ԿարևորՀասարակություն

Եռամսյա վարժական հավաքները 25-օրյայով փոխարինելու որոշումը դեռ մշակվում է

Եռամսյա հավաքները 25-օրյա պարտադիր հավաքներով փոխարինելու նախագիծն առայժմ լրամշակվում է, փաստաթուղթը  ներքին շրջանառության փուլում  է և շահագրգիր գերատեսչությունների կարծիքներից հետո միայն կներկայացվի հանրային քննարկման՝ «Ռադիոլուրին» հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Նրա խոսքով՝ փոփոխությունները կսահմանվեն  կառավարության որոշման նախագծով։ Թե երբ այն կներկայացվի գործադիրի հաստատմանը, դեռ պարզ չէ։

Հավաքների տևողությունը 1/3-ով կրճատելու մտադրության մասին հայտարարվեց կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ նախագիծը դեռ մշակվում է, և մինչև դրա ընդունումը հավաքները կշարունակվեն եռամսյա ձևաչափով։

«Մեր նպատակը հետևյալն է՝ մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25-ը կազմակերպչական հատվածը նաև ապահովելու համար, 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն»,– ասում է Սուրեն Պապիկյանը։

Եռամսյա հավաքները 25-օրյայով փոխարինելը առկա  խնդիրներին  նորերը կավելացնի՝ կարծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող, իրավապաշտպան Արմինե Սադիկյանը։ Ըստ նրա՝ հավաքների գերնպատակը զինապարտ քաղաքացիների մասնագիտական հմտությունները զարգացնելն է, ինչը 25-օրյա ժամկետում հնարավոր չէ անել։

Եռամսյա հավաքներին առնչվող գլխավոր խնդիրներից մեկը, ըստ իրավապաշտպան կազմակերպության, մասնակիցների ընտրության հարցն է․ ով է որոշում՝ ում կանչել, ում չկանչել հավաքին։ Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է, որ մասնակիցները հրավիրում են՝ ըստ պահանջված մասնագիտացումների։ Արմինե Սադիկյանը, սակայն, նշում է՝ քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները հավաքներում ընդգրկվել են ոչ իրենց հիմական մասնագիտացմամբ։

«Վարժական հավաքները ենթադրում են պատշաճ վերապատրաստում՝ ըստ ներգրավված անձանց մասնագիտությունների, բայց մեզ բազմիցս հանդիպել են դեպքեր, երբ, օրինակ, համակարգչային մասնագիտությամբ պարտադիր ժամկետային ծառայության անցած անձը հավաքներում ներգրավվում է որպես հրաձիգ»,– ասում է իրավապաշտպանը։

Վարժական հավաքների իրականացումը խնդիրներ է հարուցում  նաև  գործատու–աշխատող փոխհարաբերություններում։ Իրավապաշտպանն ասում է՝ մարդիկ դժվարանում են 3 ամսով թողնել աշխատանքը, հատկապես եթե վարկեր կամ իրենց խնամքին ընտանիքի անդամներ ունեն։ Այս հարցով Հելսինկյան գրասենյակը բողոք–դիմումներ ստացել է նաև գործատուներից։

Հավաքների ժամկետի կրճատմամբ գործադիրը փորձում է  լուծել հենց այս խնդիրը։ Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ վերջին 1 տարվա ընթացքում նկատել են, որ խնդիրներ են առաջացնում մասնակիցների աշխատանքն ու զբաղվածության աստիճանը։

«Այսինքն՝ դա կառավարելի իրավիճակ է։ Այս պրոցեսը բոլորի համար կլինի պարտադիր, և նաև շատ կարևոր է, մարդիկ պետք է իրենց կյանքը պլանավորեն: Չեմ կարծում, որ որևէ գործատու որևէ աշխատողի 1 ամիս կամ 25 օր բացակայության պատճառով կարող է այդքան տուժել»,– ասում է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ մշակվող նախագծով հավաքի մասնակիցները հնարավորություն կունենան ընտրել պարտադիր հավաքներին մասնակցելու առավել հարմար ժամանակահատվածը։

2018–ին ընդունված կառավարության որոշմամբ՝ այն քաղաքացիները, որոնք ընտրվել են զինվորական հավաքներին մասնակցելու համար, ծանուցում պետք է ստանան 20 օրացուցային օր առաջ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող, իրավապաշտպան Արմինե Սադիկյանն ասում է՝ այս նորմը ևս շատ հաճախ խախտվում է։

«Ընդ որում, չի պահպանվում նաև ծանուցման եղանակների մասին օրենքով սահմանված կարգը։ Ըստ օրենքի՝ քաղաքացին պետք է ծանուցվի կամ թղթային տարբերակով, կամ էլեկտրոնային փոստի միջոցով։ Սակայն մեզ դիմած քաղաքացիները նշում էին, որ իրենք ծանուցվել են հեռախոսազանգի միջոցով»,– ասում է Սոդիկյանը։ 

Քաղաքացիներից գրասենյակը շուրջ 3 տասնյակ բողոք դիմում է ստացել, ըստ գրասենյակի ներկայացուցչի, դրանց  գերակծիռ մասը բուժզննում չանցնելուն է վերաբերում։

«Եթե քաղաքացին նույն օրը շատ հապճեպ ներգրավվում է վարժական հավաքին, ինքը հնարավորություն չի ստանում բուժզննում անցնելու և պաշտպանական գերատեսչությունն ինքն էլ համապատասխան ուղեգրում չի տալիս այդ քաղաքացուն՝ անկախ այն հանգամանքից այդ անձը առողջական խնդիր ունի, թե ոչ»։

Թե ինչ մեխանիզմերով է Պաշտպանության նախարարությունը նախատեսում լուծել հավաքներին առնչվող այս կամ այն խնդիրը, դեռ պարզ չէ, քանի դեռ 25-օրյա հավաքների վերաբերյալ որոշման նախագիծը հրապարակված չէ։ Բայց գործադիրում վստահ են՝ 44-օրյա պատերազմը ցույց տվեց պարտադիր վարժական հավաքների անհրաժեշտությունը և ոլորտում բարեփախումների անխուսափելիությունը։

Back to top button