ԿարևորՀասարակություն

Սյունիքի դիրքերում՝ առաջնագծի հարցերով․ մարզպետը ծանոթացել է կահավորման նոր լուծումներին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հերթական այցն է կատարել  Սյունիքի   մարտական դիրքեր։ Առիթը մայիսի 9-ն էր, բայց Ղուկասյանն առաջնագծում հետաքրքրվել է շատ այլ կարեւոր հարցերով ու թեմաներով, որոնց վերաբերյալ մարզպետին ներկայացվել են մանրամասներ։ Մարզպետը նաեւ զրուցել  է զինծառայողների հետ, ծանոթացել խնդիրներին։

-Պարոն գեներալ-մայոր, իմ դիտարկման ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի խախտում տեղի չի ունեցել,-զեկուցեց նպատակադիրքի դիտորդ, շարքային Շահբազյանը։

Սյունիքում տեղակայված մարտական դիրքերից մեկում ենք։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հետ այցելել է Սյունիքի սահմանային դիրքեր: Դիտակետի հերթապահի զեկուցումից հետո մարտական կետ այցելած հյուրերը ծանոթանում են դիրքերի մարտունակության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ 44-օրյա պատերազմից հետո կահավորվել են խրամատները, նոր ժամանակակից տնակ-վրաններ են տեղադրվել։

Գեներալ-մայոր Բուդաղյանը պատմում է  սպառազինության մասին․ ձեռք են բերել  այնպիսի զենքեր ու սարքավորումներ, որպիսիք այս պահին հակառակորդը չունի։ Տեղեկացվում են շատ մանրամասներ, որոնց մասին բարձրաձայնել պետք չէ։
Առաջնագծի  հյուրերը համտեսում են նաեւ զինվորականների ճաշերը, համեղ է՝ նկատում են, նաեւ կատակում՝ նույնիսկ աղը չափավոր է։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մինչև մարզպետ նշանակվելը, որպես վարչապետի խորհրդական ու Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար պարբերաբար այցելել է առաջնագիծ։ Նկատում է՝

«Երկար ժամանակ չէի եղել այս հատվածում։ Բավականին փոփոխություններ կար, բավականին բարելավված է վիճակը։ Որպես օրվա խորհուրդ՝ ես իմ պարտքն էի համարում այցելել առաջնագիծ, տեսնել հայ զինվորին, խոսել նրա հետ, շնորհավորել, տեսնել որ հայ զինվորը կանգնած է ամուր»։

Մարզպետը նաեւ զրուցում է  զինծառայողների հետ, հետաքրքրվում խնդիրներով,  դրվագներ պատմում իր բանակային կյանքից, պատասխանում  հարցերին։ Զինվորներից մեկին հետաքրքրում էր մարզպետի տեսակետը՝ արդյ՞ոք մայիսյան տոները չեն կորցրել  իրենց խորհուրդը։ Ղուկասյանը հարցին այլ դիտանկյունից է նայում՝ պետք է կարողանանք վերագտնել  հաղթական զգացողությունը։

«Իրականում չեմ կարծում, որ կորցրել է, որովհետև մեր պատմության կարևոր էջերից մեկն է։ Օրինակ՝ մայիսի 9-ը թե համաշխարհային իմաստով՝ 1945թ-ի, և թե Շուշիի ազատագրումը կմնան հայոց պատմության  փառահեղ էջերից, ամեն ինչ առջևում է»։

Էդուարդ Պապիկյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից է։ 10 ամսվա ծառայող է։ Զորացրվելուց հետո մտադիր է բուհ ընդունվել, տնտեսագետ է դառնալու։ Ասում է՝  բոլորը պիտի շարժվեն  ուժեղ հայրենիքի կառուցելու գաղափարախոսությամբ։ Բանակային առօրյային հարմարվել է, հակառակորդի՝ շատ մոտ հեռավորության վրա գտնվելու ու վախենալու մասին հարցին ընդամենը ժպիտով է պատասխանում․

«Չկոտրվող  ազգ ենք, միշտ եղել ենք ու կլինենք, միշտ դուխով լինենք, սաղ կորցրածն էլ հետ ենք բերելու, պարտադիր»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը զինծառայողների հետ զրույցում կարևորում է նաև միասնականության գաղափարը։ «Երբ միասին ենք եղել՝ հաղթել ենք։ Տղերք, սա է մեզ պետք այսօր։ Հաղթանակները գնահատել, նրա հերոսներին հիշել ու օրինակներով ոգեշնչվել միշտ է պետք»,- Սյունիքի մարզպետի հորդորն է առաջնագծում կանգնած զինվորներին։

Back to top button