Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Բոլորիս կյանքը մի ֆիլմ է, մենք էլ այդ ֆիլմի ռեժիսորը․ Ռոբ Անտոնյան․ «Կյանքին ասել այո՛»

Ընդամենը 104 օր ու զորացրվելու էր, բայց՝ պայթեց պատերազմը։ Ռոբ Անտոնյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով, նաև՝ երաժշտությամբ, հիփ հոփի ժանրում անգամ տեսահոլովակներ ունի։ Զորակոչվել է 2019-ի հունվարի 9-ին, ծառայել է Ստեփանակերտի Ցորի զորամասում։

Պատերազմի օրերին եղել է Ակնայում և Ջրականում։ Հենց հարավում էլ հոկտեմբերի 12-ին ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորվել է։ Հրազենի բեկորը մտել էր ականջը, հասել գանգուղեղ, վնասել դիմային նյարդը՝ առաջացնելով դեմքի ձախ կեսի մկանային պարեզ։ Դրա հետևանքով չէր փակվում աչքի կոպը, անշարժացել էր բերանի մի անկյունը, դժվարացել ուտելն ու խմելը։ Սեղմ ժամկետում անհրաժեշտ էր վիրահատություն՝ առանց որի դիմային նյարդի վերականգնումն անհնարին կլիներ։

Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում կատարվեց բացառիկ վիրահատություն՝ Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյամայի մասնակցությամբ։ Մի քանի փուլով իրականացված վիրահատությունների արդյունքից մեր հերոսն այսօր գոհ է։

Ժամկետից շուտ զորացրվելուց հետո Ռոբը սովորել է «Պանարմենիան» մեդիադպրոցում, ցանկանում էր սպորտային մեկնաբան դառնալ, բայց կյանքը այլ հունով տարավ, այժմ աշխատում է DIGITAIN ընկերությունում որպես թրեյդեր։ Նրա համոզմամբ՝ բոլորիս կյանքը մի ֆիլմ է, մենք էլ այդ ֆիլմի ռեժիսորը։ Հարցազրույցում օգտագործվել են կադրեր «Էրեբունի» բժշկական կենտրոնի հանրային կապերի և լրատվության բաժնի պատրաստած տեսանյութից։

Back to top button