ԿարևորՀասարակություն

Եթե ես հաջողեցի, կհաջողի ցանկացածըհայազգի նոբելյան  մրցանակակիրը դասախոսություն է ունեցել Երևանում

«Հայերեն կխոսեմ, կհասկանամ, բայց science-ի (գիտության) համար խոսելը շատ դժվար է»։

Մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը ներողություն է խնդրում ու անցնում անգլերենի։ Խոսքը հիմնականում գիտության մասին է, իսկ դրա մասին Բեյրութում ծնված ու մեծացած գիտնականը հայերեն պատմել դժվարանում է։ Փոխարենը աշխարհին պատմեց, թե ինչպես են սկսում գործել նյարդի ազդակները, որ ընկալեն ջերմությունն ու ճնշումը և դարձավ առաջին հայ Նոբելյան մրցանակակիրը։ Այժմ Հայաստանում է՝ Գիտության ու բիզնեսի՝ հունիսի 13-17-ն անցկացվող օրերին մասնակցելու համար։

«Պատճառներից մեկը, որ ես այստեղ եմ, Հայաստանի գիտության զարգացմանը ծանոթանալը  և նոր համագործակցություններ ձեռք բերելն է։ Ես լսել եմ, որ կառավարությունը ավելացրել է գիտնականներին ու հետազոտողներին հատկացվող ֆինանսավորումը, և դա հիանալի առաջին քայլ է։ Ես նաև հույս ունեմ, որ երիտասարդ ուսանողները կհետևեն իմ օրինակին ու վստահ կլինեն, որ իրենք ամեն ինչ կարող են, քանի որ ես էլ Բեյրութի փոքր ընտանիքից էի, որտեղ գիտությունը հասանելի չէր։ Ու եթե ես հաջողեցի, կհաջողի ցանկացածը»։

Փաթափությանը Բժշկական համալսարանի վերջին նվաճմանն է ծանոթանում՝ շրջում «Քոբրեյն» հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում, ավելի հայտնի՝ ուղեղի կենտրոնում։ Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հիշեցնում է՝ դեռ 2016-ին նա այստեղ էր՝ ուսանողներին պատմելու այն գաղափարի մասին, որը հետագայում պիտի Նոբելյան մրցանակի արժանանար։ Այժմ էլ համալսարանականներն են նրան «Ուղեղի կենտրոնի» մասին պատմում։

«Ուղեղի հետազոտման գործընթացն է, որը շատ մեծ հնարավորություններ է տալիս Այցհայմերի հիվանդության, ինսուլտի, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետ կապված և մի շարք այլ հիվանդությունների, նաև քովիդի հետևանքներով ուղեղի ախտահանումների»։

Փաթափությանը հանդիսավոր կերպով համալրեց Բժշկական համալսարանի խորհրդատվական մարմնի կազմը։ Դրա 7 անդամներից երկուսը, փաստորեն, Նոբելյան մրցանակակիր են։ Համալսարանականներն արարողությունից հետո հնարավորություն ունեցան լսել դասախոսություն հենց գիտնականից․

«Մենք հայտնաբերել ենք՝ ինչպես ենք զգում հպումը, ցավը, արյան ճնշումը, այն ամենը, ինչ կապված է ճնշման հետ։ Սակայն 10-20 տարի կպահանջվի, որ այդ գիտական հայտնագործությունները վերածվեն դեղամիջոցի խրոնիկական ցավը կանխելու կամ արյան ճնշումը կարգավորելու համար  կամ կիրառվեն այլ ոլորտներում, որոնց մասին մենք այս պահին չենք մտածել։ Հիմնարար գիտության գեղեցկությունը հենց նրանում է, որ դրա կիրառությունը գալիս է ժամանակի ընթացքում  և այն ուղղություններով, որոնց մասին մենք ավելի վաղ գուցե չենք մտածել»։

Ինչպե՞ս ենք մենք զգում աշխարհն ու  շրջակա միջավայրը․ Փաթափությանի դասախոսությունը հենց այս հարցի մասին է։ Հպումը նախկինում լավ ուսումնասիրված չէր։ Այսօր այն ճանաչելու հնարավորություն կա։ Գիտնականներն ու ուսանողները այս մասին լսելուն զուգահեռ կարևոր այլ բան են սովորում․ եթե Բեյրութում ծնված հայը, որի համար գիտությամբ զբաղվելու հնարավորությունները մեծ չէին, հաջողեց, իրենք ևս կհաջողեն։

Back to top button