ԿարևորՀասարակություն

Մեքենաները թանկացել են, ընտրությունը՝ փոքրացել․ համաշխարհային դեֆիցիտը հասավ  Հայաստան

Համավարակով պայմանավորված՝ վերջին երկու տարում ավտոմեքենաների համաշխարհային շուկայում գրանցված դեֆիցիտն ամենաուղիղ ձևով ազդել է նաև Հայաստան ներկրվող մեքենաների թվաքանակի վրա։ Հաշվի առնելով նաև 2020 թվականի հունվարի մեկից հետո մաքսատուրքի բարձրացումը, ռուս–ուկրաինական հակամարտությամբ վերջին երկու ամսվա իրադարձությունները, զարմանալի չէ, թե ինչու է Հայաստան ներկրվող մեքնենաների թիվը կտրուկ նվազել, իսկ ավտոսրահներում դատարկություն է։ Այս դեֆիցիտի ֆոնին բավականին աճել է երկրորդային շուկայի պահանջարկը, երկրում մեքենաները 20-40 տոկոսով թանկացել են, ընտրությունը՝ փոքրացել։

Եթե ընդամենը մի քանի ամիս առաջ կարող էիք մտնել ավտոսրահ, ընտրել ու գնել ձեր նախըտրած մեքենան, ապա այժմ նման հնարավորություն գրեթե չունեք։ Եթե ուզում եք նոր մեքենա գնել, պետք է որոշակի կանխավճար  կատարեք և սպասեք։ Ձեր գնած մեքենան լավագույն դեպքում կհասնի մի քանի ամսից։ Սա նոր խնդիր է՝  պայմանավորված հիմնականում վերջին իրադարձություններով՝ «Ռադիոլուրին» հայտնեց Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը․

«Մեքենաների հոսքը ՀՀ դադարեց շատ պարզ և լոգիստիկ պատճառներով։ Եվ, բնականաբար, ռուսաստանյան գործարանները, որոնք զգալի քանակով մեքենաներ էին մատակարարում հայաստանյան շուկա, կանգնել են, արտադրություն չունեն։ Բնականաբար, եթե ներմուծում չկա, վաճառքի ապրանք էլ չկա։ Դրա համար, եթե սրահներով անցնեք, կտեսնեք, որ սրահները համեմատաբար դատարկ են։ Մարտից սկսած՝ այս խնդիրը նկատելի է, և կարծում եմ՝ առնվազն մի քանի ամիս կտևի, եթե ոչ՝ մինչև տարեվերջ»։

Այս դեֆիցիտի ֆոնին զգալիորեն աճել է պահանջարկը երկրորդային շուկայում․ ուստի շղթայաբար մեքենաները թանկացել են, ընտրությունը՝ փոքրացել։ Օգտագործված մեքենաները թանկացել են թե ԱՄՆ-ում, որտեղից հիմնականում ներկրում են ՀՀ, թե արդեն հայաստանյան շուկայում։ Արտյոմ Պետրոսյանն ասում է՝ ԱՄՆ շուկայում համեմատաբար թարմ մեքենաները թանկացել են 20 տոկոսով, մոտ 10 տարվա հնության մեքենաները՝ ընդհուպ մինչեւ 40 տոկոսով։ Գների այս աճը, բնականաբար, նաև մեր շուկան է զգում, ավելին, հատկապես, որ դրան ավելանում է  2020 թվականից սկսած մեքենայի ներմուծման մաքսատուրքի բարձրացումը։ Այս պարագայում համեմատաբար ավելի ձեռնտու է դարձել մեքենա գնել տեղական երկրորդային շուկայից։ Միայն թե այստեղ էլ ընտրությունն է բավականին սուղ՝ ասում է Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի ղեկավարը․

«Այսինքն՝ լավ մեքենաները շատ արագ սպառվում են, և շուկայում մնում են հիմնականում տեխնիկական  ոչ սարքին, խնդիր ունեցող, հին մեքենաներ» ։

Ուսումնասիրելով մաքսային ծառայության տվյալները՝ նկատում ենք, որ մինչև 2019 թվականը Հայաստան ավտոմեքենաների ներմուծումն աստիճանաբար աճել է, ռեկորդային ամենաբարձր ցուցանիշը 2019 թվականին է գրանցվել՝ 2018-ից եռակի ավելի։ Սա, իհարկե, հիմնականում պահանջարկի մեծացմամբ էր պայմանավորված, քանի որ քաղաքացիները փորձում էին մինչև տարեվերջ տեղ հասցնել ու  մաքսազերծել իրենց մեքենաները մինչև մաքսատուրքի բարձրանալը։ ՊԵԿ–ի հաջորդ տարիների տվյալներն արդեն վկայում են ներկրման նվազման մասին։ 2020-ին ներմուծվել է 27 400 մեքենա՝ 2019-ից շուրջ 8 անգամ պակաս՝ «Ռադիոլուրին» ասում է տնտեսագետ Մերի Բոյաջյանը․

«2020 թվականի կտրուկ անկումը հիմնականում պայմանավորված էր  համավարակի բացասական հետևանքներով, մասնավորապես, սահմանների փակմամբ, ինչի պատճառով ներմուծողները ստիպված են եղել գործել ներքին շուկայում։ Ինչ վերաբերում է 2021 թվականին, ապա նախորդ տարվա համեմատ Հայաստան մարդատար մեքնենաների ներմուծման ծավալը եռակի անկում է ապրել՝ կազմելով 8200»  ։  

Մեքենաների թանկացման կողքին դրանց մաքսային արժեքները եւս բարձրացել են՝ 2021-ին 40 տոկոսով ավելանալով ու հասնելով 110 մլն դոլարի։  Հայաստան ավտոմեքենա ներմուծում են հիմնականում Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չինաստանից։ 2021-ին Հայաստանից արտահանվել է 339 մարդատար մեքենա՝ նախորդ տարվանից ընդհուպ մինչեւ 20 անգամ պակաս։ Զուգահեռ՝ Հայաստանում վերջին տարիներին ավելացել են էլեկտրամեքենաները՝ հաշվի առնելով, որ այս տարի 7000, եկող տարի 8000 մեքենա կարող է երկիր բերվել առանց մաքսատուրքի, ուստի կանխատեսվում է, որ էլեկտրամեքենաների ներկրումը կավելանա։

Back to top button