Վերնատուն

Թարգմանչական ֆորում՝ նվիրված Թարգմանչաց տոնին․ «Վերնատուն»

Մատենադարանում կանցկացվի Թարգմանչական ֆորում՝ նվիրված Սուրբ Թարգմանչաց տոնին: Առաջին անգամ անցկացվող ֆորումը կհամախմբի Հայաստանի լավագույն թարգմանիչներին, բանասերներին, լեզվաբաններին, թարգմանչական կազմակերպություններին՝ «Հայ թարգմանական արվեստի 1600-ամյա ավանդույթը» խորագրի ներքո։

«Ֆորումի նպատակն է մեկ վայրում համախմբել թարգմանչական համայնքին․ բարձրաձայնել խնդիրների մասին, խոսել զարգացումների ու միջազգային փորձի, թարգմանիչների փորձի փոխանակման հնարավորությունների մասին», – ասում է ֆորումի կազմակերպիչ, լեզվաբան, թարգմանիչ Քրիստինե Արշակյանը։

Ֆորումի կազմակերպիչները վստահ են, որ այսպիսի միջոցառումները նպաստում են թարգմանական ոլորտի զարգացմանը։ «Թարգմանչաց տոնը սուրբ տոն հռչակելով՝ մենք իրավունք չունենք կանգ առնել և մնալ տեղում: Ամենամեծ հարցը, որ ֆորումին կքննարկենք մասնագիտական հնարավորությունները գնահատելու կարևորությունն է», – ասում է ֆորումի կազմկոմիտեի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:

Ո՞ր ավանդույթի շարունակողն է ներկա թարգմանչական դպրոցը՝ 1600–ամյա՞, թե՞ խորհրդային միջնորդավորված թարգմանության։ «Այն, ինչ ստեղծվել է հայ թարգմանական ոլորտում, ռուս թարգմանական ոլորտի ազդեցության ներքո է: Վերջին տարիներին մի քիչ մեր դիմագիծը փոխվել է։ Թարգմանական դաշտը հիմա ազատ է ստեղծագործելու, լիաթոք շնչելու համար» , – ասում է Ռուզաննա Ղազարյանը։ Նշում է, որ ամենուր, բոլոր ոլորտներում թարգմանությունը ներկա է և կարևոր։ Նման ֆորումները պետք է լինեն շարունակական՝ կառուցվածքային և կազմակերպված։

Back to top button