ԿարևորՎերլուծական

Մայիսի 9-ի զորահանդեսը՝  առանց պատերազմը սկսելու կամ ավարտելու մասին  հայտարարությունների

Մոսկվայի Կարմիր հրապարակում  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի շքերթին աշխարհացունց հայտարարություններ չհնչեցին, չնայած նման ակնկալիք միջազգային հանրությունն ուներ։ Փոխարենը  չհայտարարված բարձրաստիճան այցեր եղան Ուկրաինա Արևմուտքի  երկրներից, իսկ G-7-ի երկրների համատեղ հայտարարությամբ ամրագրվեց ՝ Ուկրաինան ևս 24 մլրդ դոլար կստանա, իսկ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կխստացվեն։ Մանրամասները ռեպորտաժում։

Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, քաղաքական ու փորձագիտական շրջանակները  ռուս-ուկրաինական հակամարտության շրջադարձ էին ակնկալում։  Ընդ որում ՝ կանխատեսումները տրամագծորեն տարբեր շրջադարձերի մասին էին՝ պատերազմ հայտարարելու կամ պատերազմն ավարտելու մասին։ Կրեմլը, սակայն,  հերքեց արևմտյան լրատվամիջոցների կողմից շրջանառվող  կանխատեսումը, թե Մոսկվան մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ կհայտարարի և համընդհանուր զորակոչի հրամանագիր կարձակի:

Մայիսիննյան զորահանդեսի ժամանակ պատերազմի մասին հայտարարություն չհնչեց։ ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելը  ճիշտ որոշում էր՝ ինքնիշխան, ուժեղ, անկախ երկրի որոշում։

«Մենք տեսանք, թե ինչպես է զարգանում ռազմական ենթակառուցվածքը, ինչպես սկսեցին աշխատել հարյուրավոր օտարերկրյա խորհրդականներ, ՆԱՏՕ-ի երկրներից ամենաժամանակակից սպառազինությունների կանոնավոր մատակարարումներ էին լինում: Վտանգը օրեցօր մեծանում էր: Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային: Դա հարկադրված էր: Ժամանակին և միակ ճիշտ որոշում՝ ինքնիշխան, ուժեղ, անկախ երկրի որոշում»։

Մինչ Կարմիր հրապարակում շքերթ էր, Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարում էր,  թե շուտով Ուկրաինան   հաղթանակի 2 օր է ունենալու։ Ձայնագրված ուղերձում  Զելենսկին ընդգծել է, որ սա ոչ թե երկու բանակների, այլ երկու աշխարհայացքների պատերազմ է։ Նացիզմի դեմ հաղթանակի օրը մենք պայքարում ենք նոր հաղթանակի համար՝ ասել է Ուկրաինայի նախագահը։

Սա Մոսկվային ուղղված միակ սպառնալիքը չէր։ Հաղթանակի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը վերահաստատել է Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը և կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, դուրս բերել զորքերը և սկսել խաղաղ բանակցություններ։

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հեռավար քննարկել են նաև  մեծ յոթնյակի առաջնորդները։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը և վերահաստատել, որ սատարում են Ուկրաինայի  տարածքային ամբողջականությանը։

Վստահեցրել են, որ  վճռական են Ուկրաինայի դեմ պատերազմում նախագահ Պուտինի հաղթանակը թույլ չտալու հարցում։ Յոթ երկրների առաջնորդների ամփոփիչ հռչակագրում նշվում է, որ  շարունակելու են պատժիչ միջոցառումները Ռուսաստանի դեմ և ֆինանսական աջակցությունը Ուկրաինային։ Ծրագրվում է ևս  24 միլիարդ դոլար հատկացնել Կիևին։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը չթուլացող հակամարտությունը մտահոգիչ է համարում։

«Մտահոգիչ է, որ բավականին երկար ժամանակ իրավիճակը չի հանգուցալուծվում։ Տպավորություն է, որ կողմերը խաղադրույքները գնալով ավելի են մեծացնում։ Կարծում եմ, որ դեռ տևական ժամանակ մենք ականատես ենք լինելու քաղաքական խաղադրույքի բարձրացման։ Միևնույն ժամանակ, չպետք է սպասենք, որ այս հակամարտությունը մի օրում պիտի ավարտվի։ Սա հիբրիդային տարրերով լցված պատերազմ է»,- ասում է փորձագետը։

Լարվածությանը զուգահեռ  լարվող հռետորաբանության առանցքում Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու կամ հաղթանակի մասին հայտարարություններն են։ Պետք է հասկանալ, թե ինչն է որպես հաղթանակ ընկալվում՝ կողմերի և, հատկապես, Մոսկվայի համար՝ ասում է Մարգարյանը։

«Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է լինել հիբրիդային տարբերակով։ Ամենևին պարտադիր չէ, որ միջուկային զենք օգտագործվի, որ սկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը։ Կարելի է վարել տեղեկատվական կամ տնտեսական բնույթի պատերազմ։ Այդ բաղադրիչներին մենք այսօր ականատես ենք, պարզապես այն չունի այն տեսքը, որ տեսել ենք առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ։  Որևէ կողմ այս պատերազմից շահած դուրս չի գալու՝ ոչ հավաքական Արևմուտքը, ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը, ոչ էլ մեր տարածաշրջանը»։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով բարդ ու վտանգավոր իրավիճակում է հայտնվել նաև Հայաստանը՝ ասում է Արմինե Մարգարյանը ու նկատում՝ զգուշավորությունը կարող է ոչ միայն տեղին, այլև օգտակար լինել։

«Բավական դժվար կացության մեջ ենք հայտնվել, դրա համար միակ գործուն քաղաքականությունը, որ կարող ենք վարել, ավելորդ ակտիվություն չցուցաբերելն է։ Չփորձենք որևէ կերպ հակադրել մի ուժային կենտրոնի հետ մեր հարաբերությունները մեկ այլ ուժային կենտրոնի հետ հարաբերություններին»։

Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը Հայաստանի ամենաճիշտ դիրքավորումն է՝ կարծում է փորձագետը։

Back to top button