտոնյան իրականացնում այցը։ Վերլուծաբանների ուշադրությունը գրավել է փաստը, որ այցի առաջին կանգառում՝ Բաքվում, Միացյալ Նահանգների դեսպանատնից նա ուղերձ է հրապարակել։  

«ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում եկող տարում պահպանել այդ տեմպը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է խաղաղության հնարավորությանը և Հարավային Կովկասի ներուժին։ Նա ինձ խնդրել է այս շաբաթ տարածաշրջան գալ։ Խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, քանի որ հակամարտությունը տարիներ շարունակ կողմերին տառապանքներ է պատճառել։ Այնուամենայնիվ, խաղաղ ապագայի համար հույս կա: Հուսով եմ, որ այս խաղաղ բանակցությունների թափը կպահպանվի: Երկու երկրների կողմից ես տեսել եմ իրական, համարձակ քայլեր, որոնք կարող են կառուցել ամուր խաղաղություն»

Ուղերձը միանշանակ չէ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի համար։ Առաջին հարցը վայրի ընտրությունն է՝ ինչո՞ւ Բաքվում և այցի սկզբում, այլ ոչ թե նաև Թբիլիսի և Երևան այցելելուց հետո։ Նացի դրանից՝  դեսպանի լավատեսական գնահատականները Բադալյանին արհեստական են թվում՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտության բարդությունն ու հատկապես վերջին օրերին շփման գծում Ադրբեջանի ռազմա-քարոզչական ակտիվությունը: Վերլուծաբանը հիշեցնում է, որ վերջին շրջանում Ադրբեջանը ԱՄՆ–ի համար դարձել է կարևոր գործընկեր հատկապես Իրանի հարցում։

«Ադրբեջանն այդ առումով կարող է լինել թե դետոնատոր, թե «շանթարգել», ու այստեղ իսկապես շատ բան կախված է ամերիկա-ադրբեջանական երկխոսության բնույթից»,– գրել է վերլուծաբանը։

Ռիքերի լավատեսությունը զարմանալի է նաև մեկ այլ տեսանկյունից։ Քաղաքական և ռազմական հիմնախնդիրների թեմաներով վերլուծություններ կազմող Stratfor ամերիկյան կենտրոնի փորձագետներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հակամարտության վերջին կարևոր զարգացմանը՝ «Բաքուն չեղարկում է Երևանի հետ բանակցությունները՝ սպառնալով Լեռնային Ղարաբաղին» խորագրով  վերլուծությամբ։

Ըստ Stratfor-ի՝ իրավիճակը փաստում է, որ բանակցությունները կանգ են առել: Ամերիկացի վերլուծաբանները նկատում են, որ Բրյուսելի հանդիպումը չեղարկել է Ադրբեջանը և հենց այն փուլում, երբ Բաքուն Երևանին ի պաշտոնե մեղադրում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ զենք ու զինամթերք փոխադրելու մեջ, իսկ ադրբեջանական մամուլում ակտիվորեն քննարկվում է ռազմական նոր գործողություն սկսելու անհրաժեշտությունը: Այս ամենը համադրելով՝ Stratfor-ի վերլուծաբանները ենթադրում են․

«Խաղաղության գործընթացում էական առաջխաղացում ապահովելու հարցում երկու կողմերի ձախողումը և հռետորաբանության փոփոխությունը թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանը հետզհետե ավելի է հակվում ուժ կիրառելու իր լծակները ցույց տալուն, իսկ դա նշանակում է, որ հայ — ադրբեջանական սահմանին կամ Լեռնային Ղարաբաղում արյունալի նոր միջադեպերի հավանականությունն աճում է։ Բռնությունների հնարավոր վերսկսումը էլ ավելի անհավանական կդարձնի մինչև տարեվերջ բեկում մտցնելու և խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարը»:

Այն, որ Ադրբեջանը իրավիճակը տանում է էսկալացիայի, Հայաստանում բարձրաձայնում են ոչ միայն վերլուծաբանները, այլև պաշտոնյաները։ Օրեր առաջ դրա մասին խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, իսկ ավելի վաղ՝ իր վերջին հարցազրույցում, թեմային անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը։

