ԿարևորՀասարակություն

Կրթություն՝ հանգստի գոտում  

Արհեստի ու արվեստի վարպետաց դասերից, ազգային երգ ու պարից մինչև  «Սոցիալական ձեռնարկատիրության», «Ծովային հնագիտություն», «Արևային էներգիայի օգտագործման հնարավորություններ»։

Հայաստանից ու Արցախից 90 պատանի Լոռվա գեղեցիկ բնության գրկում նոր գիտելիքներ ու հմտություններ է ձեռք բերել Գյումրու «Ընտանիք» կենտրոնի նախաձեռնած ամառային դպրոցում։

Հայաստանի ուսումնական հաստատությունների, Արցախի ավագ դպրոցների ու քոլեջների 90 պատանիներ 1 շաբաթ հագեցած օրակարգով համատեղում էին գիտելիքը, հայրենաճանաչությունն ու հանգիստը։

Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյան

«Նպատակն էր, որ Արցախում և Հայաստանում բնակվող երեխաները կարողանան համախմբվել, միասնական գաղափարներ քննարկել հայրենասիրության, կրթության, առաջընթացի, զարգացման թեմաներով։ Մեր ուսանողները կներկայացնեն իրենց փորձը»։

Լոռվա չքնաղ բնության գրկում ամառային դպրոցի դասընթացները բազմաբովանդակ են՝ արհեստի ու արվեստի վարպետաց դասերից, ազգային երգ ու պարից մինչև  «Սոցիալական ձեռնարկատիրության», «Ծովային հնագիտություն», «Արևային էներգիայի օգտագործման հնարավորություններ» ու նույնիսկ՝ առաջին բուժօգնություն։

«Մենք ավելի շատ բաներ ենք սովորում սեմինարներից, և ինձ համար ամենակարևորը գիտությունն է»։

Ստեփանակերտից Միլենա Մեժլումյանն արդեն բժշկական քոլեջում է սովորում ու ապագայի հավակնոտ ծրագրեր ունի։

«Ապագայում ցանկանում եմ ուսումս շարունակել Երևանի պետական բժշկական համալսարանում»։  

Ստեփանակերտի 7-րդ դպրոցի սան Անի Գրիգորյանն էլ է ընտրել բժշկի մասնագիտությունը․

«Ցանկանում եմ բժիշկ դառնալ, օգնել բոլորին»։

Արցախցի աշակերտներից շատերն են երազում բժիշկ դառնալ, որ մարդկանց ցավերը բժշկեն։ Շատերը 44–օրյա պատերազմում հարազատներ են կորցրել։ «Ընտանիք» մանկապատանեկան-ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանն ասում է՝ փորձում ենք անհատական մոտեցմամբ բացահայտել յուրաքանչյուրի ուժեղ կողմերը՝նրանց հանրույթի մաս դարձնելով ։

Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը նկատում է՝ երեխաներն այս տարի ավելի հասուն են, կարծես ավելի շուտ են հետևում թողել պատանեկան զվարճանքները։

 «Եվ նույնիսկ հարցերը, որ իրենք բարձրացնում են, ցույց է տալիս, որ մեր երկրի ապագայով մտահոգ դեռահասներ են»։

Գյումրու «Ընտանիք» կենտրոնի և 4-րդ արհեստագործական ուսումնարանի մանկավարժներն ու սաները Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115–ամյակներին նվիրված ծրագրի շրջանակում, օրերս մասնագիտական դասեր, գեղարվեստական միջոցառումներ, միջմշակութային երկխոսության քննարկումներ էին անցկացրել նաև Արցախում։

Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյան

«Հանդիպում ունեցանք Արցախի ԿԳՄՍ նախարարի հետ, եռակողմ հուշագիր ստորագրեցինք, որպեսզի ապագայում  համագործակցենք կրթամշակութային տարբեր  ծրագրերով և հնարավորինս կարողանանք օգտակար լինել, մանկավարժների վերապատրաստում իրականացնել, ինչպես նաև Արցախի երեխաների բերել, ծանոթացնել տարբեր մասնագիտությունների հետ»։

Մինչ ապագայի ծրագրերը կյանքի ուղեգիր կստանան, ամառային դպրոցի սաները Հայաստանի տարբեր մարզեր և Արցախ կվերադառնան հարուստ տպավորություններով, գիտելիքներով ու նոր ընկերներին տված՝ կրկին հանդիպելու խոստումներով։

Back to top button