ԿարևորՄշակույթ

Հունաստանում ձյան առատ տեղումների պատճառով ոչ աշխատանքային օր է հայտարարվել

Հունաստանի իշխանությունները հունվարի 25-ը ոչ աշխատանքային օր են հայտարարել երկիրը կաթվածահար արած ձյան առատ տեղումների պատճառով։ Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Ստիլիանիդիսը։

Նրա խոսքով, բոլոր պետական ​​հիմնարկների աշխատակիցները չեն աշխատի, փակ կլինեն նաև բոլոր ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները, մանկական կենտրոնները, չեն լինի նույնիսկ հեռավար պարապմունքներ։

Մասնավոր ձեռնարկությունների աշխատանքը կասեցված է. աշխատելու են միայն մթերային խանութները, դեղատները և առողջապահական այլ կառույցներ, գազալցակայանները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնք օգնում են հաղթահարել վատ եղանակի հետևանքները։

Երկուշաբթի օրը Հունաստան է մուտք գործել «Էլպիս» ցիկլոնը, որն իր հետ բերել է առատ ձյան տեղումներ և ջերմաստիճանի ուժեղ անկում։ Վնասված հաղորդալարերի  պատճառով Աթենքի մոտ մեկ տասնյակ թաղամասեր և արվարձանները մնացել են առանց էլեկտրականության և ինտերնետի։ Տասնյակ տեխնիկներ են ուղարկվել վթարները վերացնելու համար, սակայն մինչ այժմ շատ տներ մնում են առանց էլեկտրականության, ինտերնետի և անհատական ​​ջեռուցման։

«Attiki odos» արագընթաց վճարովի մայրուղու վրա, որն անցնում է մայրաքաղաքի հյուսիսով և տանում է Աթենքի միջազգային օդանավակայան, հարյուրավոր մեքենաներ արգելափակվել են ձյան մեջ։ Իշխանությունները ներգրավել են հրշեջներին և բանակին, որպեսզի տարհանեն վարորդներին, ովքեր մի քանի ժամ իրենց մեքենաներում են՝ առանց սննդի և ջերմության։

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ վատ եղանակը պետք է տևի մինչև չորեքշաբթի։

Back to top button