ԿարևորՀասարակություն

Արմավիրում երթուղիները շահագործվում են հին փոխադրամիջոցներով

Արմավիրի մարզի մի շարք  համայնքներում դեռ լուծված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների խնդիրը։ Կան համայնքներ, որտեղ կամ տրանսպորտ չկա, կամ  եղածն անկանոն է գործում։ Այս համայնքներում մրցույթներ՝ երթուղիները շահագործելու համար, անցկացվել են տարիներ առաջ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կազմակերպել է նոր մրցույթներ՝ նոր պահանջներով։ Վաղարշապատի միասնական երթուղին, մրցույթի արդյունքում, շահագործում է Էջմիածնի ավտոձեռնարկությունը։ Արմավիրի միասնական երթուղու մրցույթի արդյունքները վիճարկվում են վարչական դատարանում:

Արմավիրի տարածաշրջանում ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտով   ուղևորափոխադրումներն իրականացվում են 16 ուղղությամբ: Երթուղիները սպասարկում են տարիներ առաջ մրցույթում  հաղթած 5 կազմակերպություններ, որոնց տրանսպորտային միջոցները հին են և հաճախ են խափանվում:

Դրանք 2020թվից անկանոն ուղևորափոխանդրումներ են իրականացնում Արամվիրի բնակավայրերում.

Արմավիրի ավտոկայանի ենթակարգավար Գարիկ Ավետիսյան. «Շաբաթ օրերն աշխատում են, բայց կիրակի օրը ոչ մի ուղեգիծ չի սպասարկվում: Ուղևոր չկա, վնասով են աշխատում»։

Տրանսպորտային երթուղիների ժամանակացույցը շաբաթվա մյուս օրերին էլ է խափանվում։  Վարորդները պատճառաբանում են՝ երթուղիների շահագործումը շահավետ չէ. «Ես  Մարգարայից կամ Արգավանդից,  երբ  գալիս եմ, ամեն ժամի անց 30 այստեղ կանգնում եմ, որպեսզի մեկնեմ: 10 րոպե սպասել եմ, մարդ չի եղել, թողել, գնացել եմ: Ավտոբուսում 3 ուղևոր է եղել, իրենց համար ես ուղեգիծ դուրս չեմ գա»:

«Եթե մի ուղևոր է լինում, վարորդին ձեռնտու չէ, որ 30 կմ ճանապարհ անցնի: Վերջիվերջո ավտոբուս է»:

«Ավտոբուսը դուրս է գալիս երթուղի և չի կարողանում վառելիքի՝ գազի ծախսը հանի: Մենք հիմա վնասով ենք աշխատում: Շաբաթվա ընթացքում բոլոր ուղեգծերում միայն մեկ ավտոբուս կամ «Գազել» մակնիշի միկրոավտոբուս է աշխատում, երկրորդը չկա»:

Մարզի Բաղրամյանի տարածքի գյուղերի մեծ մասը զրկված է հասարկական տրանսպորտից: Հարցը շարունակ բարձրացվել է, բայց լուծում չի ստացել: Ուղևորափոխադրողները հրաժարվում են սպասարկել հատկապես սահմանամերձ Բագարան և Երվանադաշատ բնակավայրեր հասնող երթուղին։ Մեկնաբանում են՝ ուղևորահոսքը քիչ է: Խնդիրն ինչպես է կարգավորվելու՝ «Ռադիոլուր»-ը հարցն ուղղել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ Արմավիրում ասուլիսի ժամանակ.

«Մարզերում կան երթուղիներ, որոնք ընկերությունների համար եկամտաբեր են, շահավետ, և երթուղիներ, որոնք ձեռնտու չէ սպասարկել: Դրանք հիմնականում հեռավոր, քիչ բնակչություն ունեցող գյուղերն են, որտեղ շահավետության գործոն կա: Մենք շահավետ ու ոչ շահավետ բոլոր ուղեգծերը միավորել ենք մեկ փաթեթում, որպեսզի շահող ընկերությունը, եթե որոշ երթուղիներից վնաս կրի, մյուսներից էլ գոնե բավական եկամուտ ստանա, որ կարողանա բոլոր երթուղիները սպասարկել»:

Արմավիրի մարզում ուղևորափոխադրման նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  անցած տարի 3 մրցույթ էր հայտարարել, երեքն էլ՝ անարդյունք։ Ապրիլի 16-ի մրցույթում ներառված էին մարզի բոլոր բնակավայրերը, նաև Բաղրամյանի շրջանը, և շահագործվելու էին երթուղիներ՝ 27 ուղղություններով։ Հունիսի 30-ի ու նոյեմբերի 9-ի մրցույթները կազմակերպվել էին միայն Արմավիրի և Վաղարշապատի տարածաշրջանների միասնական երթուղիների սպասարկման համար:

