ԿարևորՀասարակություն

Լարսում մաքսային նոր տարածք․ Թբիլիսին ևս պետք է քայլեր ձեռնարկի

Վերին Լարսի անցակետի մոտակայքում կհատկացվի մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք։ Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նշվում է, որ կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման առումով։

Վրաստանում ասում են, որ Վերին Լարսի կուտակումները վերացնելու համար պաշտոնական Թբիլիսին ևս պետք է քայլեր ձեռնարկի։ 

«Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա լրացուցիչ տարածք է հատկացվում։ Հայ-ռուսական աշխատանքային վերջին քննարկումների արդյունքում նման որոշում է ընդունել Ռուսաստանի կառավարությունը։

Ռուսական կողմում բացվող այս տարածքում հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության հետ կապված գործառնություններ, ինչը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման և գոյացած հերթերի պատշաճ կառավարման առումով։

Հայաստանը Ռուսաստանին կապող Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին, ինչպես նաև վրաց-ռուսական անցակետի տարածքում բեռնատարների կուտակումները շարունակվում են։

Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին ասում է, որ պաշտոնական Թբիլիսին ևս պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Վերին Լարս տանող ճանապարհը բեռնաթափելու համար․

 «Այս պահին ոչ մի բեռնափոխադրող չի ուզում անցնել պատերազմի մեջ գտնվող երկրներով, և օգտագործում են Վրաստանի տարածքը։ Մաքսային ծառայողները չեն կարող հասցնել սպասարկել այդ հոսքը, ինչի պատճառով Լարսի հերթերը կշարունակվեն այնքան, մինչև քայլեր չձեռնարկվեն ստեղծված իրավիճակը մեղմելու համար»։

Այս օրերի կուտակումների պատճառներից մեկը ռուսական անցակետի տարածքում շարունակվող վերանորոգման աշխատանքներն են։ Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունն կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։ Ներկայումս օրական բաց է թողնվում միջինը 800-1000 բեռնատար ավտոմեքենա` օրական 400 ավտոմոբիլային միջոցի ընդհանուր անձնագրային հնարավորության պայմաններում: 

Հատկանշական է, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, ռուսական անցակետում հայկական բեռնատարներն օգտվում են ավելի արագ՝ հեշտացված կարգով մաքսային ընթացակարգից։

Պատերազմի հետևանքով Վրաստանի ճանապարհներին լրացուցիչ բեռնավածություն է ստեղծված․ օրերս Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց բարձր գնաճի ֆոնին, երբ հետհամավարակային շրջանում լոգիստիկ ծախսերն ավելացել են, Վրաստանով տարանցիկ տուրքը բարձրացնել։ Սա, ըստ հանրային քաղաքականության հետազոտությունների հայաստանյան կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի կհանգեցնի գնաճի։  

Վրաստանի տարածքով օգտվող բեռափոխադրումների թվով առաջին տեղում Հայաստանն է,  այնուհետև մյուս հարևանները՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը։

Back to top button