ԿարևորՀասարակություն

Գիտություն, տեխնոլոգիա, մշակույթ. տոնական ցուցահանդես՝ Գիտության համաշխարհային օրվա առթիվ

Նոյեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպվել էր տոնական ցուցահանդես՝ նվիրված Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան և ՀՀ ԳԱԱ հիմնադրման օրվան:

ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների երիտասարդ գիտնականները դպրոցականներին և ուսանողներին ներկայացրել են իրենց գիտական աշխատանքները, կատարել գիտափորձեր, ծանոթացրին ժամանակակից սարքավորումների հետ:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողները ներկայացրել են Տեսլայի կոճը, որն էներգիա է հաղորդում հեռավորության վրա՝ առանց հաղորդալարերի: Ցուցադրել են լազերային լույսի միջոցով ձայնի հաղորդման համակարգը: Իսկ ցուցափեղկում ներկայացված են եղել ինստիտուտում աճեցված բյուրեղները, պատրաստված օպտիկական տարրերը և նանոբջիջները:

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողները հյուրերին ծանոթացրել են մանրէների վերացանքսի մեթոդաբանությանը, ներկայացրել են կենտրոնի արտադրանքը՝ «Նարինե» կաթնաթթվային մթերքը, «Էկոբիոֆիդ» կենսաբանական պարարտանյութը, տարբեր յուղեր և նյութեր:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականները ներկայացրել են ինստիտուտում ստեղծված Քովիդ-19-ի թեստերը: Ցուցադրել են երրորդ սերնդի սեքվենատորը, որի միջոցով Քովիդ-19 համավարակի տարածման ժամանակ իրականացվել է գենոմի սեքվենավորում և տարբեր շտամների որոշում:

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ցուցասեղանին ցուցադրված են եղել ջրի որակական անալիզի սարքավորումը, հեռազննման համար անօդաչու թռչող սարքը, սննդանյութերի կազմը և կալորիականությունը որոշող «խելացի» կշեռքը:

ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականները ներկայացրել են մանրադիտակ, սպիտակուցների անջատման աշտարակ, իմունո ֆերմենտային անալիզի պլանշետ, քաղցկեղածին բջիջների պրեպարատներ:

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները դպրոցականներին ծանոթացրել են հնէաբուսաբանական նմուշների, սերմերի բանկում պահվող սերմերի, ծաղկի փոշեհատիկների հետ:

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ցուցասեղանին ներկայացված են եղել ինստիտուտի գիտնականների կողմից հրատարակված գրքերը: Դպրոցականները ծանոթացել են խաղի հետ, որը ցույց է տալիս, որ մաթեմատիկան օգտագործվում է գաղտնագրության մեջ դեռ հնագույն ժամանակներից:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ցուցասեղանին է եղել 3D դիրքի անալիզի և հայտնաբերման ծրագիրը:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները հանդիպել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կենդանի լեգենդ Հովհաննես Չեքիջյանի հետ: Մաեստրոն պատմել է իր մանկության մասին, ներկայացրել իր կյանքի հետաքրքիր դրվագները: Ցուցադրվել են տեսանյութեր Հովհաննես Չեքիջյանի համերգային ելույթներից:

Գիտության համաշխարհային օրը նշվել է նաև ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպություններում: Անցկացվել են հատուկ միջոցառումներ, գիտաժողովներ, գիտափորձեր, գիտարշավներ:

Back to top button