Երաժշտական եռանկյունի

Տիգրան Սուչյանը և Արցախի պետական ջազային նվագախումբը․ «Երաժշտական եռանկյունի»

Ջազային շեփորահար Տիգրան Սուչյանը առավել հայտնի է ավանդական, ավանգարդ և էքսպերիմենտալ ջազի սիրահարներին իր բազմաթիվ և բազմաժանր երաժշտական նախագծերով:

Մենք առիթ ենք ունեցել ամիսներ առաջ անդրադառնալ 44-օրյա պատերազմի ժամանակ նրա հիմնած «Արցախիկներ» անսամբլի գործունեությանը, որը նա ստեղծեց՝ համախմբելով պատերազմի ժամանակ Արցախից Երևան Էվակուացված երեխաներին:

Երաժիշտը պատմում է, որ երեխաներին շեղելու և տրամադրությունը բարձր պահելու միտումով ստեղծված խումբն այնպիսի զարգացում ունեցավ, որ արագ ձևավորելով համերգային երգացանկ՝ համերգներ ունեցավ և նույնիսկ շրջագայություններ՝ մարզերում և Արցախում:

«Երևի հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված էր առաջարկը՝ ղեկավարելու Արցախի ջազային նվագախումբը, և քանի որ արդեն կապվել էի Արցախ աշխարհի հետ, ինքնաբերաբար համաձայնվեցի և գրեթե իմ ամբողջ ժամանակը նվիրեցի նոր երգացանկը ձևավորելուն և ներկայացնելուն»,- ասում է երաժիշտը:

Հայաստանում հայտնի ջազային բիգ բենդը Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, շարունակում է տասնամյակներով ձևավորած ավանդույթները, ներկայացնելով Հայաստանում բիգ բենդ ժանրը, Արցախի պարագայում մի քանի տարի առաջ ձևավորված ջազային նվագախումբը նույնպես նպատակ ուներ համախմբելու ջազային երաժիշտների և ներկայացնելու ջազը արցախյան երանգով:

Տիգրան Սուչյանը ստանձնելով նվագախմբի ղեկավարի պարտավորությունները, որոշակի փոփոխության ենթարկեց երգացանկը, ընդլայնեց երաժիշտների կազմը, գումարեց ժանրային գույներ և թարմ հնչողություն:

Ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքն իր արդյունքը տվեց, երբ նվագախումբը ներկայացրեց իր նոր համերգային ծրագիրը՝ հաջողված համերգով, որի կատարումներից շատերը հնչում են այս թողարկման ընթացքում:

Back to top button