Երաժշտական եռանկյունի

Հեղինակային երգը Հայաստանում․ «Երաժշտական եռանկյունի»

Այս ժանրը ավանդաբար մեր հաղորդաշարի ուշադրության կետրոնում է, քանի որ ազատ ստեղծագործելու, ինքնադրսևորվելու ձիրքը միշտ գնահատելի է: Հեղինակային երգը կառուցվում է բանաստեղծական խոսքի և երաժշտության խաչմերուկում, մեկը մյուսով է պայմանավորված և ինչպես Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Հայաստանում նույնպես ունի տասնամյակների պատմություն:

Իմ զրուցակիցը` Վախթանգ Հարությունյանը, Հայաստանի «Բարդ ակումբի» հիմնադիրներից է, և նրա հետ զրույցում մենք անդրադառնում ենք ժանրի պատմությանը.

«Եթե համարել երգահանությունը իր բոլոր դրսևորումներով աշուղական երգ, գուսանական արվեստ, կարելի է մեկնարկային կետը փնտրել խորը դարերում: Կարծում եմ ճիշտ կլինի հեղինակային երգը որպես ժանր տարանջատել, չնայած իր հատկանիշներով այն նույն երևույթն է ներկայացնում՝ բանաստեղծական խոսք և մեղեդի: Կարծում եմ՝ երևույթը սկիզբ է առնում 60-ական թվականներից և ինչ-որ չափով ընդհանրություններ ունի խորհրդային միության մեջ զարգացող միտումների հետ՝ տուրիստական երգ, կատակերգ, հայրենասիրական, քնարական և այլն»,- ասում է Վախթանգ Հարությունյանը:

Ժանրի պարտադիր բաղադրիչը կիթառային նվագակցումն է, որն այդ ժանրին հաղորդում է հատուկ հմայք և մտերմիկ հնչողություն: Շատ հեղինակներ մեղեդային գիծը համարում են երկրորդական՝ շեշտը դնելով բառի, բանաստեղծական կառուցվածքի վրա: Այդ շրջանակի երգահաններն իրենց համարում են երգող պոետներ՝ Վիսոցկի, Ակուջավա, Գալիչ:

Հայաստանում հեղինակային երգն ունի իր առանձնահատկությունները՝ ընդգծված հայկականությունը, բովանդակության ազգային ուղղվածությունը և շատ հաճախ հղումներ դեպի միջնադարյան, արևմտահայկական և ժամանակակից պոետների ստեղծագործություններին:

Հայտնի են Վահրամ Թաթիկյանի շարքերը Պաղտասար Դպիրի, Չարենցի, Զահրատի գործերի հիմքով, Արթուր Մեսչյանի երգաշարը Մուշեղ Իշխանի բանաստեղծությունների հիման վրա, Պերճ Թյուրաբյանի Թեքեյանական շարքը և այլն:

Այսօր Հայաստանում գործում է «Բարդ ակումբը», որը պարբերաբար կազմակերպում է տարբեր միջոցառումներ, համերգներ մայրաքաղաքում և մարզերում, բարեգորական ակցիաներ և ամենամյա «Բարդ ֆեստ» փառատոնը:

Հաղորդման ընթացքում հնչում են Վախթանգ Հարությունյանի երգերը:

Back to top button