«Որևէ մեկը չի կարող ասել, որ այդ տրամաբանությունը փաստարկված չէ։ Բայց մյուս կողմից դա չի նշանակում, թե մենք ուղղակի դա պետք է արձանագրենք և համակերպվենք այդ իրողության հետ և համակերպվենք այն իրողության հետ, թե հաջորդ հանգրվանը նոր էսկալացիան է։ Ես կարծում եմ և ըստ էության, գործնականում հենց դա եմ փորձում իրականացնել, որ շատ կարևոր է նախ հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի «նախապայման»։ Դրա լավագույն ձևը, կարծում եմ, գույքագրելն է և ճշգրտելը այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ։ Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են»։

Իրավիճակը սրելու Ադրբեջանի ցանկություններն ակնհայտ են նաև քաղաքագետների համար։ Ռոբերտ Ղևոնդյանը, օրինակ, Ադրբեջանի ցանկացած կեցվածքի դեպքում էսկալացիայի հավանականությունը բարձր է գնահատում։

«Պետք է հասկանանք, թե էսկալացիան ինչ նպատակ է հետապնդելու։ Եթե խոսքը միջանցք բացելու մասին է, ապա նման փորձեր մենք պետք է սպասենք անընդհատ՝ անկախ նրանից՝ Ադրբեջանը կառուցողակա՞ն հանդես կգա, թե՞ ապակառուցողական, կչեղարկի՞ ինչ–որ հանդիպում, թե՞ հանդիպումներին կմասնակցի։ Իսկ եթե խոսքը Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար սադրանքների դիմելու մասին է, սա ևս շատ ակտուալ և սպասելի է։ Այնուամենայնիվ, այս դեպքում պետք է հասկանանք, որ այդ ճնշումն էլ իր հերթին ունի որոշակի արտաքին հիմքեր»։  

Էսկալացիա ասելով՝ հատկապես որ ուղղությունը նկատի ունեն վերլուծաբանները։ Տիգրան Գրիգորյանի համար այս հարցում ուղղորդող են ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախները։

«Այս փուլում, կարծես թե ավելի շատ ակտիվություն նկատվում է Արցախում։ Ամեն օր տեսնում ենք, որ հաղորդագրություններ են տարածվում թե՛ Արցախի ՊԲ և թե՛ Ադրբեջանի ՊՆ կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, եթե ինչ–որ էսկալացիա տեղի ունենա, այն տեղի կունենա հենց Արցախում։ Միջազգային հանրության տարբեր ազդեցիկ խաղացողներ ինչպես ԱՄՆ–ն կամ ԵՄ–ն կարող են ինչ–որ հայտարարություններով հանդես գալ, բայց իրականում նրանց լծակները «գետնի վրա» բավական սահմանափակ են։ Այստեղ ռազմական ներկայություն ունեցող տարածաշրջանային միակ ուժը Ռուսաստանն է, որը ինչ–ինչ պատճառներով Ադրբեջանի հետ ուղիղ առճակատման չի ցանկանում գնալ»։

Վաշինգտոնը շահագրգռված է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կնքեն, ինչպես նաև սահմանը հնարավորինս շուտ սահմանազատվի՝ իր հերթին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Մայքլ Քարփենթերը։ Թեև Ադրբեջանի նախագահը հրաժարվել է Բրյուսելում դեկտեմբերի 7–ին նշանակված հանդիպումից, բայց դեսպան Քարփենթերի խոսքով՝ Միացյալ Նահանգները կշարունակի ուղիներ փնտրել Հայաստանի և Ադրբեջանի նախարարների և ղեկավարների միջև շփումը պահպանելու համար: Ասում է, որ այս հարցում սերտորեն աշխատում են Եվրամիության գործընկերների հետ և դիտարկում են ԵԱՀԿ գործիքակազմը կիրառելու հնարավորությունը:

Back to top button