ՏԿԵ նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Այվազյանը պարզաբանում է. «Այդ մրցույթներն էլ չեն կայացել, քանի որ բանկային երաշխիք ներկայացնելու խնդիր էր առաջացել: Ոչ մի ընկերություն բանկային երաշխիք չէր ներկայացրել, ներկայացրել էին  այլ ընկերության երաշխիք, և այդ պատճառով մրցույթը չէր կայացել»:

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրում իրականացնող կազմակերպությունների նոյեմբերի 9-ի մրցույթում հաղթեց միայն «Էջմիածնի ԲՈՒԱՏ (բեռնաուղևորաավտոտրանսպորտային ընկերություն)» ՍՊԸ–ն, որը կազմակերպում է Վաղարշապատի շրջանի միասնական երթուղիների շահագուծումը 15 ուղղությամբ, իսկ Արմավիրի շրջանում հաղթողներ չեղան: Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղու մրցույթին հայտ էին ներկայացրել  «Գալակտիկա տրանս սերվիս» և  «Ընկերներ տրանս» կազմակերպութունները: Մրցութային հանձնաժողովն արձանագրել էր, որ 2 ընկերնութուններն էլ չեն ապահովել մրցույթի պահանջները, և հաղթող չի եղել: «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն բողոքրակել է մրցույթի արդյունքները և դիմել վարչական դատարան:

Ռուզաննա Այվազյանը նշում է, որ «Գալակտիկա տրանս սերվիս»-ի փաստաթղթերում թերություններ են եղել վճարի կատարման պահանջով. «Հայտ-պարտավորագրով նախատեսվող տրանսպորտային միջոցների 1.5 տոկոս գումարի վճարման պահանջն էր: Ընկերությունը ներկայացրել էր, բայց պահանջն էր խախտվել: Սահմանված կարգով գումարը պետք է վճարի կազմակերպությունը»:

Մինչդեռ Արմավիր-Երևան երթուղին շահագործող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը համոզված է, որ մրցույթում իր ղեկավարած ընկերութունն է  հաղթել, նշում է՝ որ փոխանցումն արել է  ընկերության հիմնադիրը.

«Կառավարության 1994 որոշման 22.1 կետի պահանջները ճիշտ եմ վճարել, նշված է՝ հաշվեհամարին փոխանցել գումարի 1.5 տոկոսը: Իրենք պատճառաբանեցին, որ ես սխալ եմ վճարել: Կազմակերպության մասին խոսք չի եղել: Դա հետո են փոխել, երբ 2 օրվա ընթացքում նոր  մրցույթ հայտարարեցին։ Այդ ժամանակ արդեն հայտում նշեցին, որ գումարը կազմակերպությունն է փոխանցելու»:

Շուշանիկ Խաչատրյանը մրցույթի արդյունքները հիմա վիճարկում է վարչական դատարանում: Նրա դիտակմամբ՝ թերութունն աննշան է և էական ազդեցություն չի կարող ունենալ մրցույթի արդյունքի վրա.

«Նոյեմբերի 2-ին ես գործերը հանձնել եմ, 5-ին՝ նախնական բացել ու ստուգել են փաթեթները: Եթե թերություն կար, թող  բարի լինեին ու ինձ ասեին, բայց դա թերութուն չէ, օրենքի սահմանված  կարգով գումարը վճարված է»:

Նախարարությունը, մրցութային հանձնաժողովի արձանագրության հիմքով, հունվարի 14-ին ևս մեկ մրցույթ էր հայտարարել, բայց այն, ավելի ուշ՝  հունվարի 17-ին, նախարարի հրամանով կասեցվել է: Հիմք է հանդիսացել վարչական դատարանի գրությունը:  

Մրցույթին ներկայացվող ավտոբուսների 10 տոկոսը պետք է հարմարեցված լինի հաշմանդամներին: «Գալակտիկա տրանս սերվիս»-ը մրցույթին ներկայացրել էր հենց այդպիսի փոխադրամիջոցներ.

«Նոր ավտոբուսներ են՝ «Եվրո 5» դասի, 7×6 և 8×8 մետրանոց: Ամբողջությամբ հարմարեցված են խուլ ու համրերի և հենաշարժական խնդիրների պատճառով սայլակներով շարժվող անձանց համար: Իմ ներկայացրած փաթեթում  նույնիսկ նվազագույն սխալ չի եղել»:

Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների շահագործման նպատակով մինչև դատարանի վճիռը նոր մրցույթ չի անցկացվի: Նախարարությունը մրցույթ չի կազմակերպել Բաղրամյանի շրջանի միասնական երթուղիների համար: Անշահութաբեր երթուղու բնակիչները շարունակելու են ավելին ծախսել՝ մարզկենտրոն կամ համայնքային կենտրոն հասնելու համար:

Back to top button