Երկրորդ շնչառություն

Հոկտեմբերը տարեցների ամիսն է․ Վանաձորում, Գյումրիում, Իջևանում կանցկացվեն իրազեկող միջոցառումներ․ «Երկրորդ շնչառություն»

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես տարեցների օր։ Ամբողջ ամսվա ընթացքում անցկացվելու են մասսայական միջոցառումներ, որոնց նպատակը 65 և ավելի տարիք ունեցող անձանց հիմնախնդիրների մասին բարձրաձայնելը, դրանց լուծումներ գտնելը և իրականացվող ծրագրերի և ծառայությունների մասին բարձրաձայնելն է։ ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Գալստյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ին և 2-ին Վանաձոր քաղաքում մեկնարկում է հանրային արշավ՝ միտված միջսերնդային կապի ամրապնդմանը, տարեցների խնդիրների բացահայտմանը։

Միջոցառումներ են նախատեսված նաև Շիրակի, Տավուշի և Արմավիրի մարզերում։ Աշխարհում այսօր 50 միլիոն մարդ դեմենցիա ունի, և 2050 թվականի այդ թիվը կանխատեսվում է, որ կհասնի 150 միլիոնի։ Այս պայմաններում հատկապես ծերացող հասարակություն ունեցող երկրներում պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի խնդրի հետևանքները մեղմելու ուղղությամբ։

Հայաստանում 2018 թվականին մահացության ընդհանուր թվի 4,4 տոկոսի պատճառը դեմենցիան է եղել։ 2022 թվականի սկզբից «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարությունն սկսել է Դեմենցիայի ազգային պլանի մշակման աշխատանքները։ Այդ գործընթացում ներգրաված են ոլորտում աշխատող բոլոր կազմակերպությունները, կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ մարմինների հետ, իրենց մոտեցումներն են ներկայացրել ընտանեկան խնամատարները։

Դեմենցիայի ազգային պլանով համակարգվելու են առողջապահության ծառայությունները տարեցների ոլորտում, թե ինչ պետք է արվի առաջնային օղակում այդ հիվանդությունն ունեցող մարդկանց հետ, և լուծումների անհնարինության դեպքում որն է լինելու հաջորդ փուլը։ Անդրադարձ է լինելու նաև պալիատիվ խնամքին ու ծառայություններին։ Ք․Գալստյանի խոսքերով, հիվանդների, ինչպես նաև ռիսկի գոտում գտնվող անձանց վերաբերյալ տվյալների բացակայությունն այսօր նույնպես խոչընդոտ է ծառայությունների մատուցման առումով։ Նա տեղեկացրել է, որ այս ոլորտում աշխատող «Ալցհայմերի խնամք Հայաստանը» ամբողջ երկրում մեկ կատարում է հիշողության գնահատում և տվյալները տրամադրելու է ՀՀ առողջապահության նախարարությանը, ինչը թույլ կտա ժամանակին և որակյալ ծառայություններ մատուցել։

Դեմենցիայի ազգային պլանով նախատեսվում է նաև վերապատրաստել ընտանեկան բժիշկներին, թերապևտներին և մյուս բուժաշխատողներին։ «Առաջնային օղակը դարպասապահ դառնա այս խնդրի դեմ պայքարում, իրենք կճանաչեն և կկառավարեն հիվանդությունը և միայն բարդ դեպքերում կուղղորդեն մասնագիտական ծառայություններին»,-նշել է առողջապահության կազմակերպիչը՝ եզրափակելով, որ պետությունը խրախուսելու է վաստակած ծերության արտերկրում կիրառվող մոդելը, երբ մարդիկ ընտանիքին նվիրվելուց ու թոռների խնամքից բացի, վայելում են ակտիվ ու առողջ կյանքը նաև 65-ից հետո։

Back to top button