Վերնատուն

Հայ մշակույթը՝ առավել ճանաչելի․ հայկական գորգ․ «Վերնատուն»

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ցուցադրությունը։ Թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը և ազգագրության բաժնի գիտաշխատող, ֆոնդապահ Հասմիկ Պետրոսյանը խոսում են ցուցահանդեսի առանձնահատկությունների, նպատակների, գորգագործության ավանդույթի ճանաչելիության, Պատմության թանգարանի ցուցահանդեսների կազմակերպման կարևոր շեշտադրումների մասին։

«Դրվագներ ինքնության» շարքը մեկնարկել է 2021 թվականին, առաջին ցուցադրությունը նվիրված էր հայկական տարազներին, երկրորդը ներկայացնում էր հայկական զարդերը, իսկ երրորդն արդեն՝ հայկական գորգը։

Ցուցադրության ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահպանվող գորգերի, կարպետագործ առարկաների չցուցադրված նմուշներ։

Ցուցադրությունը համադրված է գորգագործության ավանդույթի մասին պատմող արխիվային լուսանկարներով, հնագիտական մի շարք նմուշներով, գորգագործության համար նախատեսված գործիքներով, հնագիտական պեղումներից հայտնաբերված տեքստիլի նմուշներով, որոնք վկայում են Հայաստանում տեքստիլի ու գորգագործության վաղնջական ավանդույթների մասին։

Պատմության թանգարանի գորգի հավաքածուն հարուստ է, այստեղ պահվում է շուրջ 2000 գորգ, կարպետ և կարպետագործ առարկա։

Թանգարանի գրեթե բոլոր ցուցադրություններն այսօր ունենում են ժամանակակից մոտեցումներ, կրթական ինտերակտիվ մաս։ Այս ցուցադրությունների նպատակը հանրության շրջանում հայ մշակույթը առավել ճանաչելի դարձնելն է, գորգագործության ավանդույթների մասին գիտելիքների հանրայնացումը։

Back to top button