Էկոսֆերա

Սահմանամերձ մի շարք համայանքներում խաթարվել են գյուղատնտեսական աշխատանքները․ «Էկոսաֆերա»

Սահմանային գոտիները բնականոն բնօգտագործման գործընթաց չեն իրականացնում։ Խաթարվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Կա վտանգ, որ խոպան հողերի քանակը կմեծանա, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել համայնքների սոցիալական լարվածության մեծացմանը։

Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի ղեկավար Արշակ Կարապետյանը պատմեց, որ ավելի քան երկու տարի ինքը, ինչպես նաև համագյուղացիներից շատերն իրենց այգիները չեն մշակում։ Սահմանին մոտ է, կա մտավախություն, որ թշնամին կթիրախավորի։ Ասում է՝ արդեն իսկ ծառերի մեծ մասը չորացել են։

Ոչ միայն Սյունիքի, այլև Գեղարքունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչներն ունեն գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու խնդիր։ Պաշտոնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 3000 հա ցանքատարածություն չի մշակվել: Ինչի մասին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վերջերս տեղեկացրեց դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։

Առկա խնդիրը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ առանց այդ էլ մեր երկրի հողերի շուրջ 28%-ը խիստ դեգրադացված կամ անապատացված են։ Ռազմական գործողությունների հետևանքով հրդեհված կամ չօգտագործված հողերը նույնպես կարող են ենթարկվել դեգրադացման։

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանի խոսքով՝ 2020 թվականից հետո, հասկանալի պատճառներով, մանրամասն ուսումնասիրություններ չեն արվել՝ գնահատելու համար պատերազմի հետևանքները բնօգտագործման գործընթացի վրա։

«Սահմանային հատվածներում արդեն ֆիքսում ենք բազմաթիվ միջադեպեր, երբ խաթարվում են աշնանային գյուղատնտեսական աշխատանքները։ Գարնանային,ամառային սեզոնին նույնպես այդ պրոցեսը բացասական ազդեցությունն է ունեցել։ Սահմանային բոլոր գոտիները՝ սկսած Տավուշից մինչև Սյունիքի հատված, բնականոն բնօգտագործման գործընթաց չեն իրականացնում ՝ կապված անկայուն ռազմական գործողությունների ամենօրյա վտանգի հետ։ Այն տարածքները, որոնք չեն մշակվում և գյուղատնտեսական ակտիվ միջամտություն չեն արվում, անմշակ մնալով էականորեն նպաստում են անապատավտանգավորության աստիճանի անընդհատ մեծացմանը»։

Թեև տեղային ուսումնասիրություններ արված չեն, սակայն 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը տեղեկացրեց, որ կան արբանյակային տվյալների վերլուծություններ․

«Սահմանային հողերում անտառային հրդեհները մեծ չափով վտանգում են հողերին ու կենսաբազմազանությանը։ Տեղային ուսումնասիրություններ արված չեն՝ հաշվի առնելով ներկա անվտանգային իրավիճակը, բայց տիեզերական լուսանկարների միջոցով ՇՄՆ հիդրոմոնիթորինգի ՊՈԱԿ-ը զբաղվում է որոշակի աշխատանքներով և կան որոշակի տվյալներ, բայց այս պահին կոնկրետ ուսումնասիրություն հնարավոր չէ անել։ Այդուհանդերձ, հրդեհները մեծամասամբ վտանգում են և՛ ծառերին, և՛ հողերին»։

Առհասարակ չօգտագործված հողերի համար Կառավարությունն ունի մշակված ծրագիր, սակայն խոսքն այս դեպքում չի վերաբերում բուն ռազմական իրավիճակով պայմանավորված հողերի չօգտագործմանը։ Նարինե Հակոբյանի փոխանցմամբ՝ փորձ է արվում ներդրումների համար արդյունավետ ծրագրեր իրականացնել։

Back to top button