Էկոսֆերա

Մայրաքաղաքի ծառերը՝ «ինքնազոհության գնացող սանիտարները»․ «Էկոսֆերա»

Երևանի բնակիչները դիմել են «Էկոսֆերա» հաղորդաշարին՝ խնդրելով անդրադառնալ մայրաքաղաքի ծառերի հիվանդությունների ու դրանց վնասատուների խնդրին, որոնք անհանգստություն են պատճառում բնակիչներին։ Նրանց կարծիքով՝ դրանց դեմ պայքարի միջոցառումներ չեն տարվում, իսկ ծառերի վրա միջատների քանակը տարեց տարի ավելանում է։

Երևանի տարբեր վարչական շրջաններում տնկված են տարբեր ծառատեսակներ՝ հացենի, թեղի, թխկի, սոսի, արժեքավոր և դեկորատիվ այլ տեսակներ, ինչպես նաև բուսատեսակներ։

Ծառատեսակների ընտրությունը պատահական չի եղել։ Քաղաքային լանդշաֆտը զարդարելուց կամ էսթետիկ տեսքն ապահովելուց բացի, ծառերը մեծ դեր ունեն օդը վնասակար աղտոտիչներից մաքրելու գործում։

Ինչպես յուրաքանչյուր բույս, այնպես էլ մայրաքաղաքի փողոցները զարդարող ծառերը խնամքի բոլոր միջոցառումների կարիքն ունեն։ Հակառակ դեպքում, այսպես ասած, հիվանդ ծառը գլխացավանք է թե՛ բնակիչների, թե՛ ծառերի մյուս տեսակներին վարակը տարածելու առումով։

Մայրաքաղաքում տնկված ծառատեսակներից հիմնականում խնդրահարույց է թեղին։ Հենց այս ծառատեսակն է ավելի զգայուն հիվանդություններով ու վնասատուներով վարակվելու գործում։

Հայաստանի ագրարային պետական համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշում է, որ մի քանի տարի առաջ խնդիրն այս աստիճան սուր չի եղել։ Մասնագետը նկատել է, որ խնդիրը հիմնականում բակային տարածքներում է։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը «Էկոսֆերա»-ին հայտնեց, որ այս տարվա ապրիլից սկսվել են դեղամիջոցներով ծառերը ցողելու աշխատանքները։

Back to